Լարված իրավիճակ Փարաքարում․ ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին․ տեսանյութ

Ոստիկանները բերման են ենթարկում Զվարթնոց տանող ճանապարհը փակած ցուցարարներին: Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և նրա թիմակիցներին թույլ չեն տալիս մտնել համայնքապետարանի շենք, գրում է Factor.am-ը։

Ցուցարարները վանկարկում են՝ «արդարություն», «հաղթանակ»: Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, համայնքապետարանի մոտ՝ դրսում, կազմակերպել էր երդմնակալության արարողությունը: Այստեղ էին «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը: Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։