Հույսը Տուվալուն է. ընտրություններից հետո կարող է մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը

Հույսը Տուվալուն է. ընտրություններից հետո կարող է մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը
Հույսը Տուվալուն է. ընտրություններից հետո կարող է մեկնարկել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը

Տուվալուն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. այս նախադասությունը հաշված օրերի ընթացքում Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող այս փոքր պետությունը դարձրեց ամենաճանաչելի երկրներից մեկը Հայաստանում:
Ընդ որում, ճանաչման մասին աղմուկը բարձրացրեց թուրքական և ադրբեջանական մումուլը: Ասում են, որ այս հարցն անհանգստացնում է նաև Վրաստանին, քանի որ ժամանակին հենց Տուվալուն ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Պաշտոնական Երևանն այս թեման չի մեկնաբանում:
«Դա տարբերակ է: Այդպես շատ փոքր, աշխարհաքաղաքական քարտեզի վրա անտեսանելի պետությունների, որոնք խնդիրներ ունեն, կարելի է համոզել, նվիրատվություն անել, և դրա դիմաց ստանալ ճանաչումը, ինչպես որ ակնարկվում է Աբխազիայի օրինակով, ինչը կարող է նաև տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի պարագայում»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Հայաստանը Տուվալուի հետ հարաբերություններ հաստատեց մարտի 16-ին: Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ֆալեմա Պիտան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները և խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Նշենք, որ Տուվալուն գտնվում է Ավստրալիայի և Հավայան կղզիների միջանկյալ տարածքում, ութ կղզիների վրա: Զբաղեցնում է 26 հազար քառ. կմ: Երկրի բնակչության 98%-ը քրիստոնյաներ են: Տուվալուն իր անկախությունը ձեռք է բերել 1978-ին, իսկ ՄԱԿ-ին անդամակցել է 2001 թ.:

Հենց ՄԱԿ-ում ձայնի իրավունքն է, որ անհանգստացնում է հարևաններ Ադրբեջանին և Թուրքիային: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն այս թեմայի շուրջ անգամ հիշել է. «Իշխող «Ենի Ազրբայջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալաևայի հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը` «ճանաչելու որևէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»:

Հայաստանում, սակայն, բոլորը չեն, որ կարծում են, թե պետք է սկսել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը:

«Չեմ կարծում, որ դա լուրջ խթան կտա միջազգային ճանաչմանը, որովհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում երկու ճանաչում կարող են փոխել զարգացումների ընթացքը: Առաջինը` միջազգային հանրության ճանաչումն է, որ այս պահին մի փոքր դժվար է սպասել: Երկրորդ ճանաչումը որ կարող է լուրջ ազդեցություն թողնել, Հայաստանի ճանաչումն է: Սա արմատապես կփոխի բանակցության ֆորմատը: Մեր համոզմամբ` Լեռնային Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղանի շուրջը»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Սաֆարյանը:

Այդուհանդերձ Հայաստանը դեռ պատրաստ չէ ճանաչելու Արցախի անկախությունը, կարծում է քաղաքագետ Ջոննի Մելիքյանը: Նրա խոսքով` առնվազն առաջիկա մեկուկես տարվա ընթացքում գործընթացի նման զարգացում չպետք է ակնկալել:

«Արցախի միջազգային ճանաչման հետ կապված առաջիկա մեկուկես տարվա ընթացքում չարժի ինչ-որ նորություններ սպասել, քանի որ պետությունն Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին է, իսկ 2013 թվականին նախագահական ընտրություններ են սպասվում: Այս ժամանակահատվածում ՀՀ իշխանությունների առաջնային խնդիրները վերաբերում են ընտրություններին և ներքաղաքական առողջ մրցակցությանը»,- «Մեդիալաբին» ասում է Ջոննի Մելիքյանը:

Քաղաքագետի խոսքով` Արցախի անկախությունը ճանաչելու «Ժառանգություն» կուսակցության առաջարկը կարող է դրական դեր խաղալ: Դա կարող է առնվազն զգաստացնել Ադրբեջանին, որի ագրեսիվ հայտարարությունները կարող են բերել բանակցությունների ձախողմանը:

«Բաքվի հայտարարությունները 2013 թվականից հետո կարող են ակտիվացնել Տուվալուի և նման այլ պետությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումները, և Արցախի միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը դրվի»,- կարծում է Ջոննի Մելիքյանը:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով, սակայն, Արցախի միջազգային ճանաչման գործընթացը սկսելն անիմաստ է, եթե Հայաստանը դա առաջինը չանի:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է: Հետևաբար ոչինչ չի կաշկանդում Հայաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հիմնավոր չենք համարել և չենք համարում այն պնդումները, թե առաջինը թող ուրիշները ճանաչեն, և ապա նոր Հայաստանը: Քանի որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել, որևէ այլ պետություն այն չի ճանաչելու»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Սաֆարյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am