ՀՀ ՔԿ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների մասունքների փոխանցմանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, նկատի ունենալով լրատվամիջոցներից ստացված հարցումները, տեղեկացնում է․

«Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։

2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը»,- գրել է Աբրահամյանը։