Խոսքն այն նշաձողի մասին է, որի արդյունքում Հայաստանի շուրջ կապահովվի միջազգային հանրության կոնսոլիդացիա. Պատգամավորը՝ բացատրել է վարչապետի խոսքը

Արցախի մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը․ ես վստահեցնում եմ՝ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ մեկնաբանելով Արցախի Ազգային ժողովի ապրիլի 14-ի հայտարարությանը։

«Կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը։ Հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախցիների, արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»,- ասաց նա։

Իշխանական պատգամավորը ընդգծեց Հայաստանի դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության համար Արցախի հիմնախնդիը տարածքային վեճ չի եղել, այլ եղել է արցախահայության՝ իրենց ծննդավայրում ապրելու իրավունքի իրացման խնդիր:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի հարցում «հայկական կողմի նշաձողն» իջեցնելու մասին հայտարարությանը՝ Աղաջանյանը նշեց․ «Խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի Հայաստանի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական։ Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, այդ թվում դրանով պայմանավորված ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ։ Ժամանակն է հետևություն անել մեր սխալներից, շարժվել իրատեսական նկատառումներով»։