Խտրականությո ՞ւն. հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ շնորհելը`քննարկումների եւ դժգոհությունների տեղիք

Խտրականությո ՞ւն. հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ շնորհելը`քննարկումների եւ դժգոհությունների տեղիք
Խտրականությո ՞ւն. հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ շնորհելը`քննարկումների եւ դժգոհությունների տեղիք

Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները պնդում են, որ հարկային արտոնությունների տրամադրման պարագայում պետությունը ֆինանսապես չի տուժի, մինչդեռ այլ կրոնական կառույցներն արդեն իսկ նմանօրինակ պահանջներ են ներկայացնում:

Հոկտեմբերին Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ անցած նոր օրինագիծը հարկային արտոնություններ է շնորհում Հայ առաքելական եկեղեցուն, ինչն էլ դժգոհությունների ու քննարկումների առիթ է դարձել հասարակության լայն շրջանակներում: Օրինագծի ընդդիմախոսներն այն խտրականության դրսեւորում են համարում այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ եւ կարծում են, որ այն սխալ է տնտեսական առումով, ինչպես նաեւ հակասում է Հայաստանի Սահմանադրությանը:

Օրինագծի կողմնակիցներն իրենց հերթին նշում են, որ հարկային արտոնություններ ստանալու դեպքում Հայ առաքելական եկեղեցին իր բարեգործական գործունեությունն ընդլայնելու հնարավորություն կստանա:

Հայաստանը Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետությունն է աշխարհում, եւ եկեղեցիները սփռված են երկրի ողջ տարածքում:

Նոր օրինագծով հարկերից ազատվում են սեփականության եւ անհատույց օգտագործման իրավունքով Մայր Աթոռին պատկանող պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող այն շենքերը, շինություններն ու հողատարածքները, որոնք օգտագործում է եկեղեցին: Շուրջ 286 շինությունների ցուցակում  նշված էին նաեւ բնակելի տներ, կինոթատրոն, խանութ եւ տաղավար, պուրակ, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան, սեղանատուն, սրճարան, պանսիոնատներ, առողջարան, ֆուտբոլի մարզադաշտ եւ այլն:

Պատգամավորներից շատերը կարծում են, որ նոր օրինագծի հեղինակները հաշվի չեն առել հարցի տնտեսական կողմը: Հայ հեղափոխական դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը օրինագիծը համարում է «տնտեսապես ոչ մտածված»:

«Օրենքի ընդունումից հետո եկեղեցին դուրս կմնա Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացից, մինչդեռ պետության հիմնական դերակատարությունը պետք է լինի եկեղեցուն առավելագույնս ներառելը տնտեսական աճի գործընթացում», – ասում է նա:

Տնտեսական մեկ այլ խնդիր է մատնանշում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա`երկրում ձեւավորված տեղական ինքնակառավարման համակարգը մինչեւ օրս պատշաճ վիճակում չի գտնվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, իսկ դրանց գոյացման հիմնական միջոցը հողի հարկն է:

Օրինագծի արդեն արտախորհրդարանական քննարկումներին հանդես եկող Հայ առաքելական եկեղեցու սպասավորները նշում են, որ մի շարք երկրներում, այդ թվում`իսլամական, Հայ առաքելական եկեղեցին ազատված է հարկերից, իսկ հայրենիքում շատերը վիճում են այս թեմայի շուրջ:

Եկեղեցականները մատնանշում են Խորհրդային 70 տարիները, որոնց ընթացքում ամեն ինչ խլեցին Հայ առաքելական եկեղեցուց, եւ այսօր Հայաստանի կառավարությունը, արդարությունը վերականգնելու միտումով, փորձում է շտկել անցյալի սխալները`Մայր աթոռին վերադարձնելու նրանից բռնագրավվածն ու խլվածը:

Հայ Առաքելական եկեղեցու դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասում է, որ Հայաստանում 1991-ից մինչ օրս 140 եկեղեցիներ են կառուցվել: Եվ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ տարածքներն իրենց առաքելությունն իրականացնելու նպատակով են եղել:

«Այդ տարածքները զբաղեցնում են կարիքավորներին սնունդ ապահովող բարեգործական ճաշարանները, Հայորդաց տները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող`բնակության համար պայմաններ չունեցող եկեղեցականներին տրամադրված բնակելի տները եւ Մայր Աթոռի տարածքում գտնվող Ներսիսյան լիճը», -ասում է դիվանապետը:

Նրա հաշվարկներով`եկեղեցուն հարկային արտոնություններ շնորհելու պարագայում ոչ մի կառույց ֆինանսապես չի տուժի:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վճարում է տարեկան 60.000 դրամ գույքահարկ եւ հողահարկ: Միջին հաշվով, եկեղեցիները, զբաղեցնելով 50.000 քմ տարածք, պետք է վճարեն 20.000 դրամ գույքահարկ եւ հողահարկ», – ասում է նա:

Այնուամենայնիվ, օրինագծին դեմ արտահայտվողները կարծում են, որ եթե օրենքը ընդունվի, ապա Հայաստանում գործող մյուս կրոնական կառույցները, այդ թվում`եւ աղանդավորական, հանդես կգան նման պահանջով:

«Հակառակ դեպքում կնշանակի, որ մենք Սահմանադրության շրջանակներում արտոնություն ենք վերապահում Մայր Աթոռին`մոռանալով, որ նույն Սահմանադրության համաձայն եւ նաեւ միջազգային փաստաթղթերի հիման վրա երաշխավորել ենք այլ կրոնական կազմակերպությունների իրավունքը Հայաստանում», – ասում է Արծվիկ Մինասյանը:

Արշակ սրբազանն իր հերթին պահանջում է չնույնականացնել Հայ առաքելական եկեղեցին երկրում գրանցված այլ կրոնական կազմակերպությունների հետ: Նա ներկայացնում է Հունաստանի, Անգլիայի օրինակը, որտեղ գործում է խղճի ազատության օրենքը, սակայն Հունաստանում հույն ուղղափառ եկեղեցին, Անգլիայում Անգլիկան եկեղեցին, պետական եկեղեցու կարգավիճակ ունեն:

Օրինագծին դեմ են նաեւ Հայ ավետարանական մկրտական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիները: Նրանք պահանջում են, որ օրինագիծը տարածվի նաեւ իրենց եկեղեցիների սեփականությունների վրա:

Գյումրիի Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Գրիգոր քահանա Մկրտչյանը ասում է, որ դեմ չէ Հայ առաքելական եկեղեցուն, սակայն դեմ է պետության իրականացրած քաղաքականությանը:

«Ինչո՞ւ պետք է խտրականություն դրվի: Կաթողիկե դավանանք ունեցողների իրավունքները չեն հարգվում, իսկ մենք գրեթե 150 հազար հետեւորդ ունենք: Տարեկան իրականացնում ենք 1 միլիոն 900 հազար եվրոյի չափով բարեգործական ծրագրեր, եւ այդ ամենի համար մուծում հարկեր եւ տուրքեր», – ասում է նա:

Կաթողիկե եկեղեցին բարեգործական /սոցիալական/ ծրագրեր է իրականացնում Հայաստանի չորս մարզերում` Գյումրի, Լոռի, Երեւան, Գեղարքունիք:

«Ինչո՞վ կբացատրեն մեր կառավարական այրերն այն, որ Կեչառիսի վանքի հողատարածքի վրա կառուցված ռեստորանային համալիրը պետք է ազատվի հարկերից, իսկ օրինակ Պողոսյան կրթահամալիրի որբանոցը, որը Կաթողիկե եկեղեցունն է, եւ որը պետության փոխարեն խնամում է գյումրեցի որբ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, պիտի գործի հարկային դաշտում», – դժգոհում է Տեր-Գրիգոր քահանան:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, սակայն, նշում է, որ ԱԺ ներկայացված ցուցակը նախնական է եւ ենթակա փոփոխության: Նա հավելել է, որ Կեչառիսի եկեղեցու հարեւանությամբ կառուցվող ռեստորանային համալիրը չի ընդգրկվի հաջորդ ցուցակում:

Արշակ սրբազանը հերքում է, որ եկեղեցին ունի այլ նպատակներով օգտագործվող շենքեր, շինություններ եւ առանձնատներ:

«Կադաստրում գրանցված է, որ Շիրակի թեմին պատկանում է սրճարան, սակայն այն այսօր գործում է որպես Հայորդաց տուն: Եկեղեցին չունի վիլլաներ: Դրանք գյուղերում ճաքճքած պատերով տներ են, որտեղ ապրում են հոգեւորականները, չունի ձեռնարկատիրական որեւէ կառույց», – ասում է դիվանապետը:

Նա նշում է, որ ԱԺ ներկայացված ցուցակը նախնական է եւ ենթակա փոփոխության: Օրինակ է բերում Կեչառիսի եկեղեցու հարեւանությամբ կառուցվող ռեստորանը, որը չի ընդգրկվի հաջորդ ցուցակում:

Արշակ սրբազանն ասում է, որ Մայր աթոռի բյուջեի 1/3-ն ուղղվում է կրթադաստիարակչական աշխատանքներին, իսկ հարկեր վճարելու դեպքում նրա բարեգործական ծրագրերից մի քանիսն ուղղակի կփակվեն:

Գայանե Մկրտչյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյանլրատու» պարբերականից: (www.iwpr.net)