Վերջին օրերին Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու առանցքային հայտարարություն է տարածել, որտեղ պատմական համեմատությունների միջոցով փորձել է արդարացնել այս օրերին Ուկրաինայում իր երկրի ծավալած գործողությունները։
Այդ հայտարարություններում մի շարք քարոզչական և մանիպուլյատիվ դրվագներ կան, որոնցից առանձնացրել ենք Հայաստանի և հայության համար առանցքային կարևորություն ունեցող՝ ազգերի ինքնորոշման իրավունքի երկակի մեկնաբանումը Պուտինի կողմից։
Առաջին՝ փետրվարի 21-ի ելույթում, որով հայտարարվեց Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման մասին, Պուտինը մասնավորապես նշում է, որ Ուկրաինան ամբողջությամբ և հիմնովին ստեղծվել է Ռուսաստանի կողմից, ավելի կոնկրետ՝ բոլշևիկյան իշխանության կողմից։
Պատմական էքսկուրս անելով՝ Պուտինը նկարագրում է 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսական Կայսրությունից մնացած տարածքներում պետական կառավարման ձևերի և մեթոդների շուրջ ծավալված բանավեճը։ Նա հիշեցնում է, որ Իոսիֆ Ստալինը, որը 1922-ին համատեղում էր ՌԿ(բ)Կ-ի Կենտկոմի առաջին քարտուղարի և Ազգային հարցերով ժողկոմի (նախարարի) պաշտոնները, առաջարկում էր գնալ նախկին կայսրությունից մնացած տարածքներում Ռուսաստանի կազմում ինքնավար հանրապետությունների միություն ստեղծելու ճանապարհով, մինչդեռ, ըստ Պուտինի, Վլադիմիր Լենինն առաջարկում էր «զիջել ազգայնականներին, ինչպես ինքը (Լենինն) էր այդ ժամանակ անվանում՝ անկախականներին, և գնալ կոնֆեդերատիվ միության ճանապարհով՝ հիմքում դնելով ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև ամբողջական անջատում»։
«Ինչի՞ համար էր պետք արքայական ընծա անել և բավարարել ցանկացած, անսահմանորեն աճող ազգայնական նկրտումները նախկին կայսրության ծայրամասերում» — հարցադրում է անում ՌԴ այսօրվա նախագահը՝ խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին փաստացի համարելով «պատմական Ռուսաստանի» բնակչություն, իսկ նրանց անկախական ձգտումները համարելով «ազգայնականության բացիլ», որը, ըստ Պուտինի, ի վերջո օգնեց քանդել ԽՍՀՄ-ը։
Ընդ որում, Պուտինը 1980-ականների երկրորդ կեսից Խորհրդային Միությունում ընթացող ազգային-ժողովրդավարական շարժումների դրդապատճառ է համարում ոչ թե ԽՍՀՄ ժողովուրդների չիրականացված ակնկալիքներն ու ձգտումները, այլ դրանք անվանում է «տեղի էլիտաների աճող ախորժակի» դրսևորում։
Իսկ փետրվարի 24-ին հրապարակված ուղերձում, որով Պուտինը փաստացի պատերազմ հայտարարեց Ուկրաինային այդ երկրի «դենացիֆիկացիայի» և «դեմիլիտարիզացիայի» նպատակով, արդեն հակառակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը հիշատակվում է դրական՝ «ազատարար» և «մարդասիրական» համատեքստում։ Նա նշում է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրողությունները թեև խիստ կարևոր են, բայց «ոչ ոք չի չեղարկել ազգերի ինքնորոշման սկզբունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածում»։
Այնուհետև, Վլադիմիր Պուտինը, թեև նշում է, որ հարգում է նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը, այնուհանդերձ, փաստացի ուղիղ տեքստով հայտարարում է, որ ժամանակակից Ուկրաինայում ապրող բոլոր ժողովուրդներն ինքնորոշվելու իրավունք ունեն։
«Ո՛չ ԽՍՀՄ կազմավորման ընթացքում, ո՛չ Երկրորդ աշխարհամարտից հետո ժամանակակից Ուկրաինայում բնակվող մարդկանց ոչ ոք երբեք չի հարցրել, թե ինչպես են նրանք ուզում կազմակերպել իրենց կյանքը։ Մեր քաղաքականության հիմքում ազատությունն է՝ բոլորի ազատությունը՝ ինքնուրույն որոշելու իրենց և իրենց երեխաների ապագան։ Եվ մենք կարծում ենք՝ կարևոր է, որ այդ ընտրության իրավունքից կարողանան օգտվել այսօրվա Ուկրաինայում ապրող բոլոր ցանկացող ժողովուրդները»,- իր ելույթում ասում է ՌԴ նախագահը։
Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում իր ունեցած երկու առանցքային ելույթների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանիպուլացնում է ազգերի ինքնորոշման համընդհանուր սկզբունքի բովանդակությունը՝ մի կողմից այն ներկայացնելով որպես տուրք ազգայնականությանը, մյուս կողմից, Ուկրաինայում իր գործողություններն արդարացնելու նպատակով ընդունելի է համարում այդ երկրում ապրող տարբեր խմբերի ինքնորոշման հնարավորությունը։