Մաաստրիխտի պայմանագրի 30-ամյակը և թողած ժառանգությունը

Մաաստրիխտի պայմանագիրը (պաշտոնապես՝ Պայմանագիր Եվրոպական Միության մասին) ստորագրվել է 1992թ. փետրվարի 7-ին Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում, որով ստեղծվել է Եվրոպական Միությունը (այսուհետ՝ ԵՄ)։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1993թ. նոյեմբերի 1-ին։ Պայմանագիրը կարգավորեց եվրոպական երկրների դրամական և քաղաքական համակարգերը, և պայմանագրի ստորագրման արդյունքում ներմուծվեց եվրոն՝ որպես եվրոպական դրամական միավոր։

ՆԱԽԱԲԱՆ

1990թ. սկզբին Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները՝ Հելմուտ Քոլը (Գերմանիայի կանցլեր) և Ֆրանսուա Միտտերանը (Ֆրանսիայի նախագահ), ցանկանալով ընդլայնել համագործակցությունը տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում և եվրոպական անվտանգության բնագավառում, ձեռնամուխ եղան Մաաստրիխտի պայմանագրի կնքմանը: Իհարկե, գործընթացն անխոչընդոտ չիրականացավ (օրինակ սկզբում Դանիայի ընտրողները մերժեցին նախնական պայմանագիրը, սակայն հետագայում հաստատեցին փոքր-ինչ փոփոխված տարբերակը), բայց ֆրանս-գերմանական նախաձեռնությունն ի վերջո հաջողվեց: 

Արդյունքում պայմանագիրը լուծեց եվրոպական երկրների դրամական և քաղաքական համակարգերի կարգավորման հարցը։ Պայմանագրի ստորագրման արդյունքում ներմուծվեց եվրոն՝ որպես եվրոպական դրամական միավոր։ Պայմանագիրը նաև հաստատեց Միության երեք հիմքերը (հաջորդիվ մանրամասն կներկայացնենք դրանք). ա) տնտեսական և սոցիալական քաղաքականությունը, բ) միջազգային հարաբերությունները և անվտանգությունը, գ) արդարությունը և ներքին գործերը՝ ի շահ Եվրոպական Միության անդամ երկրների:

Ազդարարելով ԵՄ-ի ստեղծումը՝ Մաաստրիխտի պայմանագիրը փոփոխեց Եվրոպական համայնքների կողմից 1950-ականներին ստեղծված պայմանագրերը: Սակայն Ավստրիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ԵՄ-ին անդամակցությունից հետո (1995թ.) Մաաստրիխտի պայմանագիրն իր հերթին փոփոխություններ կրեց Ամստերդամի (1997թ.) և Նիցցայի (2001թ.) պայմանագրերով, իսկ ևս տասներկու պետությունների միանալուց (2004թ.՝ Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա, Մալթա, Կիպրոս, 2007թ.՝ Բուլղարիա և Ռումինիա) և Եվրոպական սահմանադրության մասին պայմանագրի չեղյալ հայտարարումից հետո (2005թ.) Մաաստրիխտը համակողմանիորեն վերանայվեց: 

Եվ 2007թ. Լիսաբոնի պայմանագիրը (հայտնի է նաև որպես Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագիր-TFEU) եկավ լրացնելու ԵՄ-ի սահմանադրության հիմք հանդիսացող երկու պայմանագրերը (Հռոմի և Մաաստրիխտի պայմանագրերը)։ Լիսաբոնի պայմանագիրը ստորագրվել է Եվրոպական Միության անդամ երկրների կողմից 2007թ. դեկտեմբերի 13-ին և ուժի մեջ է մտել 2009թ. դեկտեմբերի 1-ին։ Այն ուղղումներ է մտցնում Մաաստրիխտի (1992-1993) և Հռոմի պայմանագրերի (1957-1958) մեջ։ 

ՄԱԱՍՏՐԻԽՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին աշխարհում տեղի ունեցող այնպիսի փոփոխությունների խորապատկերին, ինչպիսիք են Բեռլինի պատի անկումը և երկու Գերմանիաների վերամիավորումը, ԽՍՀՄ փլուզումը, Եվրոթունելի կառուցման ավարտը (Channel Tunnel), որի զգալի մասն անցնում է Լա-Մանշի նեղուցի տակով և կապում է մայրցամաքային Եվրոպան Մեծ Բրիտանիային, ԵՄ անդամ պետությունները սկսեցին քննարկել, թե ինչպիսին է լինելու Եվրոպայի ապագան այսուհետ:

Եվ ահա այս բարենպաստ հանգամանքները պահանջում էին վերանախագծել Եվրոպական համայնքները, որոնք մինչ այդ հիմնականում կենտրոնացած էին առանց մաքսատուրքերի, անխափան շուկայի կառուցման վրա, որը, ի թիվս այլ նպատակների, միտված էր կանխելու ապագա զինված հակամարտությունները: Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը զգացին, որ է՛լ ավելի բարձր նպատակ դնելու ժամանակն է: Օգտվելով պահից՝ տասներկու երկրները որոշեցին ստեղծել ԵՄ-ը, տերմին, որն այսօր լայնորեն օգտագործվում է:

ՄԱԱՍՏՐԻԽՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մաաստրիխի համաձայնագիրը ստեղծեց ԵՄ-ի երեք սյուները՝ եվրոպական համայնքների, արդարադատության և ներքին գործերի, ինչպես նաև անվտանգության քաղաքականությունը՝ միաժամանակ տրամադրելով եվրոպական քաղաքացիություն, որը թույլ էր տալիս մարդկանց ապրել և աշխատել Միության ներսում։ «Այս պայմանագիրը նոր փուլ է նախանշում Եվրոպայի ժողովուրդների միջև ավելի սերտ միություն ստեղծելու գործընթացում, որտեղ որոշումները հնարավորինս մոտ են ընդունվում քաղաքացուն»,- ասվում է պայմանագրի առաջին հոդվածում։

ԵՄ-ի ստեղծումը թույլ տվեց ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին «ազատ տեղաշարժվել և բնակվել» Միության ողջ տարածքում և մասնակցել համայնքային ու եվրոպական ընտրություններին իրենց բնակության երկրում: Իրավական կարգավիճակն արագորեն դարձավ ԵՄ-ի առավել շոշափելի ձեռքբերումներից մեկը. համաձայն 2021թ․ Եվրոբարոմետրի տվյալների՝ Միության բնակչության 72%-ը պատասխանել է, որ իրեն ԵՄ քաղաքացի է զգում: 

Վերափոխված ԵՄ-ը կառուցված էր երեք սյուների վրա. առաջին սյունը գործում էր համայնքային ընթացակարգով, իսկ մյուս երկուսը կարգավորվում էին միջկառավարական ընթացակարգով:

Տնտեսական կայունություն և եվրո․ Մաաստրիխտի պայմանագիրը դրեց տնտեսական և արժութային միության հիմքերը: Կամ, ինչպես դա պայմանագրում է նշվում, այն նպաստում է «տնտեսական և սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և տնտեսական ու արժութային միության ստեղծմանը՝ ներառելով միասնական արժույթը»:

Սա իր գագաթնակետին հասավ 2002թ․, երբ եվրոն իրականություն դարձավ, և եվրոյի թղթադրամներն ու մետաղադրամները սկսեցին շրջանառվել ԵՄ անդամ 12 երկրներում: Այս վերափոխումը ներառեց նաև գոյություն ունեցող Եվրոպական համայնքները* մեկ միասնական Եվրոպական համայնքի մեջ և զբաղվեց տարբեր հարցերով, ինչպիսիք են՝ Մաքսային Միությունը, գյուղատնտեսական քաղաքականությունը, ձկնաբուծությունը, մրցակցային օրենսդրությունը և շրջակա միջավայրը: Սրանք հիմնականում այն ոլորտներն են, որտեղ Բրյուսելն ուներ ավելի բարձր իրավասություն և ինքնավարություն: Դա նաև նշանակում էր, որ Եվրախորհրդարանն այժմ իրավասու է ընդունել իրավական ակտեր Եվրոպական Միության Խորհրդի հետ համատեղ՝ համաձայնեցում կոչվող ընթացակարգով: 

Մաաստրիխտում ձեռքբերված համաձայնությունը հաջողվեց, և եվրոն այժմ աշխարհում երկրորդ ամենավաճառվող արժույթն է: Եվրագոտում ապրող ավելի քան 340 միլիոն մարդկանց համար դա նշանակում է՝ ա) ավելի շատ ընտրություն և կայուն գներ, բ) ավելի մեծ անվտանգություն և հնարավորություն բիզնեսի համար, գ) բարելավված կայունություն և աճ, դ) ավելի սերտ ինտեգրված ֆինանսական շուկաներ:

Ոստիկանություն և դատական ​​համագործակցությունԵրկրորդ հենասյունը կենտրոնացած էր ոստիկանության և դատական ​​համագործակցության վրա այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, մարդկանց թրաֆիքինգը և կազմակերպված հանցավորությունը: Հարկ է նշել, որ այս տեսակի անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարը հրամայական դարձավ 1985թ․ Շենգենյան համաձայնագրի ստորագրումից հետո, որն աստիճանաբար վերացրեց սահմանային ստուգումները: 

Հանցագործները սահմաններ չեն ճանաչում, ուստի միայն միասին աշխատելով՝ ԵՄ երկրները կարող էին արդյունավետորեն պայքարել հանցավորության և ահաբեկչության դեմ: Մաաստրիխտի պայմանագիրը փոխարինեց կառավարությունների միջև ուղղակի համագործակցության անկատար և խճճված ձևին: Արդարադատության և ներքին գործերի հենասյունը թույլ տվեց աստիճանաբար զարգացնել այնպիսի գերատեսչություններ, ինչպիսին է Եվրոպոլը և ստեղծել այնպիսի գործիքներ, ինչպիսին է ձերբակալման եվրոպական օրդերը՝ հեշտացնելով հանցագործության մեջ կասկածվող անձանց տեղափոխումը ԵՄ երկրների միջև: 

Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն. Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության մշակումն ուղղված է խաղաղության պահպանմանը, միջազգային անվտանգության ամրապնդմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, օրենքի գերակայության պահպանմանը, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգմանը:

Եվ ահա երրորդ հենասյունը նվիրված էր Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը․ տեղի ունեցավ ԵՄ որոշումների կայացման նորարարական հավելում: Հաշվի առնելով քննարկվող հարցերի քաղաքական զգայունությունը՝ որոշումները նախանձախնդրորեն ղեկավարվում էին անդամ երկրների կողմից (իսկ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհրդարանն ունեին նվազագույն ներդրում) և ընդունվում էին միաձայնության հիման վրա, որը շարունակվում է մինչ օրս:

2012թ․ ԵՄ-ը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Դա մասամբ պայմանավորված էր մի շարք անդամ երկրներում ժողովրդավարությունը խթանելու և պաշտպանելու նրա գործողություններով: 

Անդամ երկրների միջև նախկին՝ բավականին թուլացած համագործակցության փոխարեն նոր Եվրամիությունն այժմ հնարավորություն ուներ համաշխարհային հարթակում մեկ ձայնով հանդես գալ և խոսել։

Ի՞ՆՉ ՏՎԵՑ ՄԱԱՍՏՐԻԽՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ

Մաաստրիխտի պայմանագիրը գների կայունությունը պահպանելու մանդատով լրջագույն հիմք ստեղծեց Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) համար:

Չնայած Դանիան և Մեծ Բրիտանիան շտապեցին հաստատել բացառությունները միասնական արժույթից դուրս գալու համար, մնացած 10 անդամ երկրները համաձայնեցին համապատասխանել հինգ հիմնական չափանիշներին, որոնք կօգնեին միավորել իրենց խիստ անհամաչափ տնտեսությունները: 

«Մաաստրիխտի չափանիշները» սահմանում են գնաճի, տոկոսադրույքների, փոխարժեքի և պետական ​​պարտքի կանոններ և շարունակում են կիրառվել բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են միանալ եվրոյին։ Իհարկե, այստեղ կար տրամաբանական անհամաչափություն, և իհարկե առկա էին տարբերություններ երկրների միջև՝ կախված իրենց տնտեսական ցուցանիշներից։ Սակայն գնալով այդ տարբերությունների միջակայքը դարձավ ավելի պակաս կտրուկ, և անկումներն ու վերելքներն իրենց տեղը զիջեցին միջին հաջողությանը, որի պայմաններում եվրոն շարունակում է մնալ միասնական արժույթ առ այսօր Միության անդամ երկրների մեծ մասի համար։

Այն սահմանափակումները, որոնք ստիպում էին երկրներին պահել իրենց պետական ​​դեֆիցիտը 3%-ից ցածր, իսկ պետական ​​պարտքը՝ ՀՆԱ-ի 60%-ից ցածր, հետագայում վերածվեցին ԵՄ-ի համար պարտադիր հարկաբյուջետային կանոնների բոլոր անդամ երկրների համար՝ եվրոգոտում և դրա սահմաններից դուրս՝ Կայունություն և աճ անվան տակ (SGP-Stability and Growth Pact)։ Այսօր SGP-ը Մաաստրիխտի ամենակայուն և վիճելի ժառանգություններից մեկն է:

Պակտը, որը գործում է 1990-ականների վերջից և վերահաստատվել է ֆինանսական ճգնաժամի ժամանակ, լայնորեն քննադատության է ենթարկվել իր բարդության և խստության, ինչպես նաև անկանոն համապատասխանության և կողմնակալ կիրարկման համար:

Մաաստրիխտի համաձայնագիրը ԵՄ-ին դարձրեց ավելի արդյունավետ, ներառական, թափանցիկ և հաշվետու:

Մաաստրիխտի պայմանագրով սահմանվեց Եվրոպական Միության քաղաքացիություն: Սա նշանակում է, որ ԵՄ բոլոր քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել ԵՄ ներսում. չկան ներքին սահմաններ, և ճանապարհորդությունն ավելի հեշտ է: Ավելին, ԵՄ մեկ այլ երկրում ապրելու, աշխատելու կամ սովորելու և այնտեղ տեղական ու եվրոպական ընտրություններին առանց սեփական ազգությունից հրաժարվելու քվեարկելու համար որևէ խոչընդոտ չկա:

Նախկինում ԵՄ անդամ մեկ այլ երկրում բնակության իրավունքը տրվում էր միայն ԵՄ քաղաքացիներին, ովքեր կարող էին ապացուցել, որ աշխատանք ունեն այդ երկրում։

Բարեկեցություն և աշխատատեղեր․ ԵՄ-ում ազատ առևտրի պայմաններում այլևս չկան առևտրի սահմանափակումներ, մաքսատուրքեր կամ սահմանային վերահսկողություն: Օրինակ, որպես ավանդական արտահանող երկիր, Գերմանիան մեծապես օգուտ է քաղում դրանից. երկրի աշխատատեղերի գրեթե 30 տոկոսն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է արտահանումից. արդյունաբերության մեջ այս ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը:

Բարելավված կրթություն Պայմանագիրը համախմբեց մի շարք գոյություն ունեցող հաջողված կրթական սխեմաներ, ինչպիսին է Էրազմուս ծրագիրը, որը ստեղծվել էր սկզբում որպես ուսանողների փոխանակման ծրագիր՝ սահմանափակ կիրառմամբ: Պայմանագրի գոյության երեք տասնամյակների ընթացքում ավելի քան 10 միլիոն մարդ մասնակցել է Erasmus+-ին և նրա նախորդներին, որոնք ստեղծվել են շարժունությունը, միջազգային փորձը և համագործակցությունը խրախուսելու և խթանելու համար: Մաաստրիխտը նպաստեց Եվրոպայում կրթության և ուսուցման դերի բարձրացմանը: 2020թ․ Էրազմուս+ ծրագրի ընդհանուր բյուջեն հասել է 3,37 միլիարդ եվրոյի։ Չնայած COVID-19 համավարակին՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվեց շուրջ 20,400 նախագիծ, 126,900 կազմակերպություն՝ միաժամանակ աջակցելով գրեթե 640,000 ուսանողի ուսուցման փորձին:

Միասնական նվազագույն չափորոշիչներ․ Սպառողները կարող են ապավինել բոլոր անդամ երկրներում որակի, անվտանգության և առողջության միևնույն ստանդարտներին՝ հաշվի առնելով սպառողների պաշտպանության ԵՄ համընդհանուր կանոնները: Օրինակ, ապրանքների բաղադրիչները պետք է նշված լինեն ԵՄ-ում վաճառվող սննդամթերքի բոլոր տեսակների վրա և այլն: Խաղաղություն Սրան էականորեն նպաստել են Եվրամիության ինստիտուտները. տնտեսական առումով համագործակցող երկրները ռազմական հակամարտությունների մեջ չեն մտնում:

Փոխկապակցված ԵվրոպաՀամախմբման քաղաքականությունը, որի նպատակն է նպաստել ԵՄ ընդհանուր ներդաշնակ զարգացմանը, ամրագրվել է նաև Մաաստրիխտի պայմանագրում: Այս փոփոխության մի մասը ներառում է տրանսպորտային ցանցերի և կապերի զարգացումը ողջ Եվրոպայում: Սա էականորեն նպաստում է մարդկանց և ապրանքների արագ ու անվտանգ տեղաշարժն ապահովելուն: 

Այս համատեքստում տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) քաղաքականության նպատակը ԵՄ-ում արդյունավետ տրանսպորտային ցանցի ստեղծումն է՝ ամրապնդելու ԵՄ տնտեսական, սոցիալական և տարածքային համախմբվածությունը՝ ապահովելով անխափան տրանսպորտային համակարգեր սահմաններից այն կողմ՝ առանց բացակայող օղակների և խոչընդոտների: Ցանցը ներառում է երկաթուղային գծեր, ներքին ջրային ուղիներ, ինչպես նաև ծովային նավագնացության ուղիներ և ճանապարհներ։

Այն ընդգրկում է 90,000 կմ և միացնում է 424 խոշոր քաղաքներ նավահանգիստներով, օդանավակայաններով և երկաթուղային տերմինալներով: TEN-T քաղաքականությունը նաև նպատակ ունի էապես նվազեցնել տրանսպորտի ունեցած բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, այդ թվում՝ մինչև 2030թ․ երկար հեռավորությունների ավտոմոբիլային բեռնափոխադրումների մեկ երրորդը երկաթուղային և ջրային տրանսպորտի անցնելու միջոցով:

Երբ TEN-T-ն ավարտվի, արմատապես կկրճատվի եվրոպական խոշոր քաղաքների միջև ճանապարհորդության ժամանակը. Կոպենհագեն-Համբուրգ գնացքով ճանապարհորդությունը կտևի 2,5 ժամ՝ այսօրվա 4,5 ժամի համեմատ: Այն նախադրյալներ կստեղծի ԵՄ-ում զգալի տնտեսական աճի համար՝ հաշվի առնելով ուղևորների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատումը, ուղևորների և բեռնափոխադրումների հոսքի, ինչպես նաև տրանսպորտային ցանցերի թողունակության ավելացումը։

Եթե ​​ամեն ինչ հաջողությամբ իրականացվի, ապա արդեն 2050թ․ Եվրամիությունով ճանապարհորդությունը կտևի միջինում կես ժամ, իսկ նոր տրանսպորտային ցանցը կմիացնի 94 նավահանգիստ, 38 օդանավակայան, ինչպես նաև 15 հազար կիլոմետր արդիականացված արագընթաց երկաթուղի: 

Կանաչ Եվրոպա Շրջակա միջավայրը և կլիմայի պաշտպանության հարցերը ևս անմասն չեն Մաաստրիխտի պայմանագրից: Պայմանագիրը ճանաչում էր գիտական ​​տվյալների կարևորությունը, գործողությունների հնարավոր օգուտներն ու ծախսերը (կամ դրանց բացակայությունը), այն սկզբունքը, որ աղտոտողը պետք է վճարի, և որոշումը, որ տնտեսական աճը չպետք է լինի ի հաշիվ շրջակա միջավայրի: Այդ ժամանակից ի վեր ԵՄ-ում մեծ առաջընթաց է գրանցվել, մասնավորապես ԵՄ-ը գերակատարել է 2020թ․ արտանետումների կրճատման իր նպատակը: 2020թ․ ԵՄ-ն ուներ 31%-ով ավելի ցածր ջերմոցային գազերի արտանետումներ՝ համեմատած 1990թ․ հետ, ինչը շատ ավելի բարձր էր արտանետումները 20%-ով կրճատելու իր նպատակից։

ԵՄ-ը նաև եղել է կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի՝ ջերմաստիճանի բարձրացումը երկու աստիճանից պակաս սահմանափակելու գլոբալ ծրագրի ջատագովը: 2019թ․ ԵՄ առաջնորդները պարտավորվել են հասնել կլիմայական չեզոքության ԵՄ-ում մինչև 2050 թվականը․ սա աշխարհի երկրների առաջին բլոկն է, որը խոստանում է հասնել նման հավակնոտ նպատակի:

Սպառողների շահերի վրա կենտրոնացած Եվրոպա Եվրոպայում սպառողներն այժմ ավելի, քան երբևէ մտահոգված են իրենց սննդի որակով և բաղադրիչներով, և ԵՄ-ի կողմից ի սկզբանե որպես Մաաստրիխտի համաձայնագրի մաս ներդրված կանոնները նշանակում են, որ սննդամթերք արտադրողները պետք է հայտարարեն վերամշակված սննդի բաղադրամասերի մասին։

Սոցիալական և խնամատար ԵվրոպաԵվրոպական նախագծի ստեղծման առաջին իսկ օրերից օրակարգում առաջնային է եղել աշխատողների նկատմամբ տնտեսական վերակառուցման բացասական հետևանքների նվազեցումը: Այդ նպատակով Եվրոպական սոցիալական հիմնադրամի դերն ու ազդեցությունը մեծացավ՝ արտացոլելու տնտեսական վերափոխման տեմպերը: Մաաստրիխտի պայմանագիրն ընդլայնեց և պաշտոնականացրեց Եվրոպական սոցիալական հիմնադրամի շրջանակը՝ ներառելով նրանց, ովքեր տուժում են արդյունաբերական և արտադրական համակարգերի փոփոխություններին հարմարվելու հետևանքով: Մաաստրիխտը նաև ճանապարհ հարթեց Եվրամիության համար՝ աջակցելու անդամ երկրներին իրենց առողջապահական համակարգերը բարելավելու հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են.

  • առողջապահական ծառայությունների հասանելիություն,
  • առողջապահական ենթակառուցվածքների արդիականացում,
  • առողջապահական համակարգերի արդյունավետության բարձրացում:

Բիզնեսի և աշխատանքի օրինաչափություններն անընդհատ փոփոխվում են, և դա էլ ավելի ցայտուն կդրսևորվի առաջիկա տարիներին, քանի որ ավելի մեծ ավտոմատացումն ու արհեստական ​​բանականությունն աճող մարտահրավերներ են ստեղծում աշխատողների համար: Հիմնադրամի աշխատանքը շարունակվում է և այժմ կենտրոնացած է չորս ոլորտների վրա.

  • աշխատատեղերի ստեղծման միջոցով աշխատուժի պահանջարկի բարձրացում,
  • հմուտ աշխատուժի առաջարկի բարձրացում՝ երիտասարդության և երկարաժամկետ գործազրկության դեմ պայքարի միջոցով,
  • աշխատանքի շուկաների գործունեության բարելավում,
  • արդարության վրա կենտրոնացում՝ պայքարելով աղքատության դեմ և նպաստելով հնարավորությունների հավասարությանը:

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մաաստրիխտը կենդանի փաստաթուղթ է, որը հարմարվում է ժամանակին: Այսօր մի շարք մարտահրավերների հաղթահարումը Եվրոպայում (համավարակ և դրանից բխող սոցիալ-տնտեսական խնդիրներ) եվրոպացիները պայմանավորում են Մաաստրիխտի պայմանագրում նախապես ամրագրված համապատասխան դրույթների կատարմամբ և միասնականությամբ: Եվրամիությունը հանդիսանում է աշխարհի երկրորդ ամենավաճառվող արժույթի «տունը» և համաշխարհային առևտրային ամենամեծ բլոկը: Միաժամանակ այն երաշխավորում է գրեթե 450 միլիոն եվրոպացի քաղաքացիների իրավունքները։ Իսկ այս ուշագրավ զարգացման համար առանցքային քայլ էր 1992թ. պայմանագրի կնքումը հոլանդական Մաաստրիխտ քաղաքում: Այլ կերպ ասած՝ Մաաստրիխտը ԵՄ-ի ծննդավայրն է:

«30 տարի առաջ Մաաստրիխտի պայմանագիրը ստորագրվեց, բայց երբեք չիրացրեց իր ողջ ներուժը՝ ո՛չ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության, ո՛չ արդարադատության և ներքին գործերում», – նշելով պայմանագրի տարեդարձը Twitter-ում՝ գրել է բելգիացի պատգամավոր Գի Վերհոֆշտադը, ապա հավելել.

«Միաձայնությունն ու վետոն հաճախ արգելափակում էին ցանկացած առաջընթաց»: Այսօր Գի Վերհոֆշտադի օրինակով շատ գործիչներ են թերահավատ Մաաստրիխտի պայմանագրի լիակատար կիրարկման հարցում։ Անհերքելի են մի շարք գործոններ, որոնք գալիս են ամրապնդելու պայմանագրի ունեցած կարգավորող դերը տարբեր հարցերում։ Այսպես, եռաստիճան համակարգն ամրապնդեց Եվրախորհրդարանի դերը՝ որպես երկու համաօրենսդիրներից մեկի՝ Խորհրդի հետ միասին, որտեղ իրենց ձայները տալիս էին ազգային նախարարները: Իհարկե, եռասյուն կառույցը համեմատաբար կարճատև էր. այն դադարեց գոյություն ունենալ 2009թ․, երբ ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը, և առանձին հիմնասյուները փոխարինվեցին բացառիկ, ընդհանուր և օժանդակ իրավասությունների պարզեցված ցանկով:

Մաաստրիխտի պայմանագրի կնքման պատասխանատու 12 հոգանոց «ակումբում», չնայած Միացյալ Թագավորության հաճախ մարտական ​​դիրքորոշմանը, անդամ երկրների սահմանափակ քանակությունը հեշտացրեց կոնսենսուսի հասնելը և նպատակների կոլեկտիվ ձևավորումը: Դրանցից գլխավորը միասնական արժույթի` եվրոյի ստեղծումն էր, որը շատերը համարում էին ամենաբնական քայլը միասնական շուկայից հետո: Եվրոյի շուրջ բանավեճը տևում էր արդեն մի քանի տասնամյակ, և առաջնորդներն ի վերջո հանգեցին եռաստիճան անցումային գործընթացին, որը կսկսվեր անդամ երկրների միջև կապիտալի ազատ տեղաշարժով և վերջինիս կհետևեր տնտեսական քաղաքականության աստիճանական համապատասխանեցումը:

Աներկբա է, որ Մաաստրիխտի պայմանագրի միջոցով/կողմից գործարկված բոլոր փոփոխություններն ազդել են Եվրոպական Միության ընթացիկ և ապագա զարգացման վրա։ Նրանք նպաստել են ԵՄ-ի դինամիկ զարգացմանը, որը շարունակում է աշխատել իր քաղաքացիների համար և հաշվետու է նրանց: Ինչպես նշել է Ֆրանսիայի նախկին նախագահներից Վալերի Ժիսկար դ’Էստենը.

«Մենք պետք է դիտարկենք ԵՄ-ը որպես հետագիծ։ ԵՄ-ը ստատիկ չէ. այն հետագիծ է: Մենք սկսեցինք մի կետից, որը եվրոպական պետությունների կազմակերպվածության իսպառ բացակայությունն էր, և մի օր կավարտենք մի շարք եվրոպական երկրների՝ գլոբալ տերության մեջ ինտեգրմամբ»: Նա եվրոպական նախագիծը համարում է «երբևէ եղած ամենահաջող և ուշագրավ նախագծերից մեկը». «Նախագիծն ունի որոշ թերություններ, բայց նրան հաջողվել է խաղաղություն ստեղծել մի մայրցամաքում, որն ավերված էր Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երեք ռազմական հակամարտություններից»։ 

Միևնույն ժամանակ Վալերի Ժիսկար դ’Էստենն ափսոսանքով հայտնում է. «Կար Հռոմի պայմանագիրը, որը բավականին տեխնիկական էր, հետո Մաաստրիխտի պայմանագիրը, լավագույն եվրոպական պայմանագիրը: Բայց ինչո՞ւ շարժումը կանգ առավ։ Նիցցայի պայմանագրի վատ կառավարման պատճառով այնպիսի մեծ երկրներ են զրկվել ներկայացուցչությունից, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան, ինչն առաջացրել է ղեկավարության իսպառ բացակայություն, որի հետևանքն է ներկայիս տիրող շփոթությունը»:

Թեև ԵՄ-ի առջև կան մարտահրավերներ, այդ թվում՝ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած մարտահրավերները, պետք է նկատել, որ ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարները սերտորեն համագործակցել են Մաաստրիխտի պայմանագրում ամրագրված արժեքներին համահունչ: Այս համատեքստում տեղին է հիշել ԵՄ խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Նիլս Էրսբոլի՝ հարցազրույցներից մեկում ասած խոսքերը. «Համայնքը փոխզիջման մասին է, այն երբեք կատարյալ չէ, դա մարդկային ձեռնարկություն է: Մաաստրիխտի պայմանագիրը կատարյալ չէ, բայց դա մեծ քայլ էր դեպի ավելի սերտ միություն, և մենք դեռ քայլեր ենք ձեռնարկում դեպի ավելի սերտ միություն և կշարունակենք դա անել այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը կարողանա տեսնել ապագան»:

Մի քանի առումներով չափազանց կարևոր է 2022թ․ ԵՄ-ի հետագա գործունեության գնահատման տեսակետից: Այսպես, 2022թ․ հունիսին Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների և 2023թ․ Իտալիայի համընդհանուր ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը կարող է դառնալ հնարավորությունների պատուհան, որտեղ կարող են լուծվել մի շարք կարևոր հարցեր: Արտանետումների ավելի արագ կրճատում ապահովելու համար հիմնական օրենսդրական փաստաթղթերը պետք է բանակցվեն 2022թ․ ընթացքում: Տնտեսական կառավարումը նույնպես մեծ ուշադրության կարժանանա, քանի որ COVID-19 ճգնաժամի ժամանակ կասեցված հարկաբյուջետային կանոնները կվերադառնան ուժի մեջ այս տարվանից հետո։  

Ինչ վերաբերում է անվտանգությանը և պաշտպանությանը, ապա 2022թ․ մարտին ԵՄ-ը կընդունի Ռազմավարական կողմնացույց, գործիք, որը նախատեսված է խթան հաղորդելու տվյալ քաղաքականության մշակմանը (կողմնացույցի առաջին նախագիծը ներկայացվել է ԵՄ պաշտպանության նախարարներին 2021թ․ նոյեմբերի կեսերին): 

Վերջին տարիներին Եվրամիությունը փորձում է մեծացնել իր դերը որպես անվտանգության և պաշտպանության դերակատար: Սակայն արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում ԵՄ-ը բախվում է նոր սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների, ինչը դաշինքից և նրա անդամ պետություններից պահանջում է միասնական, ամուր և հեռահար մոտեցում: Ռազմավարական կողմնացույցը 2025-2030թթ․ համար կառաջարկի ուժեղացված անվտանգության և պաշտպանության միջոցներ ճգնաժամերի կառավարման, ռազմավարական ճկունության ընդլայնման, կարողությունների և գործընկերության զարգացման ոլորտներում: 

Մեր կարծիքով՝ 2022թ․ ռազմավարական կողմնացույցը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել Ուկրաինայի շուրջ ընթացիկ զարգացումների խորապատկերին։ ԵՄ-ում հաշվի են առնում, որ ռազմավարական մրցակցության ժամանակաշրջանում գնալով աճում են կոնֆլիկտների ու անկայունության աղբյուրները, հիբրիդային սպառնալիքները, կիբեր հարձակումները և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները։ Եվ ԵՄ-ը Մաաստրիխտի պայմանագրի կնքումից 30 տարի անց կարիք ունի ընդունելու այնպիսի ռազմավարական փաստաթուղթ, որում մեծ ուշադրություն կհատկացվի նաև անվտանգային մարտահրավերներին դիմագրավելուն։ 

Անի Եղիազարյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, Յենայի համալսարանի դոկտորանտ-հետազոտող

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)