Միշուստինը Ղազախստանի նոր վարչապետին շնորհավորել է նշանակման կապակցությամբ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է իր ղազախ գործընկեր Ալիխան Սմայիլովին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պատասխանատու պաշտոնում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում Միխայիլ Միշուստինը շնորհավորել է իր ղազախ գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նոր պատասխանատու պաշտոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միշուստինը և Սմայիլովը ընդգծել են կառուցողական համագործակցության ամրապնդման, ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցությունը համատեղ ամրապնդելու պատրաստակամությունը, բարենպաստ պայմաններ ստեղծելու էներգետիկայի, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի խթանման համար։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության ակտիվացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր էր ստորագրել երկրի կառավարության նոր կազմի հաստատման մասին։ Նախկին կառավարությունը հունվարի 5-ին բողոքի ցույցերի ֆոնին լուծարվել էր։