Աշխատողների խնդիրները պետք է լուրջ քննակվեն, եթե պայմանագրերը լուծարվում են, պետությունը պետք է պարտավորություն ստանձնի. Ալա Խառատյան

Լուսանկարը՝ Ալա Խառատյանի ֆեյսբուքյան էջից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահության անդամ, ավագ գիտաշխատող Ալա Խառատյանը

Տիկին Խառատյան, այսօր նշվում է Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրը։ Հայաստանում պարբերաբար ահազանգեր են լինում աշխատողների իրավունքների խախտման մասին, հեղափոխությունից հետո այս ոլորտում էական փոփոխություն եղե՞լ է։

– Կարծում եմ՝ հեղափոխությունից հետո շատ բան չի փոխվել այս ոլորտում։ Եվ մեր սպասելիքները, որ հեղափոխությունից հետո լուրջ համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն նաև աշխատանքի ոլորտում, հատկապես աշխատանքային հարաբերությունների առումով, այս պահին կարող ենք փաստել, որ չեն արդարացվել։ 

Հեղափոխությունը պետք է վերաբերեր հենց համակարգային ու գլոբալ փոփոխություններին, բայց միայն որոշ պաշտոնյաների փոփոխություն տեղի ունեցավ։ 

Բայց ես վստահ եմ, որ եթե կան այդ փոփոխությունները կրող պաշտոնյաներ, ապա նրանք կարող են շատ բան փոխել։ Մյուս կողմից՝ միայն պաշտոնյաներով չի լինում փոփոխությունը, որովհետև պաշտոնյաների տեսակը Հայաստանում շատ հիերարխիկ մտածողության կրող է։ 

Եվ նման պայմաններում սպասել, որ նրանք կարող են աշխատանքի իրավունքները հարմարեցնել ժողովրդավարական համակարգին, մի քիչ անհեռատես է։ 

Ես կարծում եմ, որ այս ոլորտում շատ լուրջ անելիք ունեն արհմիությունները։ Այդպիսի արհմիության օրինակ մենք ցույց տվեցինք, երբ Մատենադարանի մի քանի աշխատակիցներով հեղափոխությունից հետո որոշեցինք, որ կարելի է այս հիերարխիկ համակարգը փոխարինել ժողովրդավարական մոտեցմամբ համակարգով, որի պարագայում անխուսափելիորեն պաշտպանվում են աշխատողի իրավունքները։

– Ձեր աշխատանքի արդյունքն արդեն կա՞, և որքանո՞վ են այսօր Հայաստանում կայացած արհմիությունները։

– Կարող ենք ասել, որ այս պահին Հայաստանում արհմիությունները սովետական տարիների արհմիությունների ժառանգորդն են։ Ես, իհարկե, չեմ ուսումնասիրել, թե այդ արհմիությունները ԽՍՀՄ տարիներին ինչ որակի աշխատանք էին իրականացնում, բայց այն, ինչ տեսնում եմ իմ երկրորդ աշխատավայրում և նաև շատ օրինակներ գիտեմ իմ ընկերներից, այդ արհմիությունները չեն զբաղվում աշխատողների իրավունքներով։ Արհմիության դերը պատկերացնում են որպես հիերարխիկ համակարգի մի մաս, գործում են իշխանության թևի տակ։

Մեր նորաստեղծ արհմիությունը բավական մեծ հետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծվեց։ Այսինքն՝ հետազոտեցինք, թե ինչպես են աշխատում եվրոպական, ամերիկյան արհմիությունները, ինչպես են կարողանում ժողովրդավարական երկրներում պաշտպանել աշխատողի իրավունքները։ 

Եվ եթե ժողովրդավարական երկրներում դրա կարիքը կա, մեր երկրի դեպքում, որն անցումային է, որտեղ դեռ հիերարխիկ համակարգն է իշխում, դրա կարիքը շատ ավելի կար։ 

Եվ մենք ստեղծեցինք մեր արհմիությունը, բայց, ցավոք, մեր արհմիության նման արհմիությունները շատ քիչ են։ 

Բայց ես հավատացած եմ, որ մենք կարող ենք օրինակ ծառայել, վարակիչ լինել, միգուցե մեր օրինակով կնպաստենք, որ թարմացվի արհմիությունների մասին մեր ընկալումը։ Եվ հույս ունենք, որ արհմիություններն անընդհատ կփորձեն բարձրաձայնել աշխատողների իրավունքները, ինչն էլ, կարծում եմ, կնպաստի հենց այդ հիերարխիկ համակարգի փոփոխությանը։

Ձեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, Հայաստանում ի՞նչ խնդիրների են հիմնականում բախվում աշխատողները։

Ես՝ որպես գիտական ու մանկավարժական ոլորտի աշխատող, այդ ոլորտի խնդիրների մասին կարող եմ խոսել։ Բազում խնդիրներ կան, սկսած նրանից, որ, օրինակ՝ գիտաշխատողներն իրենց աշխատանքի վայրում գլուխները կախ աշխատողներ են՝ աշխատանքի գործընթացից անտեղյակ, միայն կատարում են իրենց հանձնարարվածը և վերադառնում տուն։ 

Բայց աշխատողի դերը աշխատանքի վայրում միայն սուսուփուս գիտական աշխատանքը կատարելը չէ, միշտ պետք է բարձրաձայնել աշխատողների իրավունքների մասին։ Գիտության ոլորտում այդ իրավունքները գիտաշխատողի ակադեմիական ազատությանն են վերաբերում, սոցիալական ու ֆինանսական հարցերին։ Եվ մենք հենց այս հարցերի համար ստեղծեցինք մեր արհմիությունը։

Դրա համար լուրջ խթան էր նաև մի որոշում, որը մեր տնօրինությունն էր կայացրել։ Որոշումը հետևյալն էր՝ գիտաշխատողները կարող էին գործուղումների կամ միջազգային համագործակցության ծրագրերի մասնակցել միայն ղեկավարների կամ բաժնի վարիչի համաձայնությամբ։ 

Եթե բաժնի վարիչը համաձայն չէր, նրանք չէին կարող մեկնել գիտաժողով, չէին կարող մասնակցել դրսի հետ համատեղ ծրագրերի։

Բնականաբար պարզ էր, որ սա ոտնահարում է գիտաշխատողի ակադեմիական ազատության իրավունքը և աշխատողին կախման մեջ գցում բյուրոկրատական համակարգից, փոխանակ հակառակը լիներ՝ համապատասխանելու հեղափոխության ժողովրդավարական քաղաքականությանը։ 

Այսինքն՝ ինքնըստինքյան պարզ էր, որ գիտաշխատողին զրկում էին օրենքով իրեն վերապահված ակադեմիական ազատությունից։ Սա վտանգավոր այլ հետևանքներ ևս կարող էր ունենալ՝ կոռուպցիոն ռիսկեր, կամայականություններ, երբեմն նաև անձնական հարաբերություններով պայմանավորված հաշվեհարդար։

Ամբողջ գիտխորհուրդն այդ նախագծին կողմ քվեարկեց, ինչից ակնհայտ էր, որ գիտխորհուրդը, որի անդամները պաշտոնյաներ են, առաջնորդվում է ոչ թե գիտաշխատողի շահով, այլ հանձնառում է տնօրինության կամքը։ Մեզ համար զարմանալի էր, որ գիտխորհուրդը կարող է միաձայն կողմ քվեարկել գիտաշխատողի ակադեմիական ազատության վրա բռնացող նախագծին, սա առաջացրեց մի շարք գիտաշխատողների դժգոհությունը։ 

Մի քանիսը նամակ գրեցին գիտքարտուղարին՝ արտահայտելով իրենց բողոքը և հիմնավորելով այդ որոշման աննպատակահարմարությունն ու օրենքի հետ հակասությունները։ 

Մեր այս բողոքը հաշվի առնելով՝ հաջորդ նիստում չեղարկվեց այդ որոշումը, գիտխորհուրդը այս անգամ էլ կողմ քվեարկեց այս մի տարբերակին։ Հասկացանք, որ մեր իրավունքների հարցում չենք կարող հույս դնել անգամ գիտխորհրդի վրա։ 

Սա լրացուցիչ խթան էր, որ մեր արհմիություն ստեղծելու մտադրությունը իրականություն դարձնենք՝ պաշտպանելու գիտաշխատողի իրավունքները։ Գիտաշխատողները չեն կարող լինել կամակատար, նրանք կարող են տնօրինել իրենց ազատությունը։ 

Մեր արհմիության նպատակն է աշխատանքային հարաբերությունների նոր մշակույթ մտցնել, որը վերևից ներքև՝ ենթակա-ստորադաս հարաբերությունների՝ հրամանի վրա հիմնված համակարգին հակադրում է բազմաթիվ կարծիքներով համագործակցային աշխատանքային հարաբերությունները՝ ապահովելով ազատ արտահայտվելու և ազատ ստեղծագործելու իրավունքը։ 

Ցանկացած աշխատանքային վայրում սա պետք է լինի աշխատանքային հարաբերությունների կառուցման հիմքը։ 

Արտակարգ դրության շրջանում ավելացել են աշխատողների իրավունքների խախտման դեպքերը, մասնավորապես, պարզվեց, որ չգրանցված աշխատողների խնդիրն է լուրջ, նաև այս փուլում գործատուները լուծում են աշխատողների հետ պայմանագրերը։ Թեպետ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, բայց խնդիրները կարծես ամբողջությամբ չեն լուծվում։ Ի՞նչ պետք է անել։

– Պայմանագրերի հարցը շատ լուրջ է։ Մենք էլ ենք նման խնդիր ունեցել, երբ պարզեցինք, որ բոլոր գիտաշխատողներով ժամանակավոր պայմանագրերով ենք աշխատում, որը հակասում էր օրենքին։ 

Եվ ցանկացած պահի տնօրինությունը կարող էր լուծել այդ պայմանագիրը։ Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կարող էր մեզ հետ լինել այս արտակարգ դրության պայմաններում, եթե մենք մեր արհմիության միջոցով աշնանն այդ պայմանագրերը փոխել տված չլինեինք և հիմնական պայմանագրեր ձեռք բերած չլինեինք։ Չի բացառվում, որ մենք էլ շատերի նման հայտնվեինք գործազուրկի կարգավիճակում։

Մեր երկրում շատ-շատերը, հիմնականում ավելի ծանր աշխատանք կատարողները, աշխատանքային պայմանագրեր չունեն։ Իսկ առանց պայմանագրի աշխատանքը աշխատանքի երաշխիք չէ։ 

Դա ցանկացած պահի կարող է այլևս չլինել, և աշխատողը հայտնվում է գործազուրկի վիճակում՝ շատ լուրջ հետևանքներով։ Ես կարծում եմ՝ այս խնդիրները պետք է լուրջ քննարկման դրվեն և օրենքով աշխատողների իրավունքները պաշտպանվեն։ 

Եթե պայմանագրերն անգամ ժամանակավոր են, պետք է որոշակի ժամանակահատվածով կնքվեն, ոչ թե մեկ տարով կամ ավելի կարճ ժամանակահատվածով։ Կամ՝ եթե դրանք լուծարվեն, պետությունը պետք է որոշակի պարտավորություն ստանձնի դրանց կարգավիճակը որոշելու առումով։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am