«Հայաստանում խոսքի ազատությունը ճգնաժամի մեջ է». Ըստ փորձագետների, «մամուլը կամ ճամբարավորված է, կամ վերահսկելի»

«Հայաստանում խոսքի ազատությունը ճգնաժամի մեջ է». Ըստ փորձագետների, «մամուլը կամ ճամբարավորված է,  կամ վերահսկելի»
«Հայաստանում խոսքի ազատությունը ճգնաժամի մեջ է». Ըստ փորձագետների, «մամուլը կամ ճամբարավորված է, կամ վերահսկելի»

«Հայաստանում խոսքի ազատությունը ճգնաժամի մեջ է, մամուլը չի արտացոլում  խոսքի այն ազատությունը, որն ունի հասարակությունը: Հայաստանում մամուլը կամ ճամբարավորված է, կամ վերահսկելի կամ  որոշ դեպքերում` ոչ պրոֆեսիոնալ»:

«Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանի այս կարծիքը ձեւավորվել է մամուլի հետ գրեթե ամենօրյա շփումների արդյունքում:

Նրա խոսքով,  ինտերնետային ԶԼՄ-ների առատությունը  մրցակցություն ու որակ չստեղծեց, իսկ հեռուստաընկերությունների գործունեությունն ընդհանրապես, հուսադրող չէ:

Նշենք, որ ամբողջ աշխարհում մայիսի 3-ին նշում են Մամուլի ազատության միջազգային օրը: Այն հռչակվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով: 

Հայաստանի Սահմանադրությունն ամրագրում է խոսքի ազատության իրավունքը: Սահմանադրության 27-րդ հոդվածում նշված է.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը»։

Սահմանադրության այս դրույթն, ըստ փորձագետների, Հայաստանում չի իրացվում: 

«Ինֆորմացիոն դաշտը փորձում են լցնել նույն կենտրոնին ծառայող բազմաթիվ լրատվամիջոցներով` բազմազանության տպավորություն ստեղծելու նպատակով, որպեսզի ինֆորմացիոն հոսքերը լինեն այնպիսին, ինչպիսին իրենց է հարկավոր: Հեռուստաընկերություններից ընդհանրապես հույսներս կտրել ենք, նրանք թույլատրելի ազատ են, կան շրջաններ, երբ նրանց թույլատրված է որոշակի ազատություն, բայց դա այն շրջանն է, երբ իշխանությունը որեւէ վտանգ չի զգում կամ մոնիտորիգնի տակ է եւ փորձում է այլ ձեւերով ազդել ինֆորմացիոն տարածության վրա»,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ինչպես նախկինում,  այնպես էլ հիմա, Հայաստանյան հեռուտատեսությունը ազատ չէ: 

«Երեւանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը շեշտում է` Հայաստանում հսկողության տակ է ոչ միայն հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը , այլեւ հեռարձակվող հեռուստաընկերությունների գործունեությունը:

«Պարզ է, որ  հեռուստաընկերությունը լիցենզիա կարող է ձեռք բերել միայն այն դեպքում, երբ ապացուցում է իր լոյալությունը իշխանությանը: Հեռուստաընկերությունները  հիմնականում ներկայացնում են այնպիսի տեսակետներ, որոնք մեր բիզնես եւ քաղաքական էլիտայի շահերից են բխում: Բազմազանության մասին այս տեսակի լրատվամիջոցների դեպքում շատ դժվար է խոսել»,-«Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, հեռուստաընկերություններն այսօր երկու խնդիր են լուծում` տեղակատվական եւ քաղաքական  հաղորդումներում այնպիսի բովանդակություն առաջարկել հանրությանը, որը բխում է իրենց  տերերի շահերից, եւ երկրորդը` զվարճալի եւ այսպես ասած, «օճառային օպերաների» ձեւով  փորձել գովազդի շնորհիվ գումարներ աշխատել:

«Այն կարեւոր առաքելությունը, որ պետք է  հեռուստաընկերությունը կատարի, այսինքն, ապահովի լայն հասարակության  տեղեկատվական պահանջարկը, շատ սահմանափակ կերպով է կատարում: հեռուստաընկերությունները դիտվում են որպես քաղաքական հզոր գործիք եւ գտնվում շատ խիստ հսկողության տակ եւ բազմազան տեղեկատվություն ապահովել չեն կարող հենց իրենց սեփականատերերի քաղաքականության շնորհիվ, որոնք սեփականատերերը ներկայացնում են հայաստանյան օլօգարխիկ քաղաքական էլիտան»,-նկատում է Բորիս Նավասարդյանը:

«Երեւանի մամուլի ակումբի» ղեկավարը ցանցային ԶԼՄ-ների ազատության աստիճանն ավելի բարձր է համարում` անկախ այն հանգամանքից, որ նրանք եւս գտնվում են քաղաքական որոշակի ազդեցությունների տակ կամ ուղղակի պատկանում են քաղաքական ու օլիգարխիկ էլիտային:

Պատճառը, Բորիս Նավասարդյանի խոսքով, այն է, որ ցանցային ԶԼՄ-ները չեն համարվում այնպիսի գործիք, որը  շատ մեծ ազդեցություն է ունենում հանրային կարծիքի վրա,  թեեւե ի տարբերություն ԶԼՄ-ների այլ տեսակների , հենց նրանց լսարանն աճի միտում ունի :

Մեդիափորձագետը որոշակի առաջընթաց է նկատում նաեւ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի նվազման տեսանկյունից:

«Եթե համեմատենք տասը տարի առաջ եղած իրավիճակի հետ, տեղաշարժ կա»,-կարծում է Բորիս Նավասարդյանը:  

Նշենք, որ  հեղինակավոր Freedom House-ի ` մամուլի ազատության տարեկան զեկույցի համաձայն` մամուլի ազատությունը նահանջ է գրանցել ամբողջ աշխարհում:

Պետությունների միայն 32 տոկոսն ունի ազատ մամուլ, 35-ում մամուլը մասամբ է ազատ, 33 տոկոսում ազատ չէ: Հայաստանը այս երկրների ցանկում 2013-ին եղել է 134-րդը: Սա նշանակում է, որ Հայաստանը մամուլի ազատության բնագավառում առաջընթաց չի գրանցել, թեեւ հետընթաց նախորդ տարիների համեմատ, նույնպես չկա: Թեեւ մամուլի ազատության վիճակը, համաձայն միջազգային զեկույցների բարելավվել է, նվազել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերը, բայց որակական  փոփոխություն, չի արձանագրվել:

Իշխանություններն, ըստ Ստեփան Սաֆարյանի, պարզապես հասկացան, որ ինտերնետի դարում ծեծը արդյունք չի բերում եւ հակառակ էֆեկտն է ունենում, ուստի, գրաքննության եւ ազդեցության ավելի հղկված մեթոդներ  են կիրառում :

«Սա լավ է գոնե այն տեսանկյունից, որ  լրագրողներն իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զերծ են մնում բռնության ենթարկվելու վտանգից, բայց միեւնույնն է սա չի բերում ոչ ինֆորմացիոն  դաշտի որակի բարձրացմանը, ոչ խոսքի ազատության»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am