«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը
– «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, անտեսեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ և նրանց ընտրեցին ՍԴ դատավորներ: Սպասելի՞ էր պատգամավորների կողմից նման արհամարհանքը ձեր հանձնաժողովի նկատմամբ:
– Ես այդպիսի որակումներ չէի տա, որովհետև օրենքով նախատեսված է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խորհրդատվական բնույթի եզրակացություն է տալիս՝ իհարկե պահպանելով իշխանությունների տարանջատման սկզբունքը:
Այսինքն՝ մեր հանձնաժողովը չի միջամտում որևէ մարմնի լիազորությունների, որին վերապահված է ընտրել այս կամ այն պաշտոնյային: Մեր հանձնաժողովն այդ մարմինների փոխարեն որոշում չի կայացնում, դրա համար էլ եզրակացությունը խորհրդատվական բնույթի է:
Բայց այդ խորհրդատվական բնույթը բովանդակային տեսանկյունից տալիս է տվյալների այն համակցությունը, որով այդ որոշում կայացնող մարմինը կրում է պատասխանատվություն:
Այդտեղ մեր հանձնաժողովը ո՛չ անտեսվեց, ո՛չ արհամարհվեց: Այստեղ հստակ հանձնաժողովի մասնագիտական գնահատականը և խորհուրդը որպես այդպիսին չընդունվեցին որոշում կայացնողների կողմից, և պատասխանատվությունը կոնկրետ կադրի հետագա գործողությունների համար մնում է որոշում կայացնող մարմնի վրա՝ կապված այդ համակարգում կոռուպցիոն տարբեր դրսևորումների հետ՝ լինի ֆինանսատնտեսական գործողություն, օրինակ՝ որոշումների կայացման մեջ շահերի պաշտպանության, կոնկրետ խմբի կամ կոնկրետ անձանց հետ այլ տեսակի կապերի, այլ տեսակի գործողությունների հնարավոր սցենարի դեպքում:
Փաստացի այդ տվյալները, եկեք չմեկնաբանեմ, թե ինչ եզրակացություն է տվել հանձնաժողովը, բայց ամեն դեպքում այն կարծիքը, որում արտացոլվել են փաստեր, գնահատականներ կոնկրետ անձանց վերաբերյալ, ստացվում է, որ որոշում կայացնողը հաշվի չառավ:
Պատասխանատվությունը մնում է որոշում կայացնողի տիրույթում, այստեղ մեր հանձնաժողովը ո՛չ կմիջամտի, ո՛չ հետագայում դրա վերաբերյալ ինչ-որ վերաբերմունք կարտահայտի:
Մենք միայն անում ենք ուսումնասիրությունը, տալիս ենք կարծիքը: Այստեղ կարևորն այն է, որ հանձնաժողովն իր հնարավորությունների ու լիազորությունների սահմաններում կարողանում է դրսևորել վարքագիծ, որը երբեմն կամ գուցե շատ հաճախ չի նույնականանում այն մարմնի դիրքորոշման հետ, որը վերջնական որոշում է կայացնում:
– Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նման եզրակացությունները հաշվի չեն առնվում, նշանակո՞ւմ է արդյոք, որ ինչ-որ առումով ձեր հանձնաժողովի հեղինակությանը հարված է հասցվում:
– Հայաստանում այդ նոր մշակույթի դրսևորումներից է նաև այն հանգամանքը, որ իսկապես մարմինների միջև պետք է դրսևորվեն տարաձայնություններ, տարակարծություններ կոնկրետ երևույթների նկատմամբ:
Հիմա կոնկրետ հանձնաժողովը՝ որպես մարմին, իր լիազորությունների շրջանակում ունի հստակ այդ մոտեցումը, և պարտադիր չէ, որ մեր և որոշում կայացնող մարմնի դիրքորոշումը նույնականանա: Ես խնդիր չեմ տեսնում մեր հանձնաժողովի գործողությունների մեջ:
Եթե պատասխանատվության տեսանկյունից դա լիներ մեր վարույթը, որտեղ մենք տալիս ենք եզրակացություն կոնկրետ անձի գործողության վերաբերյալ, տալիս ենք որոշում վարույթի վրա հիմնված խախտում արձանագրելու մասով, ես շատ ավելի հակված կլինեի ամբողջ պատասխանատվությունը վերցնել մեզ վրա, մեկնաբանել նույնիսկ արդեն կայացված որոշումը, փորձել հանրային հարթակին հասանելի դարձնել այն պարզաբանումների միջոցով, թե ինչո՛ւ հանձնաժողովը որոշեց՝ խախտում կա կամ խախտում չկա:
Բայց քանի որ այս պահին դա մեր եզրակացության մեջ որևէ ձևով չի մտնում, հետևաբար, որոշման բացատրության, պարզաբանման արդյունքների մասին հավելյալ տվյալներ ներկայացնելու պարտավորություն կրում է այն մարմինը, որը կայացրել է այդ որոշումը:
Հանձնաժողովը որևէ ձևով չի խուսափի իր լիազորությունների շրջանակում կատարած քայլերից, չի չարաշահել որևէ տեսակի գործողություն, չի իրականացրել գործողություն, որը որպես այդպիսին հնարավոր չլինի բացատրել, պարզաբանել: Եթե օրենքը թույլ տար, մենք մեծ պատրաստակամությամբ կբացեինք յուրաքանչյուր փաստին տրված կշիռը քանակական ու որակական տեսանկյունից, կդարձնեինք հանրային քննարկման առարկա ու կբացատրեինք, թե մեր դիրքորոշումն ինչպիսին է եղել:
Բայց այս պահին, ցավոք սրտի, օրենսդրական տեսանկյունից մենք դրա հնարավորությունը չունենք:
– Այս առումով կա՞ օրենսդրական բաց:
– Ես չգիտեմ, մենք կիրառող մարմին ենք, երևի թե Ազգային ժողովը պետք է պատասխանի, թե ինչո՞ւ, օրինակ՝ այդ եզրակացությունների հրապարակման սահմանափակում է դրված:
Այո՛, կան այնտեղ հսկայական ծավալի անհատական տվյալներ, ինչը ողջամիտ է, որ չհրապարակվի, քանի որ դա մարդու իրավունքի խախտում կդիտվի, բայց գուցե կարելի է հասանելիություն ապահովել եզրակացության գոնե եզրափակիչ հատվածին, հանձնաժողովի տված կարծիքին:
Գուցե ձեր միջոցով սա դառնա հանրային նոր դիսկուրսի առարկա Ազգային ժողովի, Կառավարության, հանձնաժողովի մասնակցությամբ: Մենք ավելի քան բաց ենք և պատրաստ ենք այդ տեսակի քննարկման մասնակցելու, ներկայացնելու մեր մոտեցումները:
Բայց այս պահի կարգավորումներով առաջնորդվում ենք նրանով, որ այդ եզրակացությունը հանձնաժողովը հրապարակային չի դարձնում:
Մանե Հարությունյան
MediaLab.am