Դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշման վերլուծությունը

«Իրավունքի ուժ» ՀԿ հայտարարությունը․

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մշտադիտարկումը: Վերջին շրջանում մի քանի գործերով Խորհուրդը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացրել է մի քանի որոշումներ, որոնցից այսօր կանդրադառնանք առավել հետաքրքրական որոշումներից մեկին՝ դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը։

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կայացրեց որոշում, որով կարճվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Նախարար) միջնորդությունը:

Այս գործը հետաքրքրական է մասնավորապես նրանով, որ Խորհուրդը իր գործունեության ընթացքում արդեն երկրորդ անգամ կարգապահական վարույթի շրջանակում քննության առարկա դարձրեց վարույթ հարուցող մարմնի անաչառության հարցը (առաջին անգամ այս հարցին խորհուրդը անդրադարձել է դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման շրջանակում):

Հաշվի առնելով, որ այս գործի շրջանակում մեծ հետաքրքրություն է ներկայացնում վարույթ հարուցող մարմնի անաչառության հարցը՝ գործի վերլուծությունը կներկայացնենք հենց այդ համատեքստում և չենք ծանրաբեռնի գործի այլ փաստերով:

Այսպիսով սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը հետևյալն են՝

  1. Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի քաղաքային դատարանի դատավճռով Արտեմ Կազարյանը in absentia մեղավոր է ճանաչվել խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար:
  2. Արտեմ Կազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
  3. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արտեմ Կազարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:
  4. Նախարարի կողմից միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ Արտեմ Կազարյանին Վրաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ:
  5. Դատարանը վերը նշված միջնորդությունը մերժել է՝ Արտեմ Սամվելի Կազարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ:
  6. Դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:
  7. Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ներկայացված բողոքն ամբողջությամբ բավարարվել է, հանձնման միջնորդությունը՝ բավարարվել։
  8. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք Արտեմ Կազարյանի պաշտպանների կողմից, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի որոշմամբ մերժվել է։
  9. Նախարարի որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
  10. Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2021 թվականի օգոստոսի 19-ին հրավիրված նիստի ժամանակ Դատավորը ներկայացրել է միջնորդությունն իր նկատմամբ հարուցված վարույթը կարճելու մասին այն հիմնավորմամբ, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումն ապօրինի է և տեղի է ունեցել օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատարանի անկախության և կամայականության արգելքի սկզբունքների խախտմամբ:

Այս կարգապահական վարույթի շրջանակում Խորհուրդն անդրադարձ է կատարել մի կարևոր հարցադրման, որը հանգում է հետևյալին՝ «արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդն իրավասու է կողմի միջնորդությամբ ստուգել կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը»:

Քանի որ Խորհուրդն անդրադառնում է հարուցված վարույթը կարճելու հիմքերին՝ առանց վարույթ հարուցող մարմնի պատճառաբանությունների հիմնավորվածությանը և օրինականությանն անդրադառնալու, հետևաբար Խորհուրդը գտել է, որ քննարկման առարկա պետք է դարձնի կարգապահական վարույթի հարուցման օրինականության հարցը և հատկապես արդար դատաքննության հիմնարար իրավունքի տեսանկյունից, պատասխանի այն հարցերին, թե արդյոք Նախարարը խնդրո առարկա վարույթը հարուցելով հանդես է եկել որպես անկողմնակալ և անաչառ մարմին և արդյոք նման պայմաններում նրա կողմից կարգապահական վարույթի հարուցումը՝ անաչառ դիտորդի տեսանկյունից կարող է համարվել կողմնակալության դրսևորում, իսկ ամենակարևորը՝ դատարանի գործունեությանը միջամտելու առնչությամբ ողջամիտ կասկածներ հարուցել, և արդյոք անգամ միջնորդությամբ հիշատակված հիմքերի առկայության պայմաններում

Նախարարը չէր կարող օգտվել կարգապահական վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված մեկ այլ մարմնին դիմելու իր իրավունքից:

Այս համատեքստում Խորհուրդը կարևորել է այն հանգամանքը, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել հենց այն որոշումը, որը Դատավորը կայացրել է Նախարարի միջնորդության հիման վրա, այլ կերպ ասած տվյալ պարագայում Դատավորի մոտ քննվող գործի շրջանակում Նախարարը փաստացի հանդիսացել է շահագրգիռ կողմ:

Միևնույն ժամանակ Խորհուրդն արձանագրել է, որ Սահմանադրությունը Խորհրդին ոչ միայն իրավազորում է որոշել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հարցը, այլև հնարավորություն է ընձեռում, դատավորի անկախության երաշխավորման դիրքերից ելնելով, լուծել բոլոր այն հարցերը, որոնք կառնչվեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի հետ: Իսկ լուծել այդ հարցերը նշանակում է իրավական վերաբերմունք արտահայտել, թե որքանով է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ողջ գործընթացը կարգապահական վարույթ հարուցելուց մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունումը, գտնվել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորությունների և պահանջների շրջանակներում, որոնք կոչված են ապահովելու դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդը նշել է նաև, որ չնայած այն փաստին, որ Դատական օրենսգիրքը ուղղակիորեն չի սահմանում իրավադրույթ, ըստ որի պաշտպանվող դատավորը վարույթ հարուցող մարմնի ներկայացուցչին վարույթի ընթացքում կարող է բացարկ հայտնել, այնուամենայնիվ ՀՀ օրենսդրությունն իր համակարգային իրավակարգավորումներում թույլատրում է նման իրավունքը: Նշվածից էլ հետևում է, որ դատավորը կարող է հղում կատարել կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումներին և միջնորդել Խորհրդին կարճելու իր դեմ վարույթը:

Այսպես, Խորհուրդն ուղղակիորեն կիրառել է Սահմանադրությամբ նախատեսված իր սահմանադրական լիազորությունը` լրացնելով Դատական օրենսգրքում իր լիազորությունների և դրանց իրականացման կառուցակարգերի օրենսդրական բացը: Խորհուրդն արձանագրել է, որ Դատավորի՝ իր գործի Բարձրագույն դատական խորհրդում արդարացի կերպով դատական քննության ենթարկվելու իրավունքի մաս է կազմում կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը, մինչդեռ այս գործով վարույթ հարուցող մարմինը եղել է գործով կողմը, որի միջնորդությունը մերժվել է Դատավորի կողմից: Վերջին փաստը, Խորհրդի դիտարկմամբ, պատկանում է այնպիսի հանգամանքների թվին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով վարույթ հարուցող մարմնի անաչառության մեջ:

Միևնույն ժամանակ Խորհուրդը գտել է, որ այս գործով Դատավորի արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ կարգապահական վարույթի հարուցման օրինականության իրավունքի վերականգնման միակ ձևը, կարգապահական վարույթի կարճումն է: Խորհուրդը նշել է նաև, որ իրավունքի վերականգնման այս ձևի իրացումը կարող էր կանխվել վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծումը նման իրավասությամբ օժտված մեկ այլ մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին փոխանցելով:

Այսպիսով Խորհուրդը գտել է, որ վարույթ հարուցող մարմնի անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջացնել, ինչի հիմքով վարույթը ենթակա է կարճման:

Ինչպես արդեն նշեցինք սա նմանատիպ երկրորդ որոշումն է Խորհրդի կողմից, երբ քննության առարկա է դարձվում վարույթի հարուցման օրինականությունը: Արդեն ակնհայտ է, որ սա Խորհրդի կողմից ոչ թե պարզապես մեկ գործով կայացված որոշում է, այլ արդեն ձևավորված նախադեպային պրակտիկա, ինչը միանշանակ ողջունելի է, քանի որ փաստացի Խորհուրդը ոչ թե պարզապես կիրառում է օրենսդրական նորմերը, այլ համակարգային վերլուծության է ենթարկում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ պահպանելու համար դատավորի արդար դատաքննության իրավունքը: