Փաշինյանի ուղերձը պետականության ուրացման ակտ է, խայտառակություն է ուղղակի. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձն է այսօր, օրվա խորհրդի մասով եմ մեկնաբանություն խնդրում: Որքանո՞վ են Հայաստանի ցայսօր եղած իշխանությունները հավատարիմ մնացել այդ փաստաթղթին:

– Սա Երրորդ հանրապետության ամենանվիրական ու լուսավոր օրերից մեկն է: Այս պատմական փաստաթղթի ընդունումն 88-ի շարժման տրամաբանական կարևոր հանգրվաններից մեկն էր: Ի վերջո, այդ հզոր համազգային շարժման շնորհիվ մենք ունեցանք Ղարաբաղյան պատերազմում առաջին հաղթանակը, Հայաստանի՝ որպես անկախ պետականության կայացումը, Ղարաբաղի դե ֆակտո անկախությունն ու ազատագրումը: 

Որքանո՞վ Անկախության հռչակագիրը պահպանվեց. գիտեք՝ ինչ-որ փուլից՝ 90-ականների վերջից, մեր երկիրը սկսեց հետընթաց ապրել, մենք ունեցանք շեղումներ թե՛ Հռչակագրի արժեքներից, թե՛ 88-ի համազգային շարժման արժեքներից: Իհարկե, այդ բոլոր շեղումներն անհամեմատելի էին այն ավերի հետ, որ ունեցանք 2020 թվականի պատերազմից հետո ու, ցավոք, հասանք այն տխուր հանգրվանին, որ կարդացինք Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը:

– Ինչպե՞ս եք գնահատում այն:

– Խայտառակություն է ուղղակի, կարճ ասած՝ պետականության ուրացման ակտ է նրա ուղերձը, որովհետև նա մեր համազգային շարժումն ու դրա արդյունքում ծնված փաստաթուղթը համարում է կոնֆրոնտացիոն բառապաշար, ասում է, որ այս Հռչակագրի հիմքում դրված է բանաձև, ինչը «20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի», և, ընդհանրապես, նա կոչ է անում քննության առնել Անկախության հռչակագիրը: 

Իր կառավարման ողջ ընթացքում նա պատերազմ հայտարարեց Երրորդ հանրապետության բոլոր նախկին նախագահներին, մեր բոլոր ձեռքբերումներին, ոչնչացրեց Արցախը, Հայաստանի սուբյեկտությունը դարձրեց ճզմված լիմոն, հիմա էլ որոշել է պատերազմ հայտարարել պետության հիմքերին: 

Խորապես համոզված եմ, որ կուլիսային բանակցություններում նա պարտավորություններ է ստանձնել Ալիևի ու Էրդողանի առաջ Հռչակագիրը, դրանից բխող զինանշանը, գուցե օրհներգը, այլ բաներ փոխելու: Ղարաբաղի փուռը տալը ձևակերպելու անհրաժեշտություն ունի, դրա համար էլ Անկախության հռչակագիրը վերանայելու խնդիր է դնում:

– Եթե ձեր նշած պայմանավորվածությունը իրականում գոյություն ունի, դրա կատարման դիմաց ի՞նչ է ստանալու:

– Թույլ ու անատամ Հայաստան, որովհետև տեսանք, որ նա արդեն մեր պայքարի մի շատ կարևոր արդյունք՝ Արցախը, ըստ էության փուռը տվեց, բայց դա ամենևին էլ չերաշխավորեց նույնիսկ Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը, ամենևին: 

Նիկոլ Փաշինյանը վարում է քծնանքի քաղաքականություն, որը, վստահեցնում եմ ձեզ, որևէ կապ չունի արժանապատիվ խաղաղության հետ, որովհետև ցանկացած զիջում, որ դու անում ես, ենթադրում է համարժեք զիջում հակառակորդի կողմից, մենք տեսնում ենք, որ սկզբունքային բոլոր հարցերում Փաշինյանը զիջումներ է անում՝ չստանալով ոչինչ:

– Պարո՛ն Սուրենյանց, եթե շարունակվի այն քաղաքականությունը, որը որդեգրել է գործող իշխանությունը, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել:

– Որքան էլ սարսափելի հնչի ասածս, բայց Արցախի ճակատագիրը, ըստ էության, կանխորոշված է, լավագույն դեպքում մենք կարող ենք հասնել նրան, որ մեր հայրենակիցներն առանց որևէ կարգավիճակի ապրեն իրենց հողի վրա, բայց սա լավագույն դեպքում: 

Հիմա շատ մեծ վտանգի տակ է Հայաստանի պետականությունը, որովհետև տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ասելիք ու անելիք չունի, նրա քաղաքականությունը ձախողվել է, բայց մենք նոր նարատիվ, նոր օրակարգ, նոր պատկերացումներ, բացի խաղաղության անընդհատ շահարկումից ու արժեզրկումից, չենք տեսնում: 

Մտավախություններ ունեմ, որ կարող է վտանգվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ոչ միայն Արցախի անվտանգության հարցը չկարողացանք լուծել, այլ նաև Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության հետևանքով ճանապարհ ենք բացել նաև Հայաստանի նկատմամբ ակնհայտ ոտնձգությունների համար: 

Այսօր առանց չափազանցության դրված է Երրորդ հանրապետության լինելության խնդիրը: Մտավախություն ունեմ, որ Հայաստանը գտնվում է Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագրերի միջակայքում, ինչի հետևանքով ունենալու ենք թույլ ու անատամ Հայաստան, որը ոչինչ չի որոշելու, և, ըստ էության, մնալու է Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am