1000 դրամ տուգանք ու ազատություն. ոստիկանությունը մտադիր է խստացնել մարմնավաճառության դեմ պայքարը

1000 դրամ տուգանք ու ազատություն. ոստիկանությունը մտադիր է խստացնել մարմնավաճառության դեմ պայքարը
1000 դրամ տուգանք ու ազատություն. ոստիկանությունը մտադիր է խստացնել մարմնավաճառության դեմ պայքարը

Հայաստանի իշխանությունները մարմնավաճառության դեմ պայքարելու համար օրենսդրական նախաձեռնություն են պատրաստում, մինչդեռ հասարակական սեկտորն ու մարդիկ տարակարծիք են` ինչպես կարելի է լուծել այս խնդիրը:
Հունիսի 23-ին Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ օրենսդրական ներկա դաշտը, մասնավորապես ներկայում գործող տուգանքների չափը, թույլ չի տալիս արդյունավետ պայքարել մարմնավաճառության դեմ:
«Օրենսդրությունը մարմնավաճառության համար սահմանել է 1000-1500 դրամ տուգանք, որն, իմ կարծիքով, թույլ չի տալիս մարմնավաճառներին կարգի հրավիրել: Իրենք էլ ընտելացել են, վարժվել են, գիտեն իրենց իրավունքները: Քանի անգամ կարելի է նույն մարդուն տանել-բերել, ու չպատժել, իրականում մնում է անպատիժ»,- նշել էր ոստիկանապետը` հավելելով, որ մինչեւ այս տարեվերջ օրենսդրությունը կխստացվի:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում այսօր գրանցված է 175 մարմնավաճառ, ընդ որում 4 անչափահաս: Ոչ պաշտոնական տվյալներով` սեքս աշխատողների թիվը երեք անգամ ավելի մեծ է, քանի որ նրանց որոշ մասն աշխատում է միայն զանգերով, մի զգալի մասը միայն մոթելներում, իսկ պաշտոնապես գրանցված են միայն փողոցներում իրենց ծառայություններն առաջարկող մարմնավաճառները, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանության վիճակագրության համաձայն` պաշտոնապես գրանցված մարմնավաճառների կեսից ավելին մաշկավեներական հիվանդություններ է ունենում: 2009-ին հիվանդ է եղել առողջապահության նախարարության մաշկավեներական դիսպանսերում ստուգված 241 մարմնավաճառից 140-ը, 2010-ին` 199-ից 94-ը:

Մարմնավաճառներն, իրականում, բազմաթիվ խնդիրների են բախվում ու նրանց իրավունքները բազմիցս ոտնահարվում են:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («ՓԻՆՔ Արմենիա») ՀԿ ղեկավար Մամիկոն Հովսեփյանը «Մեդիալաբին» ասաց, որ օգոստոսից իրենց կազմակերպությունը «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հետ համատեղ անգամ իրավախորհրդատվություն է սկսելու այս խմբի ներկայացուցիչների համար Իրավական կլինիկա նախագծի շրջանակներում:

«Մարմնավաճառությունը որպես տարածված երեւույթ այլ հարց է, իսկ մարմնավաճառության մեջ ներգրավված անձինք, նրանց իրավունքներն ու առողջական հարցերն` այլ խնդիր: Հաշվի առնելով, որ ցանկացած մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն ու նրանց նկատմամբ բռնություն կիրառելը հանցանք է, մարմնավաճառների իրավունքներն ու նրանց անվտանգությունը նույնպես պետք է պաշտպանված լինի: Նրանց պաշտպանությունը, նրանց նկատմամբ բռնության ու խտրականության կանխարգելումը նպաստում է նաեւ սեռավարակների տարածման կանխարգելմանը»,- ասում է Հովսեփյանը:

Վերջերս Ֆեյսբուք սոցիալական կայքում անցկացված մարմնավաճառության օրինականացման ու հասարակակն տների գործունեության վերաբերյալ հարցմանը պատասխանողների կեսից ավելին դեմ էր պատասխանել: Օրինականացման կողմնակից էին հարցվողների ընդամենը 33 տոկոսը:

«Ցավոք հնարավոր չի այն կասեցնել նույնիսկ օրենքով, ուրեմն պետք է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ գոնե դրանից բխող խնդիրները նվազեցվեն: Օրինական դառնալու դեպքում տարբեր հանգամանքերով մարմնավաճառության մեջ ներգրավված անձիք ավելի քիչ բռնության կենթարկվեն իրենց հաճախորդների կողմից, պահպանակի կիրառումը միգուցե պարտադիր պայման դառնա, երբ երևույթն ավելի վերահսկվի»,- ասում է օրինականացման դեմ քվեարկած Հովսեփյանը:

«Մյուս կողմից հնարավոր է առավելագույն ձևով վերահսկել, հաճախակի բժշկական զննումների շնորհիվ նաև խուսափել սեռավարակների տարածումից, խուսափել անչափահասների ներգրավված լինելուց»,- հավելում է նա:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ, ուսանողուհի Լիլիթ Դանիելյանը դեմ է մարմավաճառության օրինականացմանը, քանի որ նրա կարծիքով դրանից հետո ավելի շատ մարդիկ են մարմնավաճառությամբ զբավելու:

«Եթե օրինականացվի, ավելի շատ կին է դրանով զբաղվելու ու ավելի շատ կանայք են բռնության ենթարկվելու: Սակայն, կան նաեւ մարդիկ, ում համար դա հեշտ փող վաստակելու միջոց է ու նրանք, միեւնույնն է, չեն ուզում ուրիշ աշխատանք անել, նրանց դա կօգնի»:

Ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանի խոսքերով` անչափահասների 15-18 տարեկան աղջիկների մի խումբ կա, ովքեր ընտանեկան հսկողության բացակայության պատճառով հայտնվում են փողոցում ու զբաղվում մարմանավաճառությամբ:

«Այսօր գրանցված է 4 մարմավաճառ անչափահաս աղջիկ: Բայց, եթե այս 4-ը մեր հսկողության տակ են, ապա կան վարքի շեղում ունեցող աղջիկիներ, որոնք բարձիթողի վիճակում են»,- ասում է Դուրյանը:

Երեւանում անչափահաս մարմնավաճառները ամեն օր իրենց ծառայություներն են առաջարկում Երեւանյան լճի հարակից տարածքում, որը հայտնի է բոլորին: Մարզերում անչափահաս մարմնավաճառների խնդրին էր անդրադարձել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նրա մտահոգությունները բացահայտվել էին այս գարնանը Wikileaks-ի խողովակներից մեկում:

«Մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաք հանդիսացող Վանաձորի մարմնավաճառների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հայտարարությունների համաձայն, աղքատությունը և հուսահատությունը մարդկանց վաճառքի հիմնական պատճառներն են հանդիսանում Հայաստանում: О Նրանք պատմեցին մեզ, որ արդեն սկսել են «գործի» դուրս գալ 11-12 տարեկան աղջիկներ»,- գրել էր Էվանսը:

«Հայաստան այցելող շատ մարդիկ տեսնում են միայն Երևանը` գեղեցիկ հրապարակներով, փայլող Համմերներով և BMW X5-երով, և մտածում են, որ երկրի գործերը լավ են ընթանում: Հայերը և երկիրը լավ ճանաչող օտարերկրացիները Հայաստան այցելողներին հաճախ ասում են, որ կա երկու Հայաստան` Երևանը և մնացյալ Հայաստանը»:

«Հայաստանի ղեկավարությունը չի կարող բարելավել տնտեսության վիճակը օրենքի խստացմամբ և ավելի խիստ պատիժների սահմանմամբ: Չնայած որ դա նույնպես անհրաժեշտ է, Հայաստանը պետք է սեփական մարմինը վաճառող կանանց այլընտրանքային աշխատանք առաջարկի, որպեսզի բարեհաջող պայքար ծավալի մարդկային առևտրի դեմ»,- հավելել էր նա:

Սակայն, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խնդիրն առավելապես արժեհամակարգային է համարում.

«Ամեն դեպքում լավ է, որ ինտեգրվում ենք եվրոպական ընտանիքին, մեր մոտեցումները փոխում ենք կյանքի նկատմամբ, մարդու իրավունքների նկատմամբ: Բայց դա (մարմնավաճառություն) մեր ազգին հարիր չէ, մեր սովորույթներին հարիր չէ, պատիվ չի բերում մեզ»:

«Երբ ուրիշ տեղ տեսնում ենք` նորմալ ենք համարում, բայց երբ մեր աղջիկներին ենք տեսնում այդ վիճակում, սրա-նրա հետ տարբեր ազգությունների, ես որպես հայ մարդ ցավում եմ»,- ասել է Սարգսյանը` նկատի ունենալով, որ մարմնավաճառների ծառայություններից օգտվում են նաեւ այլազգիները, մասնավորապես իրանցիները:

Մարմնավաճառությունը զարգանալու պոտենցիալ ունի հարավային տարանցիկ Կապան քաղաքում, որը մայրաքաղաքից հեռու է 320 կմ: Պահանջարկը հիմնականում ապահովում են իրանցի մեծ բեռնատարների վարորդները:

Վարորդների հետ գործ ունենցող մարմնավաճառները հիմնականում հանդիպում են հատուկ կայանատեղիում: Կապանցի մարմնավաճառներից մեկը (ով չցանկացավ ներկայանալ) բացատրում է, որ իրենց մոտ մարմնավաճառների մի խավ կա, ովքեր պատրաստ են անգամ իրանցի վարորդների հետ գործ ունենալ.

«Փողոցում չեն կանգնում, բայց պարսկական ստայանկա կա, որ ասենք որոշ անձնավորություններ կան, որ պարսիկների հետ են հանդիպում, ռեյսավիկ շոֆերների հետ, էդ արդեն էն ցածր խավն ա»:

Ուսանողուհի Լիլիթ Դանիելյանը կարծում է, մարմնավաճառության դեմ արդյունավետ կարելի է պայքարել միայն երկարատեւ ջանքերի միջոցով:

«Պետք է հասկանալ այդ կանանց խնդիրները, հոգեբանների օգնությամբ ու փորձել օգնել այս կանաց այլ զբաղմունք գտնել, նրանց այլ աշխատանքով ապահովել»,-ասում է նա:

Սառա Խոջոյան

Ծաղրանկարը` Վահե Ներսեսյանի

© Medialab.am