ԿԲ-ն հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց

Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարների ակտիվացումը՝ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ երրորդ անձանց դրամական միջոցներ կամ քարտային տվյալներ փոխանցելուց, չօգտվել Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆինանսական ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Ֆինանսական համակարգ և վերահսկողություն» բաժնի «Ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում:

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի «Զգուշացումներ» բաժնում կարող եք ծանոթանալ նաև ԿԲ-ի կողմից վերջին հայտարարություններին ֆինանսական ոլորտում զերծարարությունների վերաբերյալ հետևյալ հղումով:

«Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր կողմից ստացվող ահազանգերը շատ կարևոր են մեզ համար՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից: Քանի որ զեղծարարությունների գովազդները տարբեր սոցիալական ցանցերում հաճախ թիրախավորված են և տեսանելի են միայն առանձին մարդկանց, խնդրում ենք նման գովազդների հանդիպելիս դրանց հղումներն ուղարկել մեզ, որպեսզի դիմենք իրավապահ մարմիններին, և ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները:

Թեմայի վերաբերյալ օգտակար հղումներ կարող եք գտնել ՀՀ կենտրոնական բանկի «ֆինանսական իրազեկվածության բարձրացման» նպատակով գործող «Ֆինանսներ բոլորի համար» կայքից հետևյալ հղումով»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ: