Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի:Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը՝ խնկարկումով և աղոթքներով:

Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում:

Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է:

Հրաշքով փրկվածների չընկրկող կամքի, հայրենասիրության, համառության շնորհիվ Օսմանյան կայսրության՝ հայերի բնաջնջման ծրագիրը տապալված է:

Մենք շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը:

Լույս և խաղաղություն մեր նահատակների հոգիներին»: