Շաբաթվա ընթացքում Արմավիրի և Արարատի մարզերում բուսականությունը գտնվել է սթրեսային վիճակում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է.

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ ՀՈՒՆԻՍԻ 21-27

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի միջշարքային, Արտաշատում՝ ձմերուկի դաշտի փխրեցում, Արարատում՝ խաղողի այգիներում մշակում թունաքիմիկատով, Ուրցաձորում՝ ծխախոտի դաշտում քաղհան, շարունակվել է կորիզավորների հասունացումը և բերքահավաքը։

Առանձին հովտային շրջաններում բազմամյա միջին արժեքներից 10 օր շուտ աշնանացան ցորենը լրիվ հասունացել է, լեռնային շրջաններում՝ ծաղկել, նախալեռնային շրջաններում գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում առաջին հունձից հետո դիտվել է առվույտի աճ, Ուրցաձորում առաջացել է ծխախոտի հինգերորդ տերևը, կատարվել է ոռոգում։

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում պահպանվել է չոր և բարձր ջերմային ֆոնը, հատկապես Արմավիրի և Արարատի մարզերում բուսականությունը գտնվել է սթրեսային վիճակում, բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն։