Հերթական բարդ վիրահատությունը՝ Վանաձորի ԲԿ-ում. 29-ամյա կինը կրկին կկարողանա մայրանալ

29-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից հետո առաջացել էր արգանդի ամբողջական արտանկում՝ միզապարկի հետ միասին: Նման խնդիրները 98 եւ ավել տոկոսի դեպքում հայտնաբերվում են ավելի բարձր տարիք ունեցող կանանց մոտ: Վիրահատությունն ու բուժումը հիմնականում կատարվում է արգանդի հեռացումով:

Մինչդեռ այս դեպքում արգանդի հեռացումը բուժման լավագույն տարբերակը չէր կարող դիտարկվել` 29-ամյա կինը նպատակ ուներ կրկին մայրանալ: Վանաձորի բժշկական կենտրոնի հմուտ բուժանձնակազմի կողմից՝ բժիշկ-վիրաբույժ Զորայր Բաղդասարյանի գլխավորությամբ, կատարվել է սակրոկոլպոպեքսիա՝ լապարասկոպիկ եղանակով:

Ցանցով միմյանց են ֆիքսվել կոնքի հատակի մկանները, հեշտոցի պատերը՝ ողնաշարի ողին, պահպանվել են կնոջ բոլոր օրգան-համակարգերը: Վիրահատությունն ընթացել է հարթ, հետվիրահատական շրջանում եւս բարդություններ չեն գրանցվել:

Երիտասարդ կինը որոշ ժամանակ անց կկարողանա կրկին մայրանալ: Ինչպես փոխանցում են Վանաձորի բժշկական կենտրոնից, նշված վիրահատությունը՝ այն էլ լապարասկոպիկ եղանակով,  դասվում է բարդ վիրահատությունների շարքին: Հայաստանում այն կատարվում է մի քանի բուժհաստատություններում, եզակի մասնագետների կողմից: Վանաձորի բժշկական կենտրոնը եւս այդ շարքում է: