«Ես շատ կուզեի սխալված լինել, բայց ես Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կապում եմ արտաքին միջամտության հետ»․ Նորայր Նորիկյան

«Ես շատ կուզեի սխալված լինել, բայց ես Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կապում եմ արտաքին միջամտության հետ»․ Նորայր Նորիկյան
«Ես շատ կուզեի սխալված լինել, բայց ես Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կապում եմ արտաքին միջամտության հետ»․ Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանը։

– Պարոն ՆորիկյանՎերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասել է, որ քրեական հետապնդման մարմինը բողոքարկելու է այդ որոշումը: Եթե նա անձեռնմխելիության հիմքով է ազատ արձակվում, արդյոք այստեղ վտանգներ չեք տեսնո՞ւմ։

-Կարծում եմ, որ այդպիսի շահարկում տեղի կունենա անպայման, այս քրեական գործին զուգահեռ։ Ավելին, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը կօգտագործի այդ հանգամանքը` հետագայում այս գործի շուրջ ստեղծելով մեծ իրարանցում, դրա առանցքում դնելով Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահ և Արցախի նախագահ լինելու հանգամանքը։ Եթե այդ հիմքով է ազատ արձակվել Քոչարյանը, ես կտրականապես համաձայն չեմ Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշման հետ։ Ուղղակի պետք է ամբողջական ծանոթանալ այդ որոշմանը՝ վերջնական եզրահանգման գալու համար։

Ընդամենը ասեմ, որ իմ խորին համոզմամբ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները՝ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ, հաղթահարելի են, և այդ հաղթահարումն իրականացրել է Ռոբերտ Քոչարյանը 2008թ․ փետրվար-մարտ ամիսներին իր գործունեությամբ։ Նշված ժամանակահատվածում ՀՀ Սահմանադրության 56.1 հոդվածում հստակ ամրագրված է եղել հետևյալ դրույթը, որ ՀՀ նախագահը կարող է ենթարկվել հետապնդման իր լիազորությունների ավարտից հետո իր գործառույթներից չբխող գործունեության համար։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ․ փետրվար-մարտին զինված ուժերի վերաբերյալ կայացրել է որոշումներ՝ դուրս գալով սահմանադրական իր գործառույթների շրջանակից, հետևաբար, նա իրականացրել է իր գործառույթներից չբխող գործունեություն, ըստ էության, գերազանցելով իր սահմանադրական լիազորությունները։ Այսինքն նա զինված ուժերի վերաբերյալ որոշում է կայացրել, որի իրավունքը չուներ։

Ավելին, այդպիսի որոշում կայացնելու համար նա նախ պետք է հայտարարեր ռազմական դրություն, որը չի հայտարարել։ Ավելին, նա, ըստ էության, զինված ուժերը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ՝ չունենալով դրա սահմանադրական իրավունքը։ Հետևաբար, նա իր գործառույթներից չբխող գործունեություն է իրականացրել, որովհետև հանրապետության նախագահի որևէ գործառույթ ամրագրված է այն ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածում, իսկ այդ հոդվածով որևէ իրավասություն հանրապետության նախագահին, որն իրավունք կտար նրան զինված ուժերն օգտագործել, գոյություն չի ունեցել՝ բացառությամբ մի կետի, որով պետք է նախ հայտարարվեր ռազմական դրություն։ Այսինքն՝ զինված ուժերի օգտագործման վերաբերյալ կարող էր որոշում կայացվել միայն մի դեպքում, եթե հայտարարվեր ռազմական դրություն, իսկ նման բան չի եղել։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանի այդ վարքագիծը եղել է իր գործառույթներից չբխող գործունեություն, որի պայմաններում նրա սահմանադրական անձեռնմխելիությունը հաղթահարված է։

-Կարծում եք՝ հնարավո՞ր է, որ Քոչարյանն ազատության մեջ լինելով ճնշումներ գործադրի։ Նրա ազատության մեջ լինելն ի՞նչ վտանգներ ունի։

-Ես չգիտեմ՝ ինչ ճնշումների մասին է խոսքը, սակայն Քոչարյանին ազատ արձակելն իր հետևից բերելու է քաղաքական լրջագույն հետևանքներ, չեմ կասկածում։ Նա, իր թիմը և բոլոր այն անձինք, որոնք կորցրել են քաղաքական իշխանությունը վերջին ամիսների ընթացքում, փորձելու են Քոչարյանի առանցքի շուրջ ձևավորել այլընտրանքային քաղաքական բևեռ և փորձ են անելու հետ բերել կորցրածը։ Ամբողջ օլիգարխիան, նաև իշխանությունը կորցրած սուբյեկտները շատ լավ հասկանում են, որ նոր Հայաստանում կանգնած են ամեն ինչ կորցնելու վտանգի առջև, հետևաբար իշխանությունը հետ նվաճելն իրենց համար դառնում է օրախնդիր։ Այս պայմաններում նրանք փորձելու են Քոչարյանի շուրջը ստեղծել քաղաքական հալածյալի կերպար, և այդ կերպարի շուրջ փորձ է արվելու համախմբել բոլոր այդ ուժերին, որոնք համաձայն չեն Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Ես այս պայմաններում չեմ բացառում, որ Քոչարյանի կողմից լինելու են քայլեր։ Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել Քոչարյանի առկայության փաստը և իրականացնել այդ իրավիճակից բխող գործընթացներ՝ այդ գործընթացը չեզոքացնելու համար։

-Քոչարյանի ազատ արձակումն ինչպե՞ս կազդի ընդհանուր գործի վրա։ Արդյոք այն ոգևորությունը, որ կար Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, արդեն որոշակի առումով չի՞ մարի հանրության մոտ։

– Իմ առաջին տպավորությունն այն է, որ սա լուրջ հետևանք է թողնելու հոգեբանական առումով, որովհետև այս 10 տարիների ընթացքում հասարակության մեջ արմատացած է եղել միտքը, որ առանց Քոչարյանի համաձայնության որևէ մեկը չէր կարող որևէ ապօրինի քայլ անել։ Հետևաբար, եթե գլխավոր անձի վերաբերյալ այսպիսի մոտեցում է իրականացվում, ապա այս գործի վրա խարան է նետվում, և վարույթն իրականացնող մարմինը և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը, պետք է իրականացնի իր ջանքերի առավելագույնը հանրությանը ներկայացնելու բոլոր իրավական հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսացել այդպիսի մեղադրանք առաջադրելու համար, և պետք է հետամուտ լինեն մինչև վերջ այս գործով ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Ավելին, հստակ ընդգծեմ, որ նահանջի ճանապարհ ես չեմ տեսնում, որովհետև նահանջը պարտություն է։

Ես շատ կուզեի սխալված լինել և իմ մտահոգությունը բացարձակապես տեղին չլինի, բայց ես Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կապում եմ արտաքին միջամտության հետ։ Տառացիորեն մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳ նախարարը հստակ ու բացեիբաց հայտարարում էր մեր երկրում իրականացվող գործընթացների վերաբերյալ իրենց պետության անհամաձայնության մասին՝ մեր երկրի ղեկավարությանը մեղադրելով, ըստ էության, անկայուն գործունեության մեջ։ Լավրովը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները մի բան ասում են, բոլորովին այլ բան անում են, պայմանավորվածությունները խախտում են։ Այսինքն՝ մեր երկրի ղեկավարությանը մեղադրեց անլրջության մեջ, ինչն անթույլատրելի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Այս պայմաններում ո՞րն է երաշխիքը, որ Քոչարյանի ազատման հարցում իրենք չէին ցուցաբերի որոշակի ակտիվություն։ Ես շատ կուզեի, որ սխալված լինեմ, բայց ես այս վարկածն էլ չեմ բացառում։

Մանե Հարությունյան

MediaLab.am