«Ընթերցողները հիմնականում մոտիվացիոն գրականություն են ցանկանում գնել. ինչ անել, ինչպես անել, որ կյանքում հաջողություն ունենան»․ գրականագետ

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, գրատներում ու գրախանութներում եռուզեռ է։ Ընթերցողները գնում են ամենատարբեր գրքեր՝ մոտիվացնող գրքերից մինչև մասնագիտական գրականություն։

Գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի համահիմնադիր Հասմիկ Հակոբյանի դիտարկմամբ՝ գրատներում բավական ակտիվություն է նկատվում։ Գրատոնը մեծ շարժ է առաջացրել գրախանութներում։

«Գրատների բոլոր տնօրենները շատ ուրախ են էս տոնի առթիվ, նույնիսկ մեկը կատակով գրել էր, որ մի երկու տարի էլ էսպես գնա, գրատոնը Նոր տարվան ճնշելու է, և մենք մեր ուզածին հասնելու ենք, որ մշակութային առևտուրը շուտով Հայաստանում ավելին է լինելու»,- ասում է Հակոբյանը։

Գրականագետը նշում է, որ ընթերցողները հիմնականում մոտիվացիոն գրականություն են ցանկանում գնել, այնպիսի գրքեր, որ կարող են իրենց ինչ-որ բան սովորեցնել, խորհուրդներ տալ կյանքի տարբեր իրավիճակների համար:

«Այսինքն՝ քայլ առ քայլ գրականություն, որը խորհուրդ կտա ինչ անել, ինչպես վարվել կյանքում հաջողություն ունենալու համար, երբեմն խոհափիլիսոփայական գրականություն են ուզում, առակատիպ, իրենց հետ երկխոսող, էդ առումով շատ սիրում են Հերման Հեսսեի գրքերը։

Նաև շատ սիրում են արտասահմանյան գրականություն, Սարոյան են շատ գնում, գեղարվեստական գրականություն, որը վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով տպագրվում է՝ «Անտարեսի», «Նյումեգի», «Դարանի» կողմից»,- ասում է գրականագետը։

Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ ժամանակակից հեղինակներից Աննա Դավթյանի գրքերի նկատմամբ է մեծ հետաքրքրություն առաջացել, ինչպես նաև Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ն է պահանջված։

Գրականագետն ընդգծում է, որ ընթերցողներն ավելի շատ արձակ են նախընտրում, պոեզիա գրեթե չեն գնել․

«Նախընտրում են դետեկտիվ սյուժեներով, արագ կարդացվող, տպավորիչ սյուժեներով գրականություն։ Մեր հասարակությունը հակված է սյուժեով գրականություն ունենալու։ Կենսագրական գրքերի հանդեպ ևս մեծ հետաքրքրություն կա»,- ասում է Հակոբյանը։

Գրականագետը իր կողմից գնորդներին խորհուրդ է տվել գնել և ընթերցել Օլգա Տոկարչուկի, Ամոս Օզի գրքերը և Ալեսսանդրո Բարիկկոյի «Մետաքս» գիրքը։

Հասմիկ Հակոբյանը Հայաստանում ընթերցողների քանակական ակտիվություն է նկատում։

Գրականագետի դիտարկմամբ՝ Արցախյան պատերազմից անմիջապես հետո մարդիկ սկսել էին մտածել ավելի շատ մասնագիտական գրքեր կարդալ և նոր գիտելիքների ձեռք բերել, սակայն այժմ այդ միտումը մի փոքր նահանջել է․

«Պատերազմից անմիջապես հետո հակվածություն ունեին նոր գիտելիքներ ձեռք բերելու, նրանց կարող էր սկսել մարքեթինգի գրքեր հետաքրքրել, մասնագիտական գրքերի հակվածություն կար, բայց ինչ-որ պահից խախտվեց, որովհետև մարդիկ չգիտեն՝ հիմա մեր երկիրն ո՞ւր է գնում, ի՞նչ քաղաքականություն է ուզում որդեգրել, մենք խաղաղությա՞ն ենք ձգտում, թե՞ պատերազմի:

Քանի չունի այս հարցերի պատասխանը, ընթերցողը, որ այս երկրում ապրում է, ինքն էլ չգիտի՝ ինչի՛ն նախապատրաստվի, հանգիստ կյանքո՞վ ապրի, ինչ-որ էքզիստենցիալ ապրումների մեջ ընկած գի՞րք կարդա, թե՞ մասնագիտական գրքեր կարդա, որոշակի պահից հետո այս ցնցումը առաջացել է մեր հասարակության մեջ»,- նշում է գրականագետը և հավելում, որ, այդուհանդերձ, գիտական, մասնագիտական գրականության զարգացումը պետք է կարևորվի, հատկապես՝ վերջին իրադարձություններից հետո:

«Մենք ամեն դեպքում պիտի գնանք նրան, որ գիտություն զարգացնենք, դիվանագիտություն, գրքեր, մասնագիտական գրքեր, անկախ նրանից՝ ուր ենք գնում, նման գրքերի և նման ինտելեկտուալ մարդկանց, ընթերցողների ներկայությունը խիստ կարևոր է»,- նշում է Հակոբյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am