«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը
«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը

«Սասնա Ծռեր» Արցախյան կուսակցության քարտուղարության հայտարարությունը Արցախի Arcakh24.info գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանի և նրա կնոջ` ՄՄՀ ավագ դասախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ ներկայացնում ենք ստորև.

Սույն թվականի մայիսին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հերթական անգամ հյուրընկալվել էին ռուսական ռեգնում գործակալության ներկայացուցիչներ Մոդեստ Կոլերովը և Ստանիսլավ Տարասովը։ Ռուսական կայսերական ծրագրերի այս տխրահռչակ գործակալները վայելում են Արցախի իշխանությունների և նրանց մերձավորների աննախադեպ սերն ու հյուրընկալությունը։

Մասնավորապես քրեաօլիգարխիայի վառ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի բարեկամուհի Դոնարա Գաբրիելյանը, ով Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտորն է ոչինչ չէր խնայում «թանկ» հյուրերին ականջահաճո շռայլությունների համար և համոզված պնդում էր, թե Արցախը չի կարող Հայաստանի մաս դառնալ, քանի որ առավել «ժողովրդավար է քան Հայաստանը»։

Արցախյան վերնախավը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նման ոտնձգությունների համար ժամ առաջ պետք է հեռացներ նման անձին հանրային հասարակական որևէ գործառույթ իրականացնելուց, առավել ևս երիտասարդ սերնդի հետ աշխատելուց, բայց արի ու տես, որ վերոնշյալ իրադարձություններից հետո իշխանությունների թիրախում են հայտնվել այս հանրային միջոցառումը տեսագրած և համացանց տեղադրած Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանը և նրա կինը` ՄՄՀ ավագ դսախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանը։

Նրանց հայտնել են, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից իրենք ազատված են համալսարանում զբաղեցրած պաշտոններից։ Ուշագրավ է այն փաստը, որ համացանցում աղմուկ բարձրացրած տեսանյութի քննարկման ժամանակ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը սպառնալիքներ է հնչեցրել Մարատ Եգանյանի հասցեին, խոսք տալով զբաղվել նրանով։

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը դատապարտում է Արցախի մարզում իրականացվող խոսքի ազատության դեմ արշավը։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին միջոցներ ձեռնարկել և հեռացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ կոչեր անող ռեկտորին և վերականգնել երիտասարդ դասախոսների ոտնահարված իրավունքները։ Ազատ խոսքի դեմ արշավը պետք է անհապաղ կասեցվի, իսկ երևանյան նախորդ ռեժիմի մնացորդներին պետք է զրկել բռնության և վարչական բոլոր լծակներից, առաջիկա քաղաքական փոփոխությունների հնարավորինս անցնցում իրականացման համար։

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության քարտուղարություն