Լենա Նազարյան. «Նաիրա Զոհրաբյանը փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է»

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որով՝ ըստ Նազարյանի, խեղաթյուրվել են իր խոսքերը:

Նազարյանը նշում է, որ սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ինքն ասել է, որ  2008 թվակիանին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մցնելու որոշմանը:

«Իմ կողմից արված այս հայտարարության համար հիմք է հանդիսացել «Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որը ընդունվել է 81 կողմ ձայնով և այս կողմ քվեարկած պատգամավորների ցանկում է տիկին Զոհրաբյանը: Նշված ԱԺ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`անհրաժեշտ և իրավաչափ է համարում ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին»:

Տիկին Զոհրաբյանը, իհարկե, այս փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է, ասելով, որ նման օրենքի նախագիծ չի եղել, որ նա էլ կողմ քվեարկի: Այս պարագայում ես չեմ կարող գտնել որևէ այլ բացատրություն, թե ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանն այս մասին խոսելիս ասում «այ տգետներ նման օրենքի նախագիծ չի եղել», քան այն, որ Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխում իմ կողմից արված հայտարարությունը»,- գրել է Նազարյանը:

Վերջինիս խոսքով, առկա է անհերքելի փաստ առ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությանը կողմ քվեարկելով՝ համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը:

MediaLab.am