«Հանրության մեջ կա արտահայտված էմոցիոնալ հյուծվածություն». ինչի՞ հետևանք են Հայաստանում տեղի ունեցող ողբերգական ու սահմռկեցուցիչ դեպքերը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ուղեկից» կենտրոնի հիմնադիր, հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը

– Տիկին Վարդանյան, Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց հասարակությանը: Գրեթե նույն ժամանակահատվածում առնվազն երկու աղմկահարույց ինքնասպանության դեպքերի մասին հանրությունը տեղեկացավ: Արդյոք կարելի է՞ կապել իրավիճակը պատերազմի հետևանքների, էմոցիոնալ լարվածության հետ:

– Այո՛, հնարավոր չէ բացառել պատերազմի գործոնը: Իրականում պատերազմից մենք ունենք բավականին արտահայտված էմոցիոնալ հյուծվածություն, որ տարբեր հուզական դրսևորումներ է ունենում, ի հետևանք՝ դեպրեսիվ ֆոնի աճ կա: Էմոցիոնալ փոփոխությունը մեր ընդհանուր հասարակության մասշտաբով չենք կարող անտեսել: Չմոռանանք, որ դրանից առաջ մենք ունեցել ենք քովիդի փուլ, որի ժամանակ ինքնամեկուսացմամբ ու սոցիալական փոխհարաբերություններով պայմանավորված բավականին բարդ փուլ անցանք: Դեռ չանցած՝ մենք ունեցանք դաժան, ողբերգական մահացությունները պատերազմի հետևանքով: 

Նույնիսկ այն ընտանիքները, որոնք անմիջապես պատերազմի հետ առնչություն չունեն, անմիջականորեն ողբերգություն են ապրում պատերազմի հետևանքների համար: Ընդհանրապես, ազգային ինքնության, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի շրջանակներում մենք ունենք այս ցավալի ու էմոցիոնալ ծանր վիճակը: Հետևաբար պատերազմը չէր կարող չազդել և՛ անհատական, և՛ խմբային մակարդակում մեր գիտակցության տարրերի ու էմոցիոնալ դրսևորումների վրա: Ինչ-որ առումով փոխկապակցվածություն կարող ենք դիտարկել: Բայց, շեշտում եմ՝ ինչ-որ առումով: 

Բացարձակ գրագետ չի լինի, որ, օրինակ, Պեմզաշենի դեպքը դիտարկենք պատերազմի հետևանք, որովհետև անհատական մակարդակում եթե մենք ունենք խնդիր տվյալ անձի մոտիվներով պայմանավորված՝ շահադիտական նպատակներ, սեռական ոտնձգություն և այլն, բնականաբար, այս պարագայում նպատակահարմար չէ կապեր որոնել համընդհանուր էմոցիոնալ ֆոնի հետ և տալ որոշակի արդարացումներ, հիմնավորումներ ու գնահատականներ: 

Բոլորիս ու հատկապես յուրաքանչյուրիս խնդիրն է վերանայել մեր ներկայիս ռեսուրսները և այն, թե մենք ինչպիսի արձագանքներ ենք տալիս այս կամ այն իրավիճակին, ինչպես ենք կարողացել վերաիմաստավորել մեր անցած փուլերը և արդյոք որոշակի ռեսուրսներո՞վ ենք դուրս եկել նոր փուլեր, որ կարողանանք ավելի ուժեղ ու ավելի կառուցողական լինել: 

– Բայց արդյոք յուրաքանչյուրը գիտակցո՞ւմ է վերահսկել կամ կառավարել սեփական էմոցիաները՝ ադեկվատ արձագանքելու տվյալ իրավիճակին, դիմել ինքնահայեցման: Ինչպե՞ս կրթել մարդկանց:

– Իրականում դա ավելի շատ պետական քաղաքականության խնդիր է, որովհետև սա մշակված կիրթ ու գրագետ ռազմավարությունների միջոցով պետք է ներդրվի բոլոր օղակներում՝ նախակրթարանից մինչև դպրոց ու բուհ: Անհրաժեշտություն կա ճիշտ համագործակցություն սահմանել ծնողների հետ ու երեխաների հոգեվիճակի շրջանակներում աշխատանքի հարցում: Պետք է սովորեցնել առերեսվել եղելությանը, կառավարել էմոցիաները ու այդ էմոցիաների շրջանակներում ուսումնական գործընթացը առավել դեստրուկտիվ չդարձնել, այլ հակառակը՝ ճշգրիտ ու կառուցողական միջավայր ստեղծել: 

Անձի առողջացման կրթական ծրագրեր պետք է ներդրվեն: Այդ ուղղությամբ պետք է լինեն կոնկրետ մշակված ռազմավարություն, հստակ, նպատակային, թիրախավորված գործընթաց, որտեղ մենք կկարողանանք այդ ռեսուրսները ապահովել: 

Էմոցիոնալ խնդիրներ, հյուծվածություն մենք ունենք բոլոր ոլորտներում, օրինակ՝ երթևեկության մեջ, փոքրիկ տեղերում հանդուրժողականության խնդիրը դարձել է շատ բարդ երևույթ, տպավորություն է, որ կես սանտիմետր տարածքի համար կենաց ու մահու պայքար կարող է գնալ: 

Սա խոսում է էմոցիոնալ գերլարված վիճակի մասին: Ճիշտ է, մենք՝ հայերս, ունեցել ենք որոշակի առանձնահատկություններ, և այնպես չէ, որ դա նոր ծագեց, բայց, այնուամենայնիվ, փոքրիկ վարքային իրադրություններում վարքային այդ դրսևորումները շատ տեսանելի են: 

Քանի դեռ այս հանգամանքը պետական առաջնահերթություն չէ, մենք ունենք վտանգներ:

– Տիկի՛ն Վարդանյան, գործնականում ինչպե՞ս եք պատկերացնում հուզական ինտելեկտի տարածումը կամ դրա մակարդակի բարձրացումը հանրության շրջանում:

– Այդ «ինչպես»-ի պատասխանները մասնագետներն ունեն, ավելին՝ գիտությունը դրա մասին հոգացել է ու այժմ էլ հոգում է:

Կան համապատասխան միջոցներ, մեթոդներ, տեխնիկաներ, ընդհանուր աշխատանքային ֆորմաներ, որոնց միջոցով դա հնարավոր է ապահովել: Դա շատ բարդ ու անհասանելի խնդիր չէ: Խնդիրը դրա ճիշտ, փոխկապակցված գործելու ու պրոֆեսիոնալ մասնագետների կողմից իրականացնելու մեջ է: Ի դեպ, մասնագետների խնդիր մենք ավելի շատ ունենք, քան կիրառվող միջոցների: Իրականում գիտությունը դրա հնարավորությունն ընձեռում է, շատ կարևոր է, որ մենք ճիշտ ադապտացնենք մեր երկրի մշակութային ռեսուրսներին, որպեսզի գրագետ մասնագետների միջոցով հասանելի դարձնենք հանրության տարբեր մակարդակներին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am