Ակնկալվում է մեծացնել գործազուրկի աշխատանքի տեղավորման հնարավորությունները

Գործադիրը հաստատել է Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում ընդգրկել այն գործատուին, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև սույն ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել է առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, և նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

Գործատուների նկատմամբ նշված պահանջները սահմանվել են ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի մոտ 02.07.2022-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործազուրկ անձանց համար հնարավոր լինի միջոցառման միջոցով ապահովել աշխատատեղ առնվազն փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ ու հնարավորինս նվազեցնել գործատուի կողմից անձին աշխատանքից ազատելու և սույն միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորելու ռիսկը։

Առաջարկվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող՝ 35 տարեկանից բաձր տարիքի յուրաքանչյուր գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 250000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկի հետ, ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։

Գործատուն ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու նպատակով պետք է ներկայացնի առցանց դիմում և կարող է ստանալ պետական աջակցություն միայն այն դեպքում, երբ կհաստատվի, որ աշխատանքի ընդունվող անձը համապատասխանում է ծրագրով նախատեսված չափանիշներին։ Ծրագրի շրջանակում գործատուն նպաստառու գործազուրկի հետ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում կարող է կնքել աշխատանքային պայմանագիր մինչև 8 ամիս տևողությամբ։

Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին ծրագրի 4-րդ կետով սահմանված ժամկետներում (12 ամիս կամ սեզոնային աշխատանքի դեպքում գումարային 12 ամիս՝ յուրաքանչյուր տարի 8 ամսից ոչ ավելի) աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ նշված ժամկետների ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Արդյունքում՝ ակնկալվում է մեծացնել գործազուրկի (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի) աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։