Բաքուն «չի բացառում» Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում ապագայում․ Ազատություն

Ադրբեջանն օգտակար է համարում քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը և չի բացառում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, գրում է «Ազատությունը»:

«Օգտակար ենք համարում հետպատերազմական ժամանակաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում: Մենք չենք բացառում հանդիպում ապագայում», – հայտարարել է Աբդուլաևան:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ազգային ժողովում հայտնեց, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բյրամովի հետ պայմանավորվել են նորից հանդիպել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։