Կանցկացվի «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարք՝ օնլայն և օֆլայն՝ 5 լեզուներով

Դեկտեմբերի 13-19-ը կանցկացվի Հայրենադարձության շաբաթ: Յոթնօրյա միջոցառումների շարքը նախատեսված է այն սփյուռքահայերի համար, որոնք ցանկանում են իրենց կյանքը շարունակել Հայաստանում, մտածում են հայրենադարձության մասին կամ պարզապես տեղեկացված չեն հայրենիք վերադարձի հնարավորությունների վերաբերյալ:

Տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Շաբաթն անցկացվելու է առաջին անգամ և բաղկացած է լինելու առցանց և անցանց միջոցառումներից, հայրենադարձների դեռևս չպատմված լուսանկարչական և տեսապատմություններից:

Արևմտահայերեն ուղիղ միացումը դեկտեմբերի 13-ին կանդրադառնա Միջին Արևելքի հայ համայնքների իրավիճակին՝ Լիբանանից, Սիրիայից և Քուվեյթից  հայրենադարձների հետ քննարկման ձևաչափով:

Դեկտեմբերի 14-ին իսպաներեն ուղիղ միացմամբ արգենտինահայ և ուրուգվահայ հայրենադարձները կխոսեն Հայաստանում մասնագիտական աճի հնարավորությունների մասին:

Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայից և Բելգիայից հայրենադարձները ֆրանսերենով կպատմեն Հայաստանի կենսակերպի և ապրելաոճի մասին:

Դեկտեմբերի 16-ին ռուսաստանահայ հայրենադարձները ռուսերենով կպատմեն անհատական և ընտանեկան հայրենադարձության խնդիրների ու դրանց հաղթահարման հնարավորությունների մասին։

Դեկտեմբերի 17-ին հայրենադարձ երիտասարդները ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում կմասնակցեն կապերի հաստատման և ծանոթությունների ընդլայնման միջոցառման:

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից Հայաստան ժամանած և այստեղից հեռավար աշխատանք իրականացնող մասնագետներն անգլերեն կներկայացնեն Հայաստանից աշխարհի համար հեռավար աշխատանքի հնարավորություններն ու առավելությունները:

Դեկտեմբերի 19-ին շաբաթը կեզրափակվի հայրենադարձ ընտանիքների երեխաների մասնակցությամբ ամանորյա միջոցառմամբ: