Մարտի 1. Իրավապաշտպաններն ահազանգում են փակ ճանապարհների մասին, ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի

Մարտի 1. Իրավապաշտպաններն ահազանգում են փակ ճանապարհների մասին, ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի
Մարտի 1. Իրավապաշտպաններն ահազանգում են փակ ճանապարհների մասին, ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի

Այսօր առավոտվանից տարբեր հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ մարզերից Երեւան եկող տրանսպորտը չի աշխատում: Նման տեղեկություններ են հաղորդում ինչպես ՀԱԿ, այնպես էլ` իրավապաշտպանները:
ՀԱԿ արտաքին կապերի պատասանատու Վլադիմիր Կարապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ այս պահին չի աշխատում Հրազդանից, Սեւանից եւ Աշտարակից, Մասիսից դեպի Երեւան եկող միջքաղաքային տրանսպորը։

Կարապետյանի փոխանցմամբ, տեղեկություններ կան, որ Արմավիրում ոստիկանները մտել են քաղաքացիների տները եւ փորձել են մարդկանց ահաբեկել:

Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը այսօր տեղեկություն է տարածել, որ այսօր առավոտից Գյումրիի ավտոկայանից դեպի Երեւան միկրոավտոբուսներ չեն մեկնում:

«Ժամը 11:30-ի դրությամբ ավտոկայանում քաղաքացիների հարցերին ի պատասխան, երթակարգավորման խցում բացատրում էին, թե ճանապարհների վիճակը լավ չէ եւ այդ է պատճառը, որ գազելներ չկան:

Ժամը 11:00-11:30-ի միջակայքում Գյումրու հարավային սահմանին ոստիկանական եւ ճանապարհային ոստիկանության մեքենաներ չկային, որոնք որպես կանոն լինում են ՀԱԿ հանրահավաքների օրերին»,- նշել է Բարսեղյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց, որ չի աշխատում Ղափանից եւ Ալավերդիից Երեւան եկող տրանսպորտը:

Նրա փոխանցմամբ, միկրոավտոբուսները եւ տաքսիները այս պահին կանգնած են Ղափանի հյուրանոցի մոտ, որտեղից սովորաբար մեկնում են Երեւան, եւ նրանց չեն թույլատրում շարժվել:

Ավելին, իրավապաշտպանի փոխանցմամբ, այս գործողությունները համակարգվում են ԱԱԾ-ի կողմից:

«Ըստ հավաստի տվյալների, ԱԱԾ-ում ներքին հրաման կա, ներքին հանձնանարություն, որտեղ նշվում է, որ դրությունը խառն է, եւ որով հրահանգվում է ԱԱԾ մարզային կառույցներին հնարավոր իրադրությունը վերցնել հսկողության տակ, այդ թվում նաեւ ուղեւորափոխադրությունը»,- «Մեդիալաբին» փոխանցեց Սաքունցը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18-ին Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսի հանրահավաքը:

Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ այսօր հանրահավաքին պետք է ներկայացվի ընդդիմության առաջիկա երկու ամիսների ռազմավարությունը:

Հիշեցնենք նաեւ, որ այսօր մարտիմեկյան իրադարձությունների տարելիցն է. 2008-ի հետընտրական զարգացումներին հետեւեցին ուժայինների հետ բախումները` առնվազն 10 զոհ եւ հարյուրավոր վիրավորներ թողնելով:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am