Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան կայցելի Հայաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 26-28-ը Կատրին Կոլոնան կլինի Ադրբեջանում և Հայաստանում։

Նշվում է, որ այցը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև բանակցություններին՝ հանուն արդար և տևական խաղաղության ՝ հարվելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու տարածքային ամբողջականությունը։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախարարը կոչ կանի հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։

Հայաստանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոլոնան կայցելի ԵՄ դիտորդական առաքելության՝ Ջերմուկ քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։