Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ.Factor

Ադրբեջանի ԱԳՆ-ն, որը մի քանի օր է՝ լռում է, ինչ Ադրբեջանի Զինված ուժերը փորձել են խախտել արցախա-ադրբեջանական շփման գիծը, այսօր հայտարարություն է տարածել Լաչինում ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին և կրկին Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրել։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն, իբր, ինտենսիվ կրակ է բացել Լաչինի շրջանում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ, որի հետևանքով մահացել է զինծառայող Անար Ռուստամ օղլու Քյազիմովը։ «Օգոստոսի 3-ի արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությունը և խաթարում երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։

Դա նաև ցույց է տալիս Հայաստանի անհարգալից վերաբերմունքը միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ։ Միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որը մինչ օրս դուրս չի բերում հարևան երկրի տարածքից անօրինական զինված խմբավորումները»,- ասվում է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու հրադադարի ռեժիմը։ Օգոստոսի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Արցախի ՊԲ-ի վերջին հաղորդագրության համաձայն՝ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:

«Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։