«Երբ տղամարդը ծեծում է կնոջը, դա շատ հաճելի է նայել շատ շատերի համար, որովհետև նրանք դրանով իրենց զգում են ավելի տղամարդ». Տիգրան Խզմալյան

«Երբ տղամարդը ծեծում է կնոջը, դա շատ հաճելի է նայել շատ շատերի համար, որովհետև նրանք դրանով իրենց զգում են ավելի տղամարդ». Տիգրան Խզմալյան
«Երբ տղամարդը ծեծում է կնոջը, դա շատ հաճելի է նայել շատ շատերի համար, որովհետև նրանք դրանով իրենց զգում են ավելի տղամարդ». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

-Պարոն Խզմալյան, կնոջ նկատմամբ հերթական բռնության դեպքն արձանագրվեց, իսկ հասարակությունն անտարբեր է նման հանցագործությունների նկատմամբ: Ի՞նչ է տեղի ունենում մեր հասարակությունում, ինչի՞ հետևանք է այս անտարբերությունը:

-Նախ, ես կարծում եմ, որ դա անտարբերություն չէ: Ինչ ուզում եք ասեք, բայց ոչ անտարբերություն: Դա կարելի է բնութագրել այլ կերպ: Մարդիկ շատ հետաքրքրված են, դա շատ մեծ հետաքրքրասիրություն է առաջացնում: Եթե նման բան է կատարվում, հարևանները ոչ թե փակում են դռները, այլ ընդհակառակը, նրանք շարվում են պատի տակ, երբեմն բանկաներ են դնում, որ լավ լսեն կամ բարձրանում են աթոռների վրա, որ տեսնեն այդ ամենը: Այսինքն՝ դա անտարբերություն չէ, ուղիղ ներգրավվածություն է:

Այստեղ մենք ուրիշ բանի հետ գործ ունենք: Մի կողմից մեր հանրությունը, տվյալ դեպքում ես գիտակցաբար խուսափում եմ հասարակություն բառից, որովհետև հասարակությունը դա կառույց է, համակարգ է, իսկ սա ավելի շատ վայրի ցեղին հարիր պահվածք է, հանրությունը համարում է, որ ոչ մի արտառոց բան դրանում չկա: Կարծում են, որ դա հետաքրքիր է, կարելի է նայել, միայն երեխաները թող չտեսնեն, չնայած ոչինչ, թող նայեն ու տեսնեն, թե ինչպիսին է կյանքը, և ինչպես պետք է վարվի իսկական տղամարդը:

Ահա ձեզ առաջին պատասխանը, մենք ապրում ենք տխրահռչակ տղամարդկանց աշխարհում: Դա այն աշխարհն է, որը բերել է մեր մոլորակը և մարդկությունն այս խայտառակ իրավիճակի՝ պատերազմների, վախի ու բռնության գիրկը: Միշտ չէ, որ դա այդպես էր, մայրիշխանության տապալումից հետո տղամարդիկ մոտավորապես 8-10 հազար տարի առաջ իրականացրեցին մարդկային պատմության մեջ ամենահին ու ամենասարսափելի դավադրությունը, դա դավադրություն էր կնոջ դեմ: Եվ հիմա այդ դավադրության հետ մենք գործ ունենք: Այսինքն՝ երբ տղամարդը ծեծում է կնոջը, դա շատ հաճելի է նայել շատ շատերի համար, տղամարդկանց համար, որովհետև նրանք դրանով իրենց զգում են ավելի տղամարդ, որքան էլ դա անհեթեթ է, որովհետև իրական տղամարդու իրական առաքելությունն այս կյանքում կնոջը պաշտպանելն է, որովհետև կինը դա կյանք է: Բավական մեծ թվով կանայք կան, հատկապես հասուն հասակի, և նրանց մեջ ամենասարսափելի հատվածը հայ ազգի սկեսուրներն են: Եթե ամբողջ աշխարհում զոքանչներն  են համարվում անեծք, մեր ազգի անեծքը սկեսուրներն են, որոնք իրենք դժբախտ են եղել և անպայման ուզում են նման կյանք ապահովել նաև սեփական հարսների համար: Հաջորդ պատճառն այն է, որ հասարակությունը վախեցած է:

Հասարակության մեջ բռնությունը մոտավորապես վերջին երկու տասնակմյակների ընթացքում դարձել է ամենասովորական և նորմալ համարվող երևույթ: Բռնությունն ամենաբարձրից է եկել՝ սկսած 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ մարդկության պատմության մեջ աննախադեպ բան տեղի ունեցավ,  մի ամբողջ կառավարություն գնդակահարվեց: Եվ ոչ մի իրական հանցագործ չպատժվեց, մենք բոլորս հասկանում ենք, որ կատարողները կացնի դեր էին կատարում, իսկ կացնահարողը բոլորովին ուրիշ մարդ էր կամ կազմակերպություն: Եթե ամենաբարձր մակարդակում նման ջարդն ու սպանդն անցավ անպատիժ…

Դրանից առաջ էլ սպանություններ կային մեր երկրում, սպանվել էին Մինասը և Սևակը, երեկ Չարենցի սպանության օրն էր: Կոմիտասը սպանվեց, անտարբերությամբ միգուցե, վախի և կեղծավորության մթնոլորտում:

Այս իրավիճակն անտարբերություն չէ, կեղծավորություն է, սնապաշտություն, սովորություն է բռնությանը: Եվ սա երկնային ուղերձ էր: Ես ուզում եմ ուշադրություն սևեռել այդ տականքի վրա, ում մականունը Ջունգլ է: Ջունգլ, այսինքն՝ դա այն է, ինչ դարձավ մեր երկիրը՝ ջունգլի: Բացի դա, նա այն մարդն է, ում մի քանի ամիս առաջ ձերբակալել են ազատամարտիկի սպանության համար և բաց թողել: Այսինքն՝ ավելի ճչացող ու ակնառու օրինակ պետք չէ: Ցանկացած երկրում ազատամարտիկի նմանօրինակ սպանությունը քաղաքական ու բարոյական երկրաշարժ կլիներ, մեզանում դա էլ անցավ:

-Այսինքն՝ սա նաև մեր արդարադատության անգործության հետևա՞նքն է:

-Արդարադատություն, մեզանում այդ խոսքն ուղղակի անթույլատրելի է: Դա այն խոսքն է, որն ամոթ է արտասանել, դա ամենակեղտոտ ուշունցն է, որն այսօր գոյություն ունի: Դա էլ է հետաքրքիր, որ անարդարության նախարար է նշանակվել մի սիրունիկ օրիորդ, որը միայն իր ներկայությամբ էլ ավելի ահավոր, սարսափելի ու տգեղ է դարձնում այդ երևույթը: Դա հեգնանք է: Այսինքն՝ մեզ հեգնում են, թե ով է մեզ հեգնում, տվյալ դեպքում մատնանշելն էլ անիմաստ է, որովհետև դա համակարգ է, բռնության համակարգ: Մեր երկիրը բռնաբարված է, հետևաբար, բռնաբարված ենք մենք բոլորս: Ոչ միշտ ենք դա մենք հիշում, ուղղակի երբեմն մեր աչքի առաջ սպանում ու բռնաբարում են, և մենք հիշում ենք, որ ահա այսպիսի երկրում ենք ապրում՝ մոռանալով, որ մեզ ամեն օր են բռնաբարում:

-Ի՞նչ լուծում կա ստեղծված իրավիճակին:

-Լուծումը վերադարձն է քաղաքակրթությանը: Մեզ համար միակ ճանապարհը դա եվրոպականացումն է, եվրոռեմոնտը: Դա այն է, ինչ պետք է մեր երկրին, արդարադատության համակարգին, բանակին, ոստիկանությանը, մեր քաղաքին, բակերին, ամեն մեկին: Եվրոպականացումը դա շատ պարզ բան է նշանակում՝ ընդունել և կատարել օրենքը, ընդունել, որ մարդիկ ստեղծվել են հավասար: Այս ամենը մեր Սահմանադրությունում վաղուց գրված է, ուղղակի չկա այն ուժը, որը կստիպի մեզ կատարել այդ Սահմանադրությունը: Իսկ այդ ուժը միայն Արևմուտքն է, որովհետև Ռուսաստանը, որն իշխում է մեր երկրում, ամեն ինչ անում է, որ պահի մեզ այդ բռնության ու բռնապետության մեջ:
Ես մի բնորոշում եմ ուզում տալ, որին  հանգեցի այս վերջին դեպքի ու նման շատ ու  շատ այլ դեպքերի կապակցությամբ: Ես ինձ համար դա բորոշում եմ շատ կարճ՝ բռնապետությունը սկսվում է ընտանեկան բռնությունից: Եվ մենք ևս մեկ անգամ դրան ականատես եղանք:

-Եվ այդ դեպքերը, ցավոք, տարեցտարի ավելանում են:

-Այո, որովհետև պակասում են ասպետները, պակասում է վերնախավը, պակասում են մարդիկ, ովքեր կարող են թելադրել հանրությանը այն միակ հնարավոր ապրելակերպը և աշխարհայացքը, որը մեզ բաժանում է այս ասիական բարբարոս աշխարհից: Դա նշանակում է, որ Ցեղասպանությունը հասավ իր նպատակին: Հարյուր տարի անց մենք շատ ավելի մոտ ենք մեր դահիճներին, քան հարյուր տարի առաջ: Այս առումով եղեռնը հաջողվեց, թուրքերը հաջողեցին:

Էմմա Մանուկյան

MediaLab.am