Նոր նշաձող. ինքնորոշման իրավունքի վերջնական իրացում

Վահրամ Թոքմաջյան

Պատերազմները դիվանագիտության պարտությունն են։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ ապացուցված դարերով։ Պատերազմների արդյունքներն են նաև ամրագրում դիվանագետները։

Սույն փոքրիկ ակնարկով չեմ ցանկանում խլել տաքսիստների հացը և ներթափանցել դիվանագիտության պատմության խորխորատները։ Ընդամենը փորձենք արձանագրել այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո։

Հայ հասարակությունը հանկարծ բացահայտեց, որ գոյություն ունի «Լավրովի պլան», և այն, այսպես ասած՝ մեզ այդքան էլ ձեռնտու չէ։ Մյուս կողմից՝ կարծես նորույթ էր բանակցային այն ֆորմատը, որը եղել էր հրապարակում 20 տարի։ Նորույթ չէր։

1997 թ.-ից ցայսօր այն, ինչ առաջարկել են մեզ միջնորդ երկրները, եղել է մեկ աստիճան ավելի բացասական մեզ համար։

Սա հայտնի էր վաղուց։ Պարզապես ինչ-որ փուլում կային ասողներ, բայց չկային լսողներ։ Կամ տարվելով առօրյա խնդիրներով՝ «մոռացել» էինք մարդկանց ներկայացնել Արցախի խնդրի բանակցային նրբությունները և բուն էությունը, որն այդքան կարևոր է։

Բայց մենք սիրում ենք դրսի խոսքը։ Մեզ համար ստեղծում ենք «ֆիրմա» հեղինակություններ ու հակված ենք բացառապես նրանց հավատալու։ Եթե Լավրովն ասաց, ուրեմն ճիշտ է՝ տարածքների վերադարձի պատրաստակամություն կամ առնվազն բանակցություն եղել է։

Պահը պատեհ չէ, և ոչ էլ իմաստ ունի մտնելու «հող տվող-չտվող» որևէ տեղ չտանող և միևնույն ժամանակ հանրության լայն շերտերի ծափերը քամող կամ պարսավանքի արժանացնող խոսակցության մեջ։

Բանակցություններից Արցախի դուրս մնալուց հետո (1998 թ.) երբ, ըստ էության, փոխվել են բանակցությունների ձևաչափը, որակը և պայմանները, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կոալիցիա են կազմել Քոչարյանի կամ Սարգսյանի հետ, եղել են տեղեկացված և հավասարաչափ պատասխանատու են։

Բացարձակ «ճշտի» ու «սխալի» մեկնաբանություն չկա։ Պարզապես արձանագրում է՝ այդ ուժերի մեկնարկած ճամարտակումը փաստելով։

Գալով բուն ուղերձին։ Իշխանությունը սկսեց շատ ավելի պարզ խոսել հասարակության հետ։ Հասարակությունը, այո՛, համախմբված է քան երբևէ։ Սակայն պատերազմների ժամանակ, հաղթանակի էյֆորիայի, միայն դրական առումով պաթոսի կողքին պակաս տեղ չունի սթափ և բանական միտքը։

Արայիկ Հարությունյանի խոսքը, իսկ այնուհետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հստակություն մտցրեցին։ Ըստ էության, Փաշինյանն ասում էր, որ ժառանգել ենք վերոնշյալ վիճակը, որի հետ համաձայն չենք։ Մաքառում ենք և շատ ծանր։ 

Կարիք ունենք բեկում մտցնելու բանակցային գործընթացում։ Ասել կուզի՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» հասկացությանը գալիս է փոխարինելու «տարածքներ հստակ կարգավիճակի դիմաց» (ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունք) թեզը։

Այստեղ իմ մեկնաբանությունը կարող է լինել սուբյեկտիվ, ուստի չեմ պնդի. տպավորություն է, որ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է փոխել նաև թեզերի դասավորությունը՝ կարգավիճակի հստակեցում, ճանաչում և հետո նոր տարածքային խնդիրներ։ Սա իհարկե չափազանց բարձր նշաձող է, սակայն ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի գոյության գրավականը։ 

Բանակցային նոր ձևաչափի ու բովանդակության մեկնակետը՝ մեր պայմաններով, վճռվելու է միայն մարտի դաշտում։ Իսկ այդ վճռականի հիմնական գրավականը միասնականության մեջ է։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am