Արմինեն Եռաբլուրում ամեն օր երկու բաժակ սուրճ է պատրաստում՝ մեկն իր համար, մյուսը զոհված որդու՝ Սերժի համար է լցնում, բաժակը դնում շիրմաքարի եզրին։ Սերժը զոհվել է պատերազմի չորրորդ օրը` հոկտեմբերի 1-ին։

Մեկ տարի առաջ այս օրը շատերիս համար անսպասելի սկսված պատերազմը գլխիվայր շրջեց իրականության մասին ունեցած մեր պատկերացումները։

Պատերազմի և հետպատերազմյան շրջանի վավերագրումներիս ընթացքում ինձ հուզող հարցերից մեկը դարձավ պատճառ՝ անդրադառնալու նաև հետպատերազմյան տրավմաներին. ինչպե՞ս Է հաղթահարվում կորստյան վիշտը ոչ միայն անհատի, այլ նաև ազգային իրողության համատեքստում։

Ամեն ընտանիք այսօր իր ուրույն հարաբերությունն է ապրում իր վշտի հետ.

փողոցներում քայլում են մարդիկ, որոնց շապիկներին դաջված են հարազատների լուսանկարները։ Մայրերը իրենց որդիների սիրած քաղցրավենիքն են բերում գերեզմանատուն: Ընթրիքին, ճաշին, առաջվա պես, նրանց համար էլ են ափսե դնում սեղանին։
Պարադոքսալ հակասության մեջ` բացակա ներկայությունը թե ներկա բացակայությունը, ցավի հետ համակեցության կանոնիկ ծեսի է վերածվել։

Նոր ծնված զավակին կանայք ամուսնու անունով են անվանակոչում՝ ենթագիտակցական այն մղումով, թե այդկերպ կվերադարձնեն զոհվածին։
Տան հուշանկյուններում՝ զինվորի պատկերի և պարգևատրումների կողքին գտնում ես գրպանի իրեր, որոնք վերջին պահին նրա մոտ են եղել. վերջին կոնֆետը, վերջին գումարը, ընկերուհու նկարի արյունոտ հատվածը…

Յուրաքանչյուր իր, իրողություն՝ կապված կորստի հետ, կարծես սակրալ նշանակություն է ստանում, որտեղ տարածության և ժամանակի աղավաղումը հնարավորություն չի տալիս սգալու, հրաժեշտ տալու նախկին մի բանի, որը քո կյանքն էր՝ դեռ չավարտված անցյալում։








Տեքստը եւ լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
MediaLab.am