«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, ադրբեջանական կողմը կարողացավ հասնել նրան, որ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտնի մտացածին «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ մտքեր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը, որպեսզի կարողանա կանխել այս մտացածին թեզի տարածումն ու լեգիտիմացումը:
– Հայաստանի գործող իշխանությունները ժամանակին հրաժարվել են այդ թեզին համարժեք արդյունավետ հակազդեցությունը գործի դնելուց։ Այդ հնարավորությունը ունեցել են առնվազն երկու տարի առաջ, բայց զլացել են անհրաժեշտ քայլերը կատարել։ Ադրբեջանն իր այս թեզերը տարածելու լիարժեք ազատություն է ստացել և օգտվելու է դրանից նաև առաջիկայում, քաղաքական հայտարարությունները վերածվելու են իրավական կոնկրետ հետևանքներ պարունակող գործողությունների։
– Ի՞նչ պետք է աներ հայկական դիվանագիտությունը՝ այս բանաձևի ընդունումը կանխելու համար:
– Դիվանագետները քաղաքական որոշում կայացնողներ չեն, նրանց գործողություններն ուղղակիորեն կախված են պետության քաղաքական ղեկավարության ընդունած որոշումներից։ Ուստի եթե ՀՀ քաղաքական ղեկավարությունը որոշել է չհակազդել ադրբեջանական թեզերին, ապա նաև դիվանագետները հակազդելու որևէ արդյունավետ միջոց կիրառելու հնարավորություն չեն ունենա։ Դիվանագետը կարող է գործել միայն այն դեպքում, երբ իր առջև կոնկրետ խնդիր կա դրված։ Սա այն դեպքն է, երբ գործ ունենք վարչապետ Փաշինյանի մակարդակում ընդունվելիք որոշումների հետ։
– Որո՞նք կարող են լինել այն էական ու շոշափելի վտանգները Հայաստանի համար, եթե Ադրբեջանը կարողանա այդ թեզն առաջ մղել միջազգային տարբեր հարթակներում:
– Առաջնահերթ վտանգը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցումն է։ Եվ այդ բնակեցումը կարող է նախատեսել այդ մարդկանց անվտանգությունն ապահովող հատուկ միջոցների կիրառում, այդ թվում նաև՝ միջազգային մանդատ ունեցող ինչ-ինչ զորակազմերի տեղակայում ՀՀ այն տարածքներում, որտեղ կնախատեսվի ադրբեջանցի վերաբնակիչների բնակեցումը։
– Պարո՛ն Մելիքյան, ադրբեջանական կողմի այս քայլերը որքանո՞վ են նպաստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ու ի վերջո խաղաղության պայմանագրի կնքմանը:
– Հայաստանի իշխանություններն իրենց կողմից փաստաթուղթը ստորագրելու համար որևէ նախապայման առաջ չեն քաշում և հերթով ընդունում են ադրբեջանական կողմի նախապայմանները։ Սա նշանակում է, որ փաստաթուղթը կստորագրվի միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը դա կցանկանա։ Եթե, իհարկե, երբևէ կցանկանա։ Մինչ այդ, Բաքուն իր ուզածը կանի բոլոր հնարավոր հարթակներում և մակարդակներում։
– Հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ իշխանությունների, շարունակում է հավատարիմ մնալ իրենց հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Հատկապես հիմա, երբ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նման զարգացումներ են ընթանում, ի՞նչ հիմքեր եք տեսնում Փաշինյանի այս նախագծի կյանքի կոչման համար:
– Հատկանշական է, որ այս ծրագրի գործարկումն էլ, կենսունակությունն էլ ամենաքիչը հենց Հայաստանի գործող իշխանություններից են կախված։ Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական առաջիկա զարգացումների կանխատեսումը այս հարցում լավատեսության հիմքեր չի տալիս։
ԱՄՆ/Իսրայել-Իրան ուղիղ ռազմական բախումը թեև ընդհատվել է, բայց չի ավարտվել։ Ավելին՝ ամենայն հավանականությամբ, այն նոր թափ և ընդգրկում կստանա առաջիկայում։ Չէի ցանկանա, որ «Խաղաղության խաչմերուկ» առայժմ տեսական գաղափարը վերածվի «Պատերազմի խաչմերուկ» իրականության։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















