«Եթե ռուբլու փոխարժեքը շարունակի անընդհատ նվազել, ազդեցությունը զգալի կլինի Հայաստանի տնտեսության վրա»․ Կարեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, արևմտյան երկրների կողմից կիրառվող ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները ի՞նչ ազդեցություններ են ունենալու Ռուսաստանի Դաշնության վրա։

– Պետք է նկատի ունենալ, որ այդ պատժամիջոցների մի մասը նախկինում կիրառվել է, ուղղակի հիմա ավելի ընդլայնված սպեկտրով է, այս պարագայում Ռուսաստանի տնտեսությունն արդեն որոշակի իմունիտետ ունի նման պատժամիջոցների նկատմամբ։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանը, ի տարբերություն այլ պետությունների, էներգետիկ, պարենային ու հումքային անկախության մեծ աստիճան ունի, և պատժամիջոցների ազդեցությունը թե՛ տնտեսության, թե՛ բնակչության կենսամակարդակի վրա այդքան շատ չի զգացվի։ Իհարկե, պատժամիջոցներն ունենալու են իրենց բացասական հետևանքները, սակայն Ռուսաստանի տնտեսությունը չի ցնցվելու կամ ճգնաժամային իրավիճակ չի ստեղծվելու։

Սկսած անցած տարվա կեսերից կա նավթի գների բավական բարձր դինամիկա, իսկ Ռուսաստանը նավթի խոշոր արտահանողներից է, և այս գործոնի դրական ազդեցության շնորհիվ Ռուսաստանն ունի նաև մեծ աջակցություն արտարժութային մուտքեր ապահովելու, և ցանկացած պահի, եթե ռուբլու խիստ անկում սպառնա, ռուսական բանկը, ինչպես երեկ կատարվեց, արժութային ինտերվենցիաների միջոցով դոլարային այդ մեծ զանգվածը կարող է ներարկել շուկա ու բավարարել բանկերի իրացվելիությունը և խուճապային այդ տրամադրությունները զսպել։


– Այսինքն՝ ռուսական ռուբլու արժեզրկումն է՞լ այդքան մեծ սպառնալիք չի լինի։

– Չէ՛, կարևորը ունեն հնարավորություններ, Ռուսաստանն այս ընթացքում կուտակել է մեծ արտարժութային պաշար (կառավարության կայունացման ֆոնդի միջոցներն են, որոնք նավթի, գազի և այլ հումքային ապրանքների վաճառքից ստացված հասույթներն են)։

Այս պարագայում, կարծում եմ, որ որևէ մեծ խնդիր, դոլարային պակասուրդ, որը կարող է ազդել ռուբլու փոխարժեքի վրա, չի լինի, բացի այդ, Ռուսաստանն ունի ոսկու մեծ պաշարներ, որոնք ներքին ֆինանսական շուկան կարող են ցնցումներից զերծ պահել։ 

– Պարո՛ն Սարգսյան, իսկ ռուբլու արժեզրկումը, ՌԴ-ի դեմ կիրառվող այդ պատժամիջոցները ինչպե՞ս են ազդելու Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։

– Եթե ռուբլի-դոլար փոխարժեքի տատանումները կարճաժամկետ բնույթ կրեն, Հայաստանի վրա զգալի, շեշտակի ազդեցություն չեն ունենալու, սակայն եթե երկարաժամկետ կտրվածքով այս տատանումները պահպանվեն, այլ ֆորսմաժորային իրավիճակներ ի հայտ գան, ու ռուբլու արժեզրկումը շարունակվի, և նույնիսկ Կենտրոնական բանկի միջոցառումներն իրենց արդյունքը չտան, ապա այդ պարագայում կարժեզրկվի նաև Հայաստանից արտահանվող ապրանքներից ստացված հասույթները, քանի որ դրանց իրական արժեքը նվազելու է, նաև մեր ազգաբնակչության զգալի հատվածի կողմից ստացվող տրանսֆերտների գումարները, որոնք շուրջ 15% են կազմում, եթե ոչ ավելի։ Այդ խավի վճարունակությունը, եթե ռուբլու արժեզրկումը երկարատև բնույթ կրի, ապա էականորեն կնվազի։

– Երկարաժամկետ կտրվածքը ասելով՝ որքա՞ն ժամանակահատված նկատի ունեք։

– Ռուբլու փոխարժեքի կայունացում, օրինակ՝ այսօր արդեն իսկ նկատվում է, Կենտրոնական բանկի երեկվա միջոցառումներից հետո 1 դոլարի դիմաց այսօր փոխարժեքը կազմել է 83 ռուբլի, իսկ նախկին փոխարժեքը՝ մինչ այս իրադարձությունները, կազմել է 72-73։

Մեկ շաբաթ, տասը օրվա ընթացքում, եթե ռուբլին վերադառնա եթե ոչ իր նախկին փոխարժեքին, ապա դրան մոտ կայուն փոխարժեքի, ապա Հայաստանի վրա ազդեցություններն այդքան զգալի չեն լինի, իհարկե ոչ էական վնասներ կլինեն։ Բայց եթե չհաջողվի պահպանել ռուբլու փոխարժեքն ու այն շարունակի անընդհատ նվազել երկարաժամկետ կտրվածքով, այսինքն՝ մեկ ամիս և ավելի, ապա ազդեցությունը զգալի կլինի Հայաստանի տնտեսության վրա։

– Բանկային ոլորտում կիրառվող պատժամիջոցների մասին կխնդրեմ մանրամասնեք, ի՞նչ են իրենցից ենթադրում դրանք, ու նաև քննարկվում է SWIFT համակարգից ՌԴ-ին դուրս թողնելու հարցը, սա ի՞նչ հետևանքներ է ունենալու։

– Մեծ Բրիտանիայում ВТБ-ի նկատմամբ է պատժամիջոց է կիրառվել, ու արգելվել է իրենց հետ գործարքներ իրականացնել, մյուսը՝ DER բանկի նկատմամբ է կիրառվել՝ եվրոպական այլ երկրների կողմից։ Նաև ֆինանսական շուկաներում թե՛ Ռուսաստանի պետական արժեթղթերի, թե՛ կոմերցիոն արժեթղթերի տեղաբաշխման արգելքն է կիրառվել, որը ևս ֆինանսական պատժամիջոցներից է համարվում, որոնք որպես պատժամիջոցների նոր փաթեթ կիրառվելու են այսուհետ։

Ռուսաստանի քաղաքացիների ավանդների վրա են որոշակի սահմանափակումներ դրել Մեծ Բրիտանիայում, եթե չեմ սխալվում՝ 25000 ֆունտ ստեռլինգից ոչ ավելի ավանդ չեն կարող ներդնել այնտեղի բանկերում։ 

Քննարկվում է նաև SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելու հարցը նաև․ SWIFT համակարգը միջազգային բանկային փոխանցումների համակարգ է, որի միջոցով իրականացվում են տարբեր պետություններում գտնվող բանկերի միջև այդ գործառույթները։

Ըստ էության, եթե Ռուսաստանին անջատեն այդ համակարգից, ապա Ռուսաստանը չի կարող ոչ միայն արևմտյան պետությունների հետ գործարքներ իրականացնել, այլ նաև Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և այլ պետությունների հետ, ինչը վնասելու է նաև այդ պետություններին։

Այսինքն՝ սա միակողմանի պատժամիջոց չէ, դրա համար էլ այս հարցի քննարկումը անընդհատ հետաձգում են, որովհետև լավ գիտեն, որ դրա բացասական ազդեցություններն ամբողջ համաշխարհային ֆինանսական շուկայի վրա է լինելու, ի վերջո, սա կարող է հանգեցնել նոր ֆինանսական ճգնաժամի։ SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը ոչ այնքան Ռուսաստանին է վնասելու, որքան ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգին։

– Պարո՛ն Սարգսյան, Հայաստանը նաև Ուկրաինայի հետ ունի տնտեսական կապեր, այնտեղ կատարվողն ի՞նչ հետևանքներ կունենա։

– Հայաստանի համար այդպես առաջնային նշանակություն չունի Ուկրաինան, ինչպես Ռուսաստանն է, արտահանման առումով։ Ուկրաինայից հիմնականում Հայաստան է ներմուծվում սննդամթերք, կարծում եմ՝ խոշոր ազդեցություն չենք զգա, որովհետև այդ ապրանքները կարող ենք ձեռք բերել այլընտրանքային շուկաներից։ Տնտեսվարողները, հնարավոր է՝ վնասներ կրեն, միկրոմակարդակով հնարավոր են խնդիրներ, բայց, խոշոր հաշվով, սա գլոբալ ազդեցություն չի ունենալու մեր տնտեսության վրա։

– Իսկ կատարվող գործընթացները Հայաստանում կարո՞ղ են նոր գնաճի հիմք հանդիսանալ։

– Եթե երկարաժամկետ հատվածում այս տատանումները պահպանվեն, ու ներքին շուկայում այն ապրանքները, որոնք մենք ներկրում ենք այդ երկրներից, բնականաբար, կթանկանան նաև Հայաստանի համար։ 

Բայց, կարծում եմ, հարցը դրան չի հասնի, ու ռուբլին այնքան չի արժեզրկվի, որ դրա հետևանքով ներքին շուկայում գները բարձրանան, ինչը նաև Հայաստանում կբերի գնաճի, եթե իհարկե նոր ֆորսմաժորային իրավիճակներ չարձանագրվեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am