Երկու սուրճի բաժակ

Արմինեն Եռաբլուրում ամեն օր երկու բաժակ սուրճ է պատրաստում՝ մեկն իր համար, մյուսը զոհված որդու՝ Սերժի համար է լցնում, բաժակը դնում շիրմաքարի եզրին։ Սերժը զոհվել է պատերազմի չորրորդ օրը` հոկտեմբերի 1-ին։

Սերժի և ընկերուհու լուսանկարն է

Մեկ տարի առաջ այս օրը շատերիս համար անսպասելի սկսված պատերազմը գլխիվայր շրջեց իրականության մասին ունեցած մեր պատկերացումները։ 

Զոհված զինվորներին նվիրված խաչքարի բացումից առաջ․ Էրեբունի թաղամաս

Պատերազմի և հետպատերազմյան շրջանի վավերագրումներիս ընթացքում ինձ հուզող հարցերից մեկը դարձավ պատճառ՝ անդրադառնալու նաև հետպատերազմյան տրավմաներին. ինչպե՞ս Է հաղթահարվում կորստյան վիշտը ոչ միայն անհատի, այլ նաև ազգային իրողության համատեքստում։

Սերժի բնակարանում, ծառայության ընթացքում ուղարկված լուսանկարն է

Ամեն ընտանիք այսօր իր ուրույն հարաբերությունն է ապրում իր վշտի հետ.

Արմինեն՝ Սերժի մայրը, Եռաբլուր պանթեոնում

փողոցներում քայլում են մարդիկ, որոնց շապիկներին դաջված են հարազատների լուսանկարները։ Մայրերը իրենց որդիների սիրած քաղցրավենիքն են բերում գերեզմանատուն: Ընթրիքին, ճաշին, առաջվա պես, նրանց համար էլ են ափսե դնում սեղանին։ 

Պարադոքսալ հակասության մեջ` բացակա ներկայությունը թե ներկա բացակայությունը, ցավի հետ համակեցության կանոնիկ ծեսի է վերածվել։ 

Խնկարկում՝ Էրեբունու զոհվածներին, բակի երեխան որոշել է Սերժի լուսանկարով շապիկ հագնել

Նոր ծնված զավակին կանայք ամուսնու անունով են անվանակոչում՝ ենթագիտակցական այն մղումով, թե այդկերպ կվերադարձնեն զոհվածին։ 

Տան հուշանկյուններում՝ զինվորի պատկերի և պարգևատրումների կողքին գտնում ես գրպանի իրեր, որոնք վերջին պահին նրա մոտ են եղել. վերջին կոնֆետը, վերջին գումարը, ընկերուհու նկարի արյունոտ հատվածը…

Սերժը հագուստ էր ուղարկել տուն, որի մեջ մայրը գտել էր շոկոլադ, որը Սերժը պահում էր փոքր եղբոր համար

Յուրաքանչյուր իր, իրողություն՝ կապված կորստի հետ, կարծես սակրալ նշանակություն է ստանում, որտեղ տարածության և ժամանակի աղավաղումը հնարավորություն չի տալիս սգալու, հրաժեշտ տալու նախկին մի բանի, որը քո կյանքն էր՝ դեռ չավարտված անցյալում։

Սերժին նվիրված ցայտաղբյուրը, տեղադրվել է զոհվելուց հետո իրենց բակում
Էրեբունի թաղամասի զոհվածների տատիկները խնկարկում են, որոնց մեջ է Սերժի տատիկը
Սերժի ժամացույցը, որը կրում էր ծառայության ընթացքում
 Սերժի (2000թ․-2020թ․) նկարը՝ Էրեբունի թաղամասում
 Սերժը կոշիկներ էր պատվիրել, որ ծառայությունից վերադառնար և հագներ, չի հասցրել
Սերժի վերջին կարճ հաղորդագրությունը մորը,  հոկտեմբերի 1-ին Սերժը զոհվեց ծառայությունը կատարելիս
Արմինեն է՝ Սերժի մայրը, 40 տարեկան
Արմինեն տուն է գնում՝ Եռաբլուր պանթեոնից

Տեքստը եւ լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am