Հայկ Հարությունյանը ԱԺ հանձնաժողովում ասել էր, որ Մարտի 1-ին դիպուկահար է եղել և վնասազերծել է ինչ-որ մեկին. Սամվել Նիկոյան. Տեսանյութ

Հայկ Հարությունյանը ԱԺ հանձնաժողովում ասել էր, որ Մարտի 1-ին դիպուկահար է եղել և վնասազերծել է ինչ-որ մեկին. Սամվել Նիկոյան. Տեսանյութ
Հայկ Հարությունյանը ԱԺ հանձնաժողովում ասել էր, որ Մարտի 1-ին դիպուկահար է եղել և վնասազերծել է ինչ-որ մեկին. Սամվել Նիկոյան. Տեսանյութ

2008-2009 թվականներին գործող՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ կասկածներ չի՞ ունեցել, որ ժամանակին հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը կեղծված են եղել, ինչպես պնդում է ՀՔԾ-ն՝ ըստ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի, ասաց.

«Հանձնաժողովը չէր կարող կասկածել, հանձնաժողովը պետք է դիմեր պետական մարմիններին, և պետական մարմինները պետք է պատասխանեին սահմանված ժամկետում»։ Հստակեցմանը՝ նշանակո՞ւմ է, արդյոք, որ Մարտի 1-ի գործով ԱԺ հանձնաժողովի զեկույցները նույնպես արժանահավատ չեն, եթե հիմնվել են այդ փաստաթղթղերի վրա, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Դիմել ենք հրապարակային, պատասխանը ստացել ենք։ Հանձնաժողովը լիազորված չէր քննելու՝ դա այդպե՞ս է, թե՞ այդպես չէ։ Եղել են փաստեր, որ մենք մերժել ենք։ Եթե հիշում եք, Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում զենք գտնվեց, ներարկիչներ, թմրանյութեր։ Պետական տեսակետն այն էր, որ դա ցուցարարներինն է, հանձնաժողովը դիմեց և պահանջեց հիմքերը՝ մատնահետքեր, փորձաքննության արդյունքներ, և մեզ բավարար տեղեկություն չտրվեց: Ապա հանձնաժողովը հրապարակային հայտարարեց, որ պաշտոնական տեսակետը, թե դա պատկանում է ցուցարարներին, հիմք չի հանդիսանում։ Չընդունեցին այդ վարկածը, որովհետև ապացույցներ չկան»։ Ըստ Նիկոյանի՝ ԱԺ հանձնաժողովը հանգել էր եզրակացության, որ Մարտի 1-ին արտակարգ դրությունը Ռոբերտ Քոչարյանը պետք է անգամ 2 ժամ շուտ հայտարարեր։

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որին օրեր առաջ մահացած գտան, ԱԺ հանձնաժողովում հայտարարել էր, որ մարտի 1-ին դիպուկահար է եղել։ «Նպատակաուղղված կրակոցներ  տեղի չեն ունեցել՝ բացառությամբ դիպուկահարի, թեկուզ դրա իրավական հիմքերը կային»,- ասել էր Հայկ Հարությունյանը։ Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ Հայկ Հարությունյանը ստիպված էր լինելու դատարանում նոր բացահայտումներ անել, Նիկոյանը պատասխանեց. «Այո՛, այդ պատասխանում եղել է, որ նա վնասազերծել է ինչ-որ մեկին: Դիպուկահարը վնասազերծել է ինչ-որ մեկին, որը կրակել է Լեո փողոցի վրա կանգնած Ներքին զորքերի ուղղությամբ։ Վնասազերծել է նրան, որը վիրավոր վիճակով փախել է։ Որևիցե պետական մարմին դիպուկահարի լինելը չի հերքել»։ Քննչական կոմիտեն օրերս հայտարարեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Խոսքը  զինվորականներին բնակարանների հատկացման գործով չարաշահման մասին է։

Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ անգամ ՀՀԿ վերնախավը չի խորշել կեղծիքներից ու կոռուպցիայից, կուսակցության գործադիր մարմնի անդամը հայտարարեց. «Դա չի նշանակում: Սա նշանակում է քաղաքական հայտարարություն։ Վիգեն Սարգսյանը մաքրամաքուր տղա է։ Հազար մարդու գումարես, նրա ինտելեկտը չունի։ ՀՔԾ-ն ավելի լավ քաղաքական հայտարարություններ է անում, քան քաղաքական գործիչները: Ցավում եմ, որ ՀՔԾ-ն մտել է քաղաքական հայտարարությունների դաշտ»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։