Կասեցվել է փքաբլիթի և կարկանդակի արտադրամասի գործունեությունը Երևանում. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գեղանուշ Գալստյանին պատկանող փքաբլիթի և կարկանդակի արտադրամասում (ք․ Երևան) և պարզել, որ առկա են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ հատակի և պատերի անջրանցիկ մակերևույթը եղել է վնասված, արդյունքում՝ պատշաճ լվացում և ախտահանում չի իրականացվել, արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,

սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չի իրականացվել և սահմանված չի եղել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ: