Լարված իրավիճակ Թբիլիսիում. փակ է Ռուսթավելի պողոտան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կրկին անհանգիստ է. նախօրեին տեղի ունեցած իրադարձություններից հետո այսօր կրկին ակցիաներ են անցկացվում Ռուսթավելի պողոտայում, որն այս պահին փակ է, գրում է Ալիք Մեդիան։

Փողոցի մի հատվածում «Սերը սեր է» կարգախոսով հավաքված են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպաններն ու նրանց սատարողները, ինչպես նաև երեկվա բռնությունները դատապարտողները, մյուս հատվածում` նրանց չընդունող, ռադիկալ խմբեր։

Տեղում մոբիլիզացված են ոստիկանության մեծաքանակ ուժեր։

Հիշեցնենք, որ նախօրեին նախատեսված արժանապատվության քայլերթը չեղարկվեց: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն են՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր: Ռադիկալ խմբերի գործողություններն ու կոնտրակցիան լուսաբանելիս, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ՆԳՆ-ի տվյալներով բռնություն է գործադրվել 53 լրագրողի նկատմամբ:

Ի պատասխան երեկվա դեպքերին` այսօր՝ ժամը 20:00-ին Թբիլիսիում բողոքի ակցիա են կազմակերպել մի շարք ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ: