0-18 տարեկան երեխաների բուժօգնությունը կլինի անվճար. 12 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում առողջապահությանը

0-18 տարեկան երեխաների բուժօգնությունը կլինի անվճար. 12 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում առողջապահությանը
0-18 տարեկան երեխաների բուժօգնությունը կլինի անվճար. 12 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում առողջապահությանը

Կառավարությունն ընդլայնում է առողջապահական ծառայությունների ծավալը, ոլորտի ծրագրերին այս տարվա համար լրացուցիչ կուղղվի 12 մլրդ դրամ: Այս մասին որոշումներն ընդունվեցին կառավարության այսօրվա նիստում:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում, ներկայացնելով որոշումների նախագծերը, ասաց, որ այս ծրագրերից յուրաքանչյուրն ուղղված է կյանքեր փրկելուն:

Մանսավորապես, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժսպասարկման  ծրագրին նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 5․1 մլրդ դրամ:

Սրտի վիրահատական ծառայությունների և թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական իրավունք ստացող շահառուների խումբն ընդլայնվում է: Գումար կուղղվի մարդու օրգանների՝ երիկամի և ոսկրածուծի պատվաստման դեպքերի փոխհատուցմանը։

Երեխաների բժշկական օգնություն ծրագրով նախատեսվում է անվճար դրաձնել 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկում: Ներկայումս, հիշեցնենք, անվճար բուժսպասրակումից օգտվում են 0-7 տարեկան երեխաները:

Անհետաձգելի բժշկական օգնության ծրագրում նախատեսվում է կյանք փրկող, այդ թվում՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների և գլխուղեղի սուր կաթվածների բուժման ծառայությունների գծով դեֆիցիտը ծածկել։ Ընդհանուր առմամբ, այս կարևոր ծրագրին կուղղվի 1.2 մլրդ դրամ, ասաց փոխնախարարը:

Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրում պլանավորվում է ապահովել դեֆիցիտի փոխհատուցումը՝ պայմանավորված պլանավորվող դեպքերի ավելացմամբ։ Ինչպես նաև նախատեսվում է իրականացնել գների համահարթեցում, որպեսզի, փոխնախարարի խոսքով, պացիենտները ստիպված չլինեն գրպանից վճարումներ կատարել։

Շտապ բժշկական ծառայության գծով նույնպես փոփոխություններ են նախատեսվում, կավելացվի բրիգադների թիվը հատկապես Երևանում:

Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ առողջապահության ոլորտում նմանօրինակ կարևոր փոփոխություններ պատմության մեջ առաջին անգամ են կատարվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևա կառավարության նիստու կարևորեց այս որոշումների ընդունումը: Նա ասաց, որ կառավարությունն իր կողմից ամեն ինչ պետք է անի, որ քաղաքացին լինի առողջ, որպեսզ աշխատելու, իր սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա: