«Եթե ԱԱԾ-ն ստուգում է ստուգողներին, հետևում է հետաքննություն իրականացնողներին, իսկ իրենց ո՞վ է հետևելու, քննելու». Արթուր Սաքունց

«Եթե ԱԱԾ-ն ստուգում է ստուգողներին, հետևում է հետաքննություն իրականացնողներին, իսկ իրենց ո՞վ է հետևելու, քննելու». Արթուր Սաքունց
«Եթե ԱԱԾ-ն ստուգում է ստուգողներին, հետևում է հետաքննություն իրականացնողներին, իսկ իրենց ո՞վ է հետևելու, քննելու». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

– Պարո՛ն Սաքունց, հեղափոխության օրերից շատ էր խոսվում, որ ցանկացած գործ բացահայտ լինի, ծածկադմփոց չլինի, չուշանա որևէ գործի հետ կապված որևէ տեղեկատվություն։ Բայց պետական վերահսկողական ծառայության հետ կապված ԱԱԾ բացահայտումից հետո մի ամբողջ օր որևէ հայտարարություն չեղավ, իսկ վերջում եղավ կցկտուր ինչ-որ անհասկանալի հայտարարություն, ապա պարզվեց, որ երկու աշխատակից, այնուամենայնիվ, ձերբակալվել են։ Այստեղ մտահոգվելու առիթ կա՞, թե ոչ։

– Այստեղ խնդիրը պետական վերահսկողական ծառայությունը չէ, խնդիրը վերաբերում է ԱԱԾ գործունեության հաշվետվողականությանը և թափանցիկությանը։ Երկրորդ՝ արդյոք ԱԱԾ-ն պե՞տք է զբաղվի կոռուպցիոն հանցագործություններով և, ի վերջո, ԱԱԾ-ն, ինչպես նաև ոստիկանությունն ու ՊՎԾ-ն ինչո՞ւ չպետք է գտնվեն խորհրդարանական վերահսկողության ներքո։

ՊՎԾ-ն անցած ամիսների ընթացքում, չնայած բազմաթիվ քննադատություններին, ինքն էլ էր իրականացնում պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետ կապված ուսումնասիրություններ և բացահայտումներ։ Եթե այդ գործողությունների ընթացքում ինչ-որ խախտումներ են թույլ տվել կամ հանցագործություններ են կատարել, իհարկե, պետք է դրանք բացահայտվեն։ Նույնը վերաբերում է ոստիկանությանը, դատախազությանը, քննչական մարմիններին, բայց այստեղ մի կարևոր բան դուրս է մնում. տպավորություն է, որ ԱԱԾ-ն անսխալ ու անխափան է գործում։

Եթե ԱԱԾ-ն ստուգում է ստուգողներին, ԱԱԾ-ն հետևում է հետաքննություն իրականացնողներին, իսկ իրենց ո՞վ է հետևելու, քննելու։ Այնպիսի տպավորություն ենք ունենում, որ մի պետական մարմին ունի բավական անհավասար, արտոնյալ պայմաններ, քան մնացած մարմինները։ Չնայած բոլորն էլ, ըստ էության, ռիսկային են, բայց ԱԱԾ-ն առավել ռիսկային է դառնում։

Այստեղ մեծ առումով ես խնդիրը ավելի համակարգային եմ տեսնում։ Պետական կառավարման համակարգը արմատապես պետք է փոխվի։ Այն, ինչ մենք ունենք հիմա, նախորդ ժամանակաընթացքում ձևավորված պետական կառավարման համակարգն է, որը մերժվել է։ Մերժվել են ոչ միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, այլև կառավարման համակարգը, մերժվել է սուպերվարչապետական համակարգը։

Այդ համակարգն ամենաանպիտան գործիքն է ժողովրդավարական բարեփոխումների իրականացնելու համար։ Այս համակարգի գոյության պայմաններում, միանշանակ պնդում եմ, ժողովրդավարական զարգացումները դատապարտված են ձախողման, որովհետև չեն կարող այդ բարեփոխումները պայմանավորված լինել միայն անձերի բարի ցանկությամբ։ Այստեղ եթե նույնիսկ մենք լավագույն անհատներին էլ գործի նշանակենք, քանի դեռ չի լուծված պետական կառավարման բարեփոխման հարցը, չենք ունենալու ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ ժողովրդավարական բարեփոխումները դառնալու են անշրջելի, հիմնավոր։

Այս հարցը առավել ցայտուն երևաց քրեական գործի հետ կապված, որովհետև դուրս է գալիս, որ մնացած բոլոր պետական մարմինների ներկայացուցիչների կողմից չարաշահումների հարցերով ԱԱԾ-ն կարող է զբաղվել, բայց ԱԱԾ-ում չարաշահումների հարցը մնում է օրակարգից դուրս։ Ավելին,  ընդհանրապես, ԱԱԾ-ի չարաշահումների խնդիրը չպետք է առնչություն ունենա ներքին քաղաքականության ոլորտին։ Ընդհանրապես, ԱԱԾ-ն որևէ կոռուպցիոն հանցագործության, չարաշահումների հետ կապված որևէ գործառույթ չպետք է ունենա։

Անվտանգության մարմինը միայն ԱԱԾ-ն չէ, այդպիսիք են նաև ոստիկանությունը, դատախազությունը, քրեակատարողական ծառայությունը, զինված ուժերը, քննչական մարմինը։ Այդ անվտանգության մարմինների շարքում զինված ուժերը խորհրդարանական վերահսկողության ներքո են, դատախազությունը խորհրդարանական վերահսկողության ներքո է։ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը բացառապես վարչապետի վերահսկողության ներքո են։ Այսինքն՝ մենք այստեղ չպետք է ունենանք սուպերվարչապետական համակարգի ինչ-որ սուպեր պետական կառույց։

– Բայց ՊՎԾ-ն վերահսկողական կառույց է, և անգամ այդպիսի կառույցո՞ւմ են չարաշահումներ լինում։

– Վերահսկողական պետք է լինի ոչ թե կառույցը, այլ օրենքը պետք է սահմանի, ապահովի պետական մարմինների հավասարակշռությունը։ ԱԱԾ-ի հիմնական գործառույթը, ինչպես շատ ժողովրդավարական երկրներում է, պետք է լինի հետախուզությունն ու հակահետախուզությունը։

Մեր նախորդ 30 տարվա փորձը բերեց համոզման, որ անկախ նրանից՝ ԱԱԾ-ն եղել է նախարարության կարգավիճակով, կառավարությանն առընթեր, թե վարչապետին ենթակա կարգավիճակով, օգտագործվել է որպես քաղաքական հետապնդման գործիք։ Դա պայմանավորված է ոչ միայն իշխանության որակով, որ եղել է ավտորիտար ու ոչ լեգիտիմ, այլ նաև օրենսդրությամբ։ Սրա հիմքում ընկած է այն, որ ԱԱԾ-ն զբաղվում է նաև ներքին իրավական խնդիրներով, կոռուպցիայի դեմ պայքարով։ Ես պնդում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ կարող էին նաև քաղաքական հետապնդումներ իրականացնել քաղաքական ընդդիմախոսների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

Այսինքն՝ սա նշանակում է, որ ներքին բնագավառի գործառույթների հետ կապված ԱԱԾ-ն որևէ գործառույթ չպետք է ունենա։ ԱԱԾ-ն չպետք է քննչական գործառույթներ ունենա։ Ժամանակին, երբ ստեղծվում էր առանձին քննչական կոմիտե, միայն ոստիկանությունից և ՊՆ-ից հանվեցին այդ կառույցները, իսկ ԱԱԾ-ում մնաց, մաքսային ծառայությունում մնաց։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՛ւ ոստիկանությունից հանվեց, թող այնտեղ էլ մնար։ Այսինքն՝ նույն կառույցը զբաղվում է քրեական հանցագործությունների բացահայտմամբ, նաև գործերի քննությամբ։ Չի կարող նման բան լինել։

– Ստացվում է, որ մենք որևէ կառույցի նկատմամբ անվերապահ վստահություն չե՞նք կարող ունենալ։

– Այդ վստահությունը պետք է պայմանավորված լինի ոչ թե անձերով, այլ վստահության երաշխիք են հանդիսանում օրենսդրությունը և ինստիտուցիոնալ ենթակայությունը։ ԱԱԾ-ի նկատմամբ, բացի վարչապետից, որևէ այլ մարմին վերահսկողություն չունի։ Խորհրդարանական կառավարման համակարգում գործադիր իշխանության և պետական մարմինների նկատմամբ վերահսկողության միակ ինստիտուտը խորհրդարանն է՝ բարձրագույն ներկայացուցչական մարմինը։

Ի վերջո, ԱԱԾ-ն ոչ միայն չպետք է զբաղվի ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներով, այլ նաև ազգային հետախուզական և հակահետախուզական հարցերով պետք է հաշվետու լինի խորհրդարանին, որ ԱԺ-ն էլ հանձինս պատգամավորների, օրենսդրության ընդունման կամ գեներացման ժամանակ պատշաճ իրազեկված լինի, որպեսզի որոշումները լինեն հիմնավոր։

Այսինքն՝ ոչ թե միայն վարչապետը կամ նախագահը, նայած կառավարման համակարգի, պետք է իրազեկված լինի ԱԱԾ-ի օպերատիվ կառավարման հարցերին, այլ նաև խորհրդարանը, որը հիմա զրկված է նման լիազորությունից։  Այսինքն՝ պետական կառավարման այս ամբողջ խոհանոցը կարգի բերելու, ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու խնդիրն ունենք։ Առանց այդ խնդիրը լուծելու որևէ բարեփոխում չի լինելու։

– Եթե անճշտություն կա տեղեկատվության մեջ, կան անհիմն մեղադրանքներ, ինչո՞ւ էր ՊՎԾ-ն  այդքան երկար լռում։

– Դա ինձ չի հետաքրքրում, դա երկրորդական է։ Ես մի բան կարող եմ ասել. իմ շփումները տարբեր կառույցների հետ ցույց է տալիս, որ շատ մեծ զգուշություն կա ԱԱԾ-ի նկատմամբ որպես մոնստր կառույցի։

Այսինքն՝ ազատ գործելու զգացումը սահմանափակված է ԱԱԾ-ի գոյության փաստով։ Ես համոզված եմ, որ որևէ պետական կառույց, որևէ պաշտոնատար անձ պետք է սահմանափակված լինեն ոչ թե որևէ այլ ինստիտուտով որպես պատժիչ մարմնի, այլ պետք է սահմանափակված լինեն օրենքով, և սահմանափակված լինեն իր սահմանադրությամբ, և ոչ թե լինի դաշտում որևէ կառույց, որը անպատժելիության կամ անվերահսկելիության կարգավիճակ ունենա։ Դա շատ նման է Խորհրդային Միության ԿԳԲ-ին։

Մանե Հարությունյան

MediaLab.am