Շները հետապնդել են, երեխան ընկել է. մահացած տղայի հայրը մանրամասներ է պատմում ողբերգական դեպքից. Factor

Արարատի մարզի Սուրենավան համայնքում առավոտյան տեղի ունեցածը ցնցել է բոլորին: Գյուղում պատմում են, որ թափառող շները դպրոց գնալու ճանապարհին հետապնդել են 7-ամյա Ալիկին ու ևս երկու երեխայի, այդ թվում՝ նրա քրոջը: Երեխաները կարողացել են փախչել, իսկ Ալիկը վազելիս սայթաքել է, ընկել ու մահացել:

Ալիկի հայրը Factor TV-ին պատմեց, որ մինչ շտապօգնության ժամանելը՝ ինքն ու կինն են հասել դեպքի վայր:

«Ես տանն էի, հարևանի երեխեն եկավ ասաց՝ Ալիկը գետնին ընկած ա, հասա, երեխեն աչքերը բաց, թեթև խռխռացնում էր, ես չպատկերացրի՝ ինչ ա էդ պահին կատարվում»,- պատմում է տղամարդը։ Երեխայի պապն ասում է՝ շներն են եղել իր թոռան մահվան պատճառը: Մամուլում նախ տեղեկություններ էին տարածվել, որ երեխան մահացել է շան կծելու հետևանքով։ Մեր նկարահանման ընթացքում ականատեսները նաև այլ վարկած էին առաջ քաշում, որ տղայի սիրտը կանգ է առել վախից։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ, ըստ էության, հերքեց այս վարկածները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ թափառող շները հարձակվել են երեխաների վրա, նրանք վազել են, 7-ամյա տղան սայթաքել է, ընկել՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին:

«Արարատ» բժշկական կենտրոնից Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզ կլինեն վաղը։

Մանրամասները՝ տեսանյութում։