207 մլն դրամ է տրվել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին պետբյուջեից առանց մրցույթի։ Գումարը ՀԿ-ին տրվել է 2020-2025 թվականներին։ Այս մասին գրում է Factor.am-ը ՝ հղում անելով վարչապետի աշխատակազմից ստացած գրավոր հարցմանը։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ կառավարությունն այդ գումարը ՀԿ-ին հատկացրել է գաղտնի որոշումներով, դրանք վարչապետի աշխատակազմը գաղտնազերծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի և խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո՝ հետևյալ հիմնավորմամբ։ «2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված՝ կարիքի հրատապությունն ու ուսումնասիրված խնդիրների զգայունությունն էապես կորցրել են իրենց սրությունը։ Ուստի՝ հայցվող տեղեկատվության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կետերը գաղտնազերծվել են՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ օբյեկտիվ հանգամանքերի փոփոխությունը, որի հետևանքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար»,- ասված է վարչապետի աշխատակազմից Factor.am-ին փոխանցված պատասխանում։ Իսկ թե «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ն պետբյուջեից առանց մրցույթի ստացված գումարներով ինչ աշխատանք է կատարել, որոնք համարվել են պետական գաղտնիք, կամ՝ այն ինչ կապ ունի վաշինգտոնյան իրադարձությունների հետ, կառավարությունը չի բացահայտել։ Այս հարցով դիմել ենք ՀԿ-ին, որտեղից միայն գրավոր տարբերակով են ցանկացել պարզաբանել։
Վարդան Ազատյանը 2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ կառավարության նիստում նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր։ Ստացվում է՝ նշանակումից հետո էլ շարունակել է մեկ տարուց ավելի լինել իր հիմնադրած ՀԿ-ի ղեկավարը։ Վարդան Ազատյանը կառավարության 2025 թվականի հունվարի 30-ի նիստում նշանակվել է Հանրային խորհրդի անդամ։ Նա 2019 թվականին՝ հեղափոխության մեկ ամյակի առթիվ, հեղինակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։ Factor.am-ն այսօր փորձեց ծանոթանալ բովանդակությանը, սակայն, մի քանի գրախանութներում հայտնեցին, որ գիրքը վաճառքում չկա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:



















