Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:

Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։