Փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել». Արմեն Գրիգորյան․ «Ազատություն»

«Չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել», – անդրադառնալով փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը՝ «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Չի հաջողվում համաձայնություններ ձեւակերպել», – անդրադառնալով փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը՝ «Ազատության» եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Չնայած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց այսօր ոչ միայն հայտարարություն չի սպասվում, այլև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը եւս մեկ հանդիպման մասին է հաղորդում։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին, առաջիկա օրերին փոխվարչապետերի՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի։ «Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», – մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։

Երեկվա նիստի օրակարգը չեն բացահայտում, չեն հստակեցվում նաեւ հաջորդ հանդիպման օրն ու վայրը։ Արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։ Արմեն Գրիգորյանը հարցին ուղիղ պատասխան չտվեց, բայց ասաց՝ եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը որևէ միջանցքային տրամաբանությամբ հարց, ինչպես ասել ենք, չի քննարկել և չի քննարկելու։ Եվ այս առումով մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության [շրջանակներում], որտեղ որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել։ Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը, պատրաստ ենք քննարկել վերականգնելու էն ենթակառուցվածքները, որոնք Խորհրդային Միության շրջանում գոյություն են ունեցել։ Պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել։ Ճանապարհային այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի Ադրբեջանի տարածքը օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար»։

Հարցին, թե այդ դեպքում ինչու համաձայնության չեն գալիս, Գրիգորյանը պատասխաստանեց. – «Ինչպես միշտ, Հայաստանը այս առումով կոնստրուկտիվ է և պատրաստ է քննարկումները առաջ տանել։ Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ տանել։ Այդ պայմանավորվածությունները բխում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից, հունվարի 11-ի հայտարարությունից և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, որ ապաշրջափակումը փորձում ենք կատարել այդ փաստաթղթերին համապատասխան»։