«Գետի ողջ կենդանական աշխարհը ոչնչացվել է». Կապանի Ողջի գետը լցվել է թափոնաջրերով

«Գետի ողջ կենդանական աշխարհը ոչնչացվել է». Կապանի Ողջի գետը լցվել է թափոնաջրերով
«Գետի ողջ կենդանական աշխարհը ոչնչացվել է». Կապանի Ողջի գետը լցվել է թափոնաջրերով

Այսօր առավոտյան Սյունիքի մարզկենտրոն Կապանով հոսող Ողջի գետն ամբողջովին աղտոտվել է թափոնաջրերով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով:
Մինչ պատկան մարմինները վաղը պատրաստվում են քննարկել տեղի ունեցածը` վտանգները եւ հետագա քայլերը, բնապահապանները ահազանգում են:
«Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Մեդիալաբին» տեղեկացնում է, որ վթարն արդեն վերականգնվել է, բայց գետի ջուրը դեռ պղտորված է:

«Նման դեպքեր էլի են եղել, բայց այս անգամ պոչերի արտահոսքը շատ մեծածավալ է: Գետի կողքով, եթե հիմա անցնեք, գլխապտույտ կամ գլխացավ կսկսվի: Էլ չեմ ասում, որ գետի ողջ կենդանական աշխարհը ոչնչացվել է, իսկ օրեր առաջ մարդիկ այստեղ ձկնորսությամբ էին զբաղվում»,-ասում է Փարսադանյանը եւ հավելում, որ Որջի գետի ջրով ոռոգվում է նաեւ ազատագրված տարածքների ցանքատարածությունները:

Նա նշում է, որ եթե թափոնները մնում են գետի ափերին ու չորանում, դրանք հետագայում քամիների ժամանակ փոշու տեսքով տարածվում են ողջ Կապանի վրա, ինչը «շատ վտանգավոր է մարդկանց առողջության համար»:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում, եւ մոտ 15-20 րոպե տեւողությամբ պոչատարի խողովակաշարի միացման կարի վրա առաջացած ճեղքի հետեւանքով՝ կոնցետրատը լցվել է Ողջի գետ:

«ԶՊՄԿ-ին պատկանող թափուկատարի առաջին դյուկերի խողովակաշարի միացման կարի հատվածից ճեղք էր առաջացել, 15-20 րոպե է ընդհանուր տեւել թափոնաջրերի հոսքը, որից հետո պահուստային խողովակաշարով փոխել են այն: Գեղիի առվակի մեջ թափված պոչատարի պարունակությունն էլ առվակի միջոցով լցվել է Ողջի գետը: Քանի որ գետի ջրերը ներկա դրությամբ բարակ են, դրա համար էլ ինքնամաքրումը դանդաղ է ընթանում, բացի այդ, վերեւում մաքրման աշխատանքներ են իրականացվում, որի հետեւանքով էլ այդ ջրերի հոսքը դեռ շարունակվում է: Մենք եղել ենք տեղում, մեր լաբորատորիայից նմուշարկում են վերցրել եւ ուղարկել անալիզի, որի արդյունքները պարզ կլինեն մի քանի օրից»,- ասել է Պետրոսյանը:

Ըստ Փարսադանյանի՝ վաղը Կապանի քաղաքապետարանում կանցկացվի կլոս սեղան քննարկում, որին ներկա են լինելու եւ բնապահպանության վարչությունից, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնից:

«Պետք է պարզաբանել, թե ինչի՞ հետեւանքով է եղել վթարը, եւ հետագայում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այն կանխելու համար»,-ասում է Փարսադանյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am