«Մինչև այժմ հասարակությունը չի կանգնել ու միահամուռ չի ասել, որ թագավորը ԶԼՄ դաշտում էլ մերկ է»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մինչև այժմ հասարակությունը չի կանգնել ու միահամուռ չի ասել, որ թագավորը ԶԼՄ դաշտում էլ մերկ է, ինչպես որ դա նա արեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ 1.5 տարի առաջ՝ երկրի ղեկավարության ու քաղաքական դաշտի մասով:

Նայելով Հայելու առջև երիտասարդների ակցիան՝ այդտեղ այդ ճիչը նկատեցի: Տասնամյակներով կայքերն ու ԶԼՄ-ները բազմացել են այնպես, ինչպես բիզնես օբյեկտները, թեպետ դա խանութ չէ, որ շահութաբեր լինի: Բազմացել են, որովհետև դա էլ ընտրությունների ու քաղաքականության նման բիզնես է եղել. ակումբ կամ կայք են բացել, կպցրել մի հանցագործ փողատիրոջ, նրա պատվերները կատարել, կամ սկսել են գրել կլիենտի դեմ, հետո կլիենտին շանտաժ արել, որ նրա մասին չեն գրի, եթե վճարի.․․ Այսպիսի գործերով և՛ ծեծված ու դատված խմբագիրներ կան, և՛ ծեծված ու դատված լրագրողներ…

Ու տասնամյակներով հասարակության համար «նորմա» է դարձվել, որ լրատվամիջոցները կարող են ամենավերջին կեղտը, զրպարտությունը թափեն քաղաքական գործիչների, պատվիրատուների թիրախների հանդեպ, իրենց պատվերներով կամ անմեղսունակությամբ երբեմն վտանգեն ազգային անվտանգություն, բառիս բուն իմաստով լրագրողական քիլլերությամբ զբաղվեն, իսկ նրանց պատասխանելը՝ այդ թվում կոշտ, անգամ հայհոյանքով, նրանց դեմ ակցիաները, օյ, օյ, օյ, ոտնձգություն են ԶԼՄ-ների դեմ:

Ասածս ամենևին այն չէ, որ այս անգամ էլ «նորմա» դարձվեն քաղահասարակության ինստիտուտների դեմ ակցիաները, ինչպես որ «նորմա» դարձվեց լրագրողական անառակություն, պոռնկությունը կամ քիլլերությունը: Բայց հեղափոխությունը պետք է ներխուժի նաև ԶԼՄ դաշտ: Պետք է վերացվեն նման գործունեությամբ զբաղվելու ու փող վաստակելու մոտիվացիաները: Իսկ դրա համար, այո, պետք է փոխվի օրենսդրությունը: Իմ քայլ խմբակցությունը պարտավոր է օր առաջ ընդունել այդ օրենսդրությունը՝ պարտադրելով լրատվամիջոցներին հրապարակայնացնել թե՛ սեփականատերերին, թե՛ ֆինանսավորողներին: Այդ դեպքում «բիզնես-խմբագիրները» այլևս գործելու դաշտ չեն ունենա՝ ոչ ծեծ կուտեն, ոչ կնվստացվեն, ոչ էլ կդատվեն, որովհետև պատվիրատուներն այլևս ծյոմնի խաղալու դաշտ չեն ունենա, իսկ բաց էլ չեն ցանկանա գործել»։