Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի ֆոնին շրջանառվող տեղեկությունները, թե դրա պատճառը մասնաշենքում տեղակայված քիմիայի ֆակուլտետի նյութերն են, չի համապատասխանում իրականությանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն՝ ընդգծելով, որ նախնական վարկածով հրդեհի պատճառը հոսանքի տատանումներն են:
«Այսօր առավոտյան ԵՊՀ առաջին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում, որը նախատեսված է պոմպակայանի համար և ծառայել է նաև հանդերձարան մեր աշխատակիցների համար, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով, ցավոք, ունենք զոհ և վիրավորներ: Շրջանառվող վարկածները, թե մասնաշենքում տեղակայված քիմայի ֆակուլտետի նյութերն են այվել կամ պայթյունի հանգեցրել, չենք հաստատում: Ոչ մի քիմյական նյութ չի այրվել»,- մանրամասնեց Միսակյանը։
Միսակյանը նաև հայտնեց, որ զոհը ԵՊՀ տնտեսական համակազմի աշխատակիցներից է, տուժածների շարքում դասախոսներ և ուսանողներ չկան: