Թուրքերը նորից կոչ են անում փակել հայկական ԱԷԿ-ը. «Ազատություն»

Թուրքիայի խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը կոչով դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ պահանջելով ձեռնարկել Հայաստանում գործող ատոմակայանը փակելու միջոցներ:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Թուրքիայի խորհրդարանում նշել են, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա։

Թուրքիայի քաղաքացիների դիմումները քննարկող Ազգային մեծ ժողովի խնդրագրերի հանձնաժողովը նշել է, որ անցկացվել է ճառագայթային արտակարգ իրավիճակների սեմինար, որի նպատակն էր տեղեկատվական օգնություն տրամադրել Իգդիրի բնակիչներին:

Թուրքիայի առողջապահության նախարարության հետ պայմանավորվածությամբ հատկացվել են յոդի պատրաստուկներ, ապահովվել է դրանց բաշխումն ու պահպանումն անհրաժեշտ վայրերում։

Միջոցներ են ձեռնարկվում նաև տեղական մակարդակով ռադիացիոն վթարի դեպքում գործողություններ իրականացնելու համար:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ ԱԷՄԳ-ն և ԵՄ-ն հանգել են այն եզրակացության, որ Մեծամորի ՀԱԷԿ-ի անվտանգության կարգավիճակը չի համապատասխանում արդիական պահանջներին:

ԱԷՄԳ-ն շարունակում է ջանքեր գործադրել հայկական ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված հարցերը լուծելու համար: ԱԷՄԳ-ի աշխատակիցները պարբերաբար ստուգումներ են իրականացնում Հայաստանում:

«Այդ ատոմակայանը ռիսկի գործոն է ողջ տարածաշրջանի համար։ Նշված վտանգների մասին Թուրքիան խոսում է ինչպես ԱԷՄԳ-ի համաժողովներում, այնպես էլ միջազգային այլ հարթակներում»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը պնդել է, թե ՀԱԷԿ-ը պետք է փակել:

«Դրա հետ կապված հարցը կշարունակի մնալ մեր երկրի ուշադրության կենտրոնում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: