ՌԴ-ի զինվորականներն ու իրավապահները կասեցրին քաղաքացիական պատերազմը. Պուտին

Ռուսաստանի զինծառայողները և ուժային գերատեսչությունների աշխատակիցները զինված խռովության փորձի պահին ջանքեր գործադրեցին մարդկանց անվտանգության պաշտպանության համար և երկիրը փրկեցին քաղաքացիական պատերազմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ելույթ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պահպանության դաշնային ծառայության ստորաբաժանումների առջև, որոնք ապահովել են կարգ ու կանոնը խռովության ժամանակ:

«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից և, ըստ էության, կասեցրիք քաղաքացիական պատերազմը», – ասել է ՌԴ նախագահը:

Ներկա գտնվողները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են խռովարարներին դիմակայելու ընթացքում զոհված օդաչուների հիշատակը:

«Ուժային կառույցների արագ և ճշգրիտ տեղակայումը հնարավորություն տվեց կասեցնել երկրում իրավիճակի ծայրահեղ վտանգավոր զարգացումը, կանխել խաղաղ բնակչության շրջանում զոհերը», – նշել է Պուտինը։