«Ասեց՝ մամա՛, չե՞ս ուզում հերոսի մամա դառնաս»․ Մերին ասում է՝ մինուճար որդուն պատերազմում կորցնելուց հետո չգիտի՝ թե ինչու է ապրում

42-ամյա Մերի Հարությունյանը 44-օրյա պատերազմում մինուճար որդուն կորցնելուց հետո ասում է՝ կյանքն աննպատակ է դարձել։ Մինչև պատերազմը Մերին իր բոլոր նպատակները կապում էր որդու հետ, որդու ուրախությամբ ուրախանում էր, տխրությամբ՝ տխրում: 

«Իր հետ էր կապված իմ ամեն մի երազանքը, ամուսնանար, տուն առնեինք․․․ Հիմա չգիտես՝ ինչի ես ապրում, մումիաների նման քայլում ենք աննպատակ, հոգին մարմնից անջատված, ինքն իմ հոգին իրա հետ տարել ա»,- մորմոքով ասում է որդեկորույս մայրը։

Մերիի որդին՝ 23-ամյա Բաղդասար Ղարիբյանը, կամավոր է մեկնել պատերազմ։ Մայրն ասում է՝ փորձել են որդուն հետ պահել այդ որոշումից, սակայն որդին ընդդիմացել է․ «Ասում էր՝ որ ես չգնամ, էն մեկը չգնա, ո՞վ պետք ա հողերը պահի»,- հիշում է որդու խոսքը Մերին ու ասում, որ մինչև զինկոմիսարիատից կանչելը Բաղդասարն ընկերների հետ անձնական մեքենաներով մեկնել է Շուշի և մեքենաներով մարդկանց է տեղափոխել, փորձել օգնություն ցույց տալ։

«Հոկտեմբերի 5-ին գնաց, ես էդ օրն եմ վերջին անգամ իր հետ խոսել, ասում էր՝ մամա՛, չե՞ս ուզում հերոսի մամա դառնաս, թե խի՛ էր էդ ուղեղը մտցրել»,- հուզվում է մայրն ու ասում, որ որդին Ապրիլյան պատերազմին էլ է մասնակցել, այդ ժամանակ Ջրականում է ժամկետային զինծառայող եղել։

Հոկտեմբերի 11-ին Մերին իմանում է, որ որդին վիրավոր է, սակայն Բաղդասարն այդ օրը արդեն զոհված է եղել։

«Մենք ման էինք գալիս իրեն, ես հույս ունեի, որ կգտնվեր, ես առանց իրա չէի պատկերացնում իմ կյանքը, մտածում էի՝ չի կարա Աստված էդքան դաժան լինի, որ իրան տանի, բայց, ցավոք սրտի․․․»- ասում է մայրն ու հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում։

Ըստ Բաղդասարի մարտական ընկերների հայտնած տեղեկության՝ Բաղդասարը զոհվել է Ֆիզուլիում ԱԹՍ-ի հարվածից, երբ փորձել է օգնության հասնել ընկերներին։

«7 հոգով շրջափակման մեջ են հայտնվել, իրան ասել են՝ մի՛ գնա, Բղդո՛, դու գնաս, քեզ են խփելու, ասել ա՝ մարդը ձեն ա տալիս, ո՞նց չգնամ… Գնացել ա, ու խփել են»։

Բաղդասար Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Մայրն ասում է՝ որդին շատ սրտաբաց, ընկերասեր, բոլորին օգնության հասնող ու աջակցող էր։ «Ընկերների բանակ ունի, ինչ հարց լիներ, օրվա որ ժամին, բոլորին հասնում էր, անձնականի մասին չէր մտածում։ Իր սիրտը կհաներ, ուրիշին կտար, պատերազմում էլ օգնության հասնելիս զոհվեց»,- ասում է ու հուզվում մայրը։

Մերին պատմում է, որ որդու հետ շատ մտերիմ են եղել, միմյանց հետ գաղտնիքներով են կիսվել, միասին որոշումներ կայացրել, քննարկել․ «Ինչ անեինք՝ իրար հետ։ Իրան մեքենա էինք առել, միասին էինք որոշել, միասին էինք ընտրել մեքենան ու գնել»,- հիշում է մայրը։

Մերին ասում է՝ անընդհատ ականջներում է որդու խոսքը, որը «մամա»-ի փոխարեն միշտ «կյանք» էր ասում։

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը հիմնահատակ փոխվել է, ամբողջովին կոտրվել է:

«Երկու տարի ա՝ չեմ կարողանում աշխատել, առաջ նպատակ ունեի, աշխատում էի, ինքն ինձ ուժ էր տալիս, որ տղամարդու նման գիշեր-ցերեկ աշխատեի, հոգնել չունեի, հիմա ես ուժ չեմ գտնում, ոնց որ մեջքս, թեևերս, ուսերս կոտրված լինեն»,- ասում է միակ որդուն կորցրած մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am